Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔ ՄԻԱՅՆ ԹՂԹԻ ՎՐԱ

Հունիս 20,2002 00:00

ՕՐԵՆՔ ՄԻԱՅՆ ԹՂԹԻ ՎՐԱ Միշտ չէ, որ մենք կարողանում ենք օգտագործել մեր իրավունքները, դառնալ դրանց լիարժեք տերը եւ, դժբախտաբար, առավել հաճախ մեզ տրված է իրավունքը, սակայն դրանից օգտվելու հնարավորություններն են բացակայում։ Դրանում մեկ անգամ եւս համոզվեցինք՝ ծանոթանալով տասնութամյա Հայկ Միրզոյանի հետ։ Նա «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության անդամ է եւ ցանկացած մեկիս նման իրավունք ունի սովորելու բուհում։ Ավելին՝ Հայկն ունի գիտելիքների բավարար պաշար, որ անհրաժեշտ է դիմորդին։ Սակայն նա ունի շարժման սահմանափակումներ, որ թույլ չի տալիս լիարժեքորեն տեր կանգնել իր բոլոր երազանքներին։ Հայկը կրթություն ստացել է օժանդակ դպրոցում, այժմ մասնակցում է հիշյալ կազմակերպության անգլերենի եւ համակարգչային դասընթացներին, նա կատարյալ տիրապետում է ռուսերենին եւ խոսում անգլերեն, վարում է «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի ռոք երաժշտության բաժինը։ Այստեղ կազմակերպվում են նաեւ դեբատներ՝ տարբեր թեմաներով, սակայն պետք է նշեմ՝ թեմաները, որ հետաքրքրում են Հայկին, չափազանց բարդ են եւ մյուս երեխաների համար թերեւս ոչ այնքան մատչելի, ու դրանք Հայկը քննարկում է միայն ինքն իր հետ։ Դրանք կրոնադիցաբանական172 հոգեւոր վերլուծություններ ու փիլիսոփայական եզրահանգումներ են, որ արվել են տարիների ընթացքում՝ տարբեր կրոնական գրքերից ու հանրագիտարաններից եւ որոնց մասին Հայկը պատմում է իր գրքում։ Նա ձայնագրել է գրքի արդեն 6 գլուխները եւ երազում է ավարտելուն պես հրատարակել։ Թեեւ դեռ չի պատկերացնում՝ կկարողանա՞ անհրաժեշտ միջոցներ գտնել այդ նպատակով։ Գրքում միաձուլված են կրոնն ու գիտությունը։ Հեղինակը նպատակ ունի ապացուցել, որ կրոնների միջեւ հակասություն չկա, իսկ եթե կան այդպիսիք, ապա դա կրոնի՝ արհեստականորեն քաղաքականացումն է. «Պետությունն այսօր եկեղեցին դարձրել է մի մեծ բանկ, իսկ տերտերներին՝ բանկիրներ։ Մենք պետք է հեռացնենք միմյանցից կրոն եւ քաղաքականություն հասկացությունները. եկեղեցու քաղաքականացումը բերում է աթեիզմի …աթեիստներին ուղեղով նորմալ մարդ չեմ համարում, որոնք ասում են, թե Աստված չկա։ Եթե Աստված չկա, ուրեմն դու էլ չկաս…»։ Հայկի մտքերը կարող են ավելի հեռուն գնալ. «Ինչու մարդն Աստծուն չի տեսնում, որովհետեւ նա ապրում է Աստծո մեջ, ինչպես երեխան մոր որովայնում։ Տիեզերքը Աստծո մարմինն է, աստղերը՝ նրա աչքերը, հետեւաբար Աստղագիտությունն Էլ գիտություն է Աստծո աչքերի հետազոտման մասին, ամեն գիտություն Աստծո մարմնի մի մասի ուսումնասիրությունն է…»։ Ինչպես իր ուժերը գնահատող ցանկացած մարդ, Հայկն Էլ մի մեծ երազանք ունի՝ պրոֆեսիոնալ մակարդակի հասցնել իր գիտելիքները, սովորել բուհում, ասենք՝ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում։ Նա այդ իրավունքն ունի. ՀՀ պետական բուհերի ընդունելության կանոններով՝ դիմորդներին տրվող արտոնությունների շարքում ասվում է. «Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին, մրցույթից դուրս ընդունվում են 1172ին եւ 2-րդ խմբերի եւ մինչեւ 16 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար, բժշկական աշխատանքային փորձաքննական հանձնախմբի եզրակացության համաձայն, տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ…»: Սակայն օրենքում չկա ոչ մի ակնարկ այն մասին, թե ինչպես պետք է կազմակերպվեն, ասենք, Հայկի քննությունները, քանի որ նա գրել չի կարող, կամ ինչպես պետք Է սայլակով հաճախի դասերին եւ այլն։ Մեր բուհերում նման ուսանողների կրթությունն ապահովելու համար չկան պայմաններ ոչ ուսումնական ծրագրերի, ոչ էլ շենքային պայմանների առումով։ Սոցապ նախարարության հաշմանդամների վարչությունից տեղեկացանք, որ որեւէ կարգ այս առնչությամբ մշակված չէ, եւ քիչ թե շատ դրական տեղաշարժ կարելի է համարել օրենքում վերջերս առաջարկված «կոսմետիկ եւ դեմոկրատացված» փոփոխությունները։ Օրենքում կատարված հավելումով ամրագրվում է, որ «կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը», այսինքն կառավարությանը ստիպում են օրենքի համապատասխան հոդվածը կիրառելու համար հատուկ կարգ, մեխանիզմ մշակել, թե ինչպես տվյալ երեխան օգտվի իր արտոնությունից։ Ի դեպ, արտոնությունները 1993172ից կան, բայց առկա չեն կիրառման ձեւերը, եւ դա ոչ միայն ֆինանսների, այլեւ մեխանիզմների պակասի արդյունք է։ Կոնկրետ դեպքում՝ արդյո՞ք մեր ուսումնական հաստատություններն ունեն համապատասխան մասնագետներ, որոնք կարող են անհատական ուսուցում կազմակերպել. կա օրենքը, չկա կիրառման եւ ոչ մի մեխանիզմ։ Եվ պետք է խոստովանենք, որ մինչ օրս եթե ինչ-որ բանի հասել ենք, հասել ենք միջազգային ծրագրերով, գրանտներով, ու առանձին դեպքերում էլ հնարավոր է խնդիրը լուծել հենց այս միջոցներով։ Օրինակ, թիվ 26 դպրոցում մի քանի երեխա ուսում է ստանում անհատական կարգով, իսկ բուհերում նման դեպք դեռեւս գրանցված չէ։ 2000-2001 ուստարում բուհ ընդունվել է մոտ 35 հոգի, սակայն նրանց մեջ չկան այնպիսիք, որոնք հատուկ ուսուցման կարիք ունեն։ Կոնկրետ Հայկի դեպքում կա մի «ներքին» մեխանիզմ. պաշտոնական միջնորդություն է արվում կրթության եւ գիտության նախարարությանը, վերջինս ստեղծում է հատուկ հանձնաժողով, որը դիմորդից քննություն կվերցնի կամ քննական հանձնաժողովին ցուցում տա, որպեսզի այդ դիմորդի համար առանձնահատուկ պայմաններ ստեղծվեն։ Առանձնահատուկ, քանի որ այդ երեխաները յուրահատուկ են հենց իրենց առանձնահատկություններով։ Եվ բոլորս էլ պետք է մեր մյուս նպատակների շարքում ունենանք նաեւ այն մեկը, որ կմիաձուլի մեր հասարակությունը։ Չէ՞ որ ողջ մարդկությունը մի մեծ արեւածաղիկ է, որի սերմերը՝ լի ու փուչ, փոքր ու մեծ, բոլորը միասին են ու կազմում են մեկ ամբողջություն, մի գեղեցիկ ծաղիկ, որ մշտապես ձգտում է դեպի արեւը, ինչպես ասվում է «Արեւածաղիկ»172ում։ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել