«ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ԳՐԵԼՈՒ ՊԱՀԸ «Այսօր ԱԺ-ում ներկայացված կամ չներկայացված կուսակցություն չկա, որ հաստատ համոզված չլինի Մեղրիի տարբերակի գոյության հարցում: Հիմա այդ մարդիկ լռում են, շատերն էլ ասում են՝ թող ստորագրի, հետո կտեսնեք… Իմ համոզմամբ, քայլեր պետք է ձեռնարկել մինչ այդ»,- երեկ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Վերջինս պնդեց, որ Մեղրիի տարբերակի գոյությունն ինքն առաջինը գաղտնազերծեց, եւ դրանից հետո միայն նախագահը հարկ համարեց դրա մասին խոսել կուսակցությունների ղեկավարների հետ: «Կա Ղարաբաղի խնդրի լուծման երկու կամ երեք տարբերակ. մեկը՝ միջազգայնորեն ընդունված կարգով՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա հիմնախնդրի փաթեթային կամ փուլային լուծման տարբերակն է: Երկրորդը՝ տարածքների փոխանակումն է. տարածք՝ կարգավիճակի դիմաց կամ առանց դրա: Լ. Տեր- Պետրոսյանը որոշեց գնալ առաջին տարբերակով եւ գրեց իր հայտնի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը: Ռ. Քոչարյանը նախընտրեց երկրորդը՝ տարածքների առեւտուր: Սա նրան հոգեհարազատ վիճակ է: Եթե նա ընտրել է Մեղրին տալու տարբերակը, ուրեմն ժամանակն է, որ ինքն էլ գրի իր «Պատերազմ, թե խաղաղությունը»,- հայտարարեց նախկին վարչապետը: Արամ Սարգսյանը պնդում է, որ այսօր էլ օրակարգում կա Մեղրիի տարբերակը, եւ գտնում է, որ Ռ. Քոչարյանը պետք է հասարակությանը ներկայացնի իրողությունը, ոչ թե խոսնակի բերանով ստախոս անվանի Հեյդար Ալիեւին: «Այո՛, նրանց միջեւ եղել է պայմանավորվածություն՝ գաղտնի պահել բանակցությունների ընթացքը, որովհետեւ ոչ Ալիեւն էր կարող իր երկրում հայտարարել, որ տալիս է Ղարաբաղը, ոչ էլ Քոչարյանը՝ որ հանձնում ենք Մեղրին»,- ասում է Արամ Սարգսյանը: Վերջինս նկատեց նաեւ, թե՝ «Գաղտնիությունը խաղի կանոն է. եթե խաղի կանոնները խախտել է Ալիեւը, պետք չէ նրան ստախոս անվանել, դրա փոխարեն՝ ժամանակն է հանրությանը ներկայացնել փաստաթղթերը եւ բացել Փարիզյան սկզբունքների գաղտնիքը»: Ա.Սարգսյանը եզրակացրեց, թե այսօր Հայաստանը փաստի առաջ է, եւ հարցի լուծման մեկ եղանակ կա. Ռ.Քոչարյանը պետք է հեռանա. «Թայմ աուտ է պետք վերցնել բանակցություններում եւ դրանք շարունակել նոր ուժերով»: Սեփ. լր.