Լրահոս
Օրվա լրահոսը

Ախ, իմ հայրենիքի լույսը

Հունիս 20,2002 00:00

Ախ, իմ հայրենիքի լույսը «Էներգետիկայի համակարգում գողություն կատարվում է, բայց այնքան էլ հեշտ չէ բռնել գողի ձեռքից, որովհետեւ նա գործարքի մեջ է մյուս կողմի՝ սպառողի հետ»,- այս հայտարարությունը էներգետիկ հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսիսյանինն է։ «Գողություն» կոչվածը կազմում է գերկորուստների 60-70%-ը, մնացածը կապված է հաշվողական համակարգի թերությունների հետ։ Այս տարվա առաջին եռամսյակում գերկորուստների սահմանագիծը նախորդ տարվա համեմատությամբ 1%-ով իջել է՝ կազմելով 11,5% կամ 13-14 մլն դոլար։ Էլեկտրաէներգիայի գողության արտառոց դեպքերը քննվել են եւ վնասը վերականգնվել է որոշ չափով։ Ասենք, որ այդ չափն ընդհանուրի մեջ չնչին տոկոս է կազմում, վերջին տվյալն անցյալ տարվանն է՝ 5-7%։ Պարզից էլ պարզ է, որ «ձախ» ճանապարհով գնացող հիմնական գումարները գերկորուստների անվան տակ հետդարձի կամ վերականգնման հեռանկար չունեն։ Ի դեպ, պարոն Մովսիսյանը չհերքեց այն փաստը, որ հանրությանը ներկայացվող բոլոր թվական տվյալները հաշվարկվում են համակարգում, չկա անկախ փորձագետների մասնակցություն եւ աշխատանք այս գործում, ուստի դրանք կարող են նաեւ ճշմարտությանը չհամապատասխանել (մեղմ ասած)։ «Իմ համոզմունքն է, որ խնդիրը կարող է լուծվել միայն ցանցերի մասնավորեցման ճանապարհով, ռեալ սեփականատիրոջ առկայությունը արմատական փոփոխություն կբերի այս հարցում»,- ասաց Վարդան Մովսիսյանը։ Ասել է թե՝ այն, ինչը պետական է, անտեր է։ Այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք «ռեալ սեփականատեր» «ԱրմենՏելի» օրոք սկիզբ առած ու շարունակվող չարաշահումների եւ կամայականությունների շարքը, երբ բաժանորդը խոսում է 3 րոպե, բայց վճարում 5 րոպեի, իսկ երբեմն էլ՝ չկայացած խոսակցության դիմաց։ Ենթադրե՞լ, որ այս դեպքում էլ համակարգի աշխատակիցը հանցավոր համաձայնության է գալիս ոչ թե սպառողի, այլ՝ իր վերադասի հետ։ Ուրեմն ի՞նչ տարբերություն։ Մեր այն հարցին, թե ի՞նչ մեխանիզմներ են գործում հոսանքի լարման տատանումների պատճառով սպառողի ստացած նյութական վնասի հատուցման համար, էներգետիկ հանձնաժողովի նախագահը տվեց մշուշոտ պատասխան. «Անշուշտ, նման խնդիրներ կան եւ քաղաքացին կարող է բողոքել ու նույնիսկ դատի տալ, բայց մենք չունենք անկախ փորձագետների հանձնաժողով, որ նման վեճերը զննի եւ գնահատական տա, եւ միայն ակնառու դեպքերում է բողոքն արձագանք ստանում»։ Եվ կրկին՝ «այ, որ մասնավորեցվի, ցանցի վիճակն էլ կլավանա, փոխադարձ պարտավորություններն էլ կհստակեցվեն…» եւ այլն, եւ այլն։ Ինչ վերաբերում է գումարների հավաքագրումին, ապա անցյալ տարի այն կազմել է 70-72% կամ 59 մլրդ դրամ, որի մեջ մտնում է նաեւ արտահանվող էլեկտրաէներգիայի վաճառքի գումարը։ Ըստ պրն Մովսիսյանի, համակարգի հաշվարկային շահութաբերությունը տարեկան պետք է կազմեր 2-3%, բայց «փաստացի շահութաբերության մասին խոսելը ծիծաղելի է, քանի որ չվճարումները կազմում են դեռեւս մեծ տոկոս՝ 25-30»։ Այս առումով հատկապես «ռեկորդային» տեղում են համայնքային բյուջետային կազմակերպությունները, որոնց վճարումն այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներով 0 (զրո) է։ Սակայն, ի փառս մեր «լույսի մարդկանց»՝ ասենք, որ հարեւան Վրաստանում չմասնավորեցված ցանցերում հավաքագրումը կազմում է տարեկան 10-12%, իսկ մասնավորեցված հատվածում՝ 50-55%։ Ի դեպ, նշենք նաեւ, որ մեր բնակչության 85%-ն այս հարցում ցուցաբերում է օրինապահության բարձր դրսեւորում։ Պատճառն ակնհայտ է. նրանց համար ոչ մեկը չի կարող վերեւից զանգել կամ բարեխոսել։ Մի «ռուբիլնիկ» չէ՞ եղած-չեղածը, քաշում ես ու՝ վերջ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել