Լրահոս
Օրվա լրահոսը

Բա իշխանությունների ականջի՞ց ով քաշի

Հունիս 20,2002 00:00

Բա իշխանությունների ականջի՞ց ով քաշի Մենք ժամանակին տեղեկացրել էինք, որ մայիսի 24-ին Գյումրիում 13 կուսակցություններ քննարկել էին Գյումրի քաղաքի բյուջեն եւ քաղաքապետ Ղուկասյանին մեղադրել բյուջեի միջոցների չարաշահումների մեջ: Նաեւ նշել էինք, թե հիշյալ քննարկումից հետո քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, սպառնացել էր քննարկման նախաձեռնողներից մեկին՝ «Սոցիալիստական Հայաստան» միավորման անդամ Լեւոն Գալստյանին, նաեւ ձեւ արել, թե իր «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս վրաերթի է ենթարկում: Այդ առնչությամբ հաջորդ օրն իսկ Լ.Գալստյանը դիմել էր Շիրակի մարզի դատախազություն: «Ինձնից բացատրություններ վերցնելուց հետո 10 օր անց, երբ խնդրի առնչությամբ քար լռություն էր տիրում, դարձյալ դիմեցի դատախազություն՝ ճշտելու, թե գործն ինչ ընթացքում է: Ինձ վստահեցրին, թե քննություն է ընթանում»,- պատմեց պրն Գալստյանը: Վերջինս մի երրորդ անգամ դիմել էր դատախազություն՝ արդեն հունիսին եւ, վերջինիս գործերը հեշտացնելու համար՝ նաեւ մատնանշել տեղի ունեցածին վկաների անունները՝ Ա.Յարալյան, Մ.Մարգարյան, Ռ.Խաչատրյան, Վ.Թումանյան, նաեւ՝ Գ.Նիկողոսյան: Ի դեպ, Գյումրիի քաղաքապետի երիտասարդ որդին նախ վերջինիս՝ ՍԻՄ-ի ներկայացուցիչ Գագիկ Նիկողոսյանին էր սպառնացել՝ ասելով, թե նրան կմորթի, իսկ Լ.Գալստյանին մեքենայի տակ կգցի: Հունիսի 6-ին Շիրակի մարզի դատախազի օգնական Ա.Դերձակյանի ստորագրությամբ Լ.Գալստյանը պատասխան գրություն է ստացել առ այն, որ նրա հայտարարության «հիման վրա նախապատրաստված նյութերով մերժվել է քրգործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառով», որ որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին: Պարզվում է՝ Շիրակի դատախազությանը հետաքրքրել է միայն քաղաքապետի որդու բացատրությունը: Ինչ վերաբերում է վկա Գ.Նիկողոսյանին, ապա դատախազությունում հավաստել են, որ նա իրեն հասցեագրված սպառնալիքների մասին նախ պետք է հայտարարություն տա: Հայտարարությունը Գ.Նիկողոսյանը ներկայացրել է հունիսի 12-ին, բայց դա արդեն առանձին խնդիր է: «Ստացվում է, որ Հայաստանում երկու Քրօրենսգիրք է գործում. մեկը՝ ընդդիմության, մյուսը՝ իշխանամետների համար: Հակառակ դեպքում անհասկանալի է դատախազության կեցվածքը: Պատկերացնո՞ւմ եք, եթե նույն բանն արած լիներ ընդդիմադիրներից որեւէ մեկի կամ իմ որդին, մենք ու մեր երեխաներն անմիջապես կհայտնվեինք ճաղերի ետեւում: Իսկ այս դեպքում նույնիսկ մեր մատնանշած վկաներին ոչ կանչել են բացատրություններ վերցնելու, ոչ էլ նման մտադրություն ունեն: Քրգործ չեն հարուցել եւ վերջ: Որոշման պատճեն էլ չեն տալիս, որ տեսնեմ, թե ի՞նչ հիմքով են մերժում գործի հարուցումը: Բացի այդ, եթե չգիտեմ, թե այդ որոշման մեջ ինչ է գրված, ես նաեւ չեմ կարող այդ որոշումը բողոքարկել վերադաս դատախազին»,- նշեց Լ.Գալստյանը: Վերջինս դատախազությունից պահանջում է ասել. եթե քաղաքապետի որդու՝ Ս.Ղուկասյանի արարքի մեջ հանցակազմ չկա, այդ դեպքում ինչո՞ւ իրեն՝ վերջինիս զրպարտելու մեջ չեն մեղադրում: Լ.Գալստյանը հունիսի 17-ին դիմել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Թամազյանին եւ խնդրել, ի վերջո, գոնե վկաներին լսել: «Ի վերջո, մեր երկրի Սահմանադրությունն ու դրա հոդված 1-ը գործո՞ւմ է, թե՞ ոչ, մեր երկիրը իրավակա՞ն պետություն է, օրենքները բոլորի՞, թե՞ միայն ընդդիմությանը պատժելու համար են»,- տարակուսեց Լ.Գալստյանը՝ հույս հայտնելով, թե գոնե գլխավոր դատախազի պատասխանը կբխի օրենքներից: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել