Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է

Հունիս 20,2002 00:00

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է Նախորդ օրը Ռոբերտ Քոչարյանն ԱԺ ամբիոնը գրաված պատգամավորներին որակեց «շեղված», իսկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ «հոգեկան հիվանդներ»։ Երկրի իշխանական թեւերի երկու կարեւորագույն անդամները, պարզվում է՝ ոչ միայն նախագահ ու վարչապետ են, այլեւ՝ ախտորոշման մասնագետներ, այն էլ՝ հոգեբույժի գծով։ Սա, համաձայնեք, լուրջ ցուցանիշ է։ ՀԺԿ պատգամավոր Գրիգոր Հարությունյանի գնահատմամբ, ընդհանրապես մարդը, այն էլ՝ երբ երկրի նախագահ է, նման «պրիմիտիվ միտք չպետք է արտահայտի՝ կապված գնացքի կամ խելագարության կանխավարկածի հետ։ Պարզապես ցավում եմ, որ այդպիսի մտքեր ենք լսում»։ Իսկ ընդհանրապես Գ. Հարությունյանը լուրջ չի վերաբերվում Քոչարյանի՝ «Ականջներից բռնելու ենք, տեղափոխելու ենք բաժին» սպառնալիքին։ «Ով վախենում է՝ թող վախենա, ով չի վախենում՝ չի վախենա։ Ես լուրջ եմ համարում այդ ամենը, որովհետեւ ե՛ւ պատգամավորն ունի սահմանադրական իր իրավունքներն ու պարտականությունները, ե՛ւ ՀՀ նախագահը։ Համենայն դեպս, հրամանագրերով հնարավոր չէ կարգավորել այն հարցերը, որոնք կարգավորվում են օրենքներով եւ Սահմանադրությամբ»։ Գ. Հարությունյանը դարձյալ ընդգծեց, որ պատգամավորներն ԱԺ ամբիոնը գրավել են՝ օգտվելով իրենց իրավունքներից, իսկ եթե նախագահը, ԱԺ նախագահն ու ԱԺ մեծամասնությունը համաձայն չեն այդ որոշման նախագծի իրավական հիմնավորմանը, ապա իրենք սահմանված կարգով կարող են դիմել ՍԴ։ «Բայց նրանք ցույց են տալիս ՍԴ-ն ու ասում են՝ խնդրեմ, գնացեք դուք դիմեք ՍԴ։ Նախագծի հեղինակները նման խնդիր չունեն, որովհետեւ ԱԺ կանոնակարգը կոնկրետ նախատեսել է, որ հարցը մեխանիկորեն մտնում է օրակարգ։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»։ Իսկ «Հայաստան» խմբի պատգամավոր Սամվել Սաղաթելյանի կարծիքով՝ հանրապետության նախագահի նման արտահայտությունը չի բխում օրենքից եւ, ըստ այդմ, Քոչարյանը «նման միանշանակ արտահայտություն անելու իրավունք չունի»։ Ըստ նրա, ՀՀ օրենքներն ավելի զորեղ ուժ ունեն, քան հանրապետության նախագահի «ասած մի քանի խոսքը»։ Արդյոք միամտություն չէ՞ օրենքների «զորության» մասին խոսելը, երբ իրենք ԱԺ ամբիոնը գրավել էին հենց օրենքների ոտնահարման համար։ «Առավոտի» այս դիտարկմանը Ս. Սաղաթելյանը պատասխանեց. «Այո՛, օրենքների չգործելու պատճառով մենք քաղաքական ակցիայի մասնակցեցինք՝ բոյկոտելով ԱԺ նիստերը, որն օրենքի սահմաններում է։ Իսկ Քոչարյանի այն սպառնալիքը, թե՝ հրամանագրերով կորոշի ելքը, ապա ես գտնում եմ, որ ՀՀ օրենքներն ավելի բարձր են, քան նախագահի որեւիցե մի հրամանագիր»։ Ս. Սաղաթելյանի գնահատմամբ, Ռոբերտ Քոչարյանի այդ սպառնալիքը միտված է վախի մթնոլորտ ստեղծելուն։ «Քոչարյանը պարբերաբար նման արտահայտություններով վախի մթնոլորտ է ստեղծում, ուրիշ ոչինչ, որը նորմալ քաղաքացու համար, որն օրենքներով է շարժվում, անընդունելի է։ Նրանք վախենալու բան չունեն»։ Սամվել Սաղաթելյանը չհերքեց այն տեսակետը, թե Ռ. Քոչարյանի այդ սպառնալիքը մասնավորապես իրեն էր վերաբերում։ «Նա դա ուղղակի խոսքով չի ասել։ Չնայած կա մի պահ, եւ կարելի է այդ ուղղությամբ մտածել։ Եթե պատգամավորը ցանկանում է օրենքները սրբորեն կատարել, եւ նախագահը վախեցնելու կամ օրենքը խախտելու սպառնալիքներ է տալիս, ապա դա իսկապես անհասկանալի է։ Ինչ-որ չափով, դա ես զգացել եմ, որ դա ինձ է անձնապես ուղղված, որն ուղղակի իմաստով նա չի ասել։ Բոլոր դեպքերում նման ցանկություններ նկատվում են»։ Իսկ Մանուկ Գասպարյանը Ռոբերտ Քոչարյանի սպառնալիքին անդրադարձավ պատասխան սպառնալիքով. «Քոչարյանը «քուանշ» է տվել, եւ ես սրում եմ, եւ այսօրվանից հայտարարում եմ, որ աշնանային նստաշրջանի առաջին օրը՝ սեպտեմբերի 15-ին, ես ամբիոն եմ բարձրանալու եւ սպասեմ նախագահի հրամանագրին, թե ինչ հրամանագրով ու ինչ ձեւով են ինձ ամբիոնից իջեցնելու»։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել