Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԸ» 70 ՏԱՐԵԿԱՆ Է

Հունիս 19,2002 00:00

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԸ» 70 ՏԱՐԵԿԱՆ Է Հունիսի 17-ի երեկոյան մարդաշատ էր «Հ. Պարոնյան» թատերասրահը, սակայն այս անգամ առիթը ոչ թե հերթական ներկայացումն էր, այլ Հայաստանի գրողների միության պաշտոնաթերթ «Գրական թերթի» 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն։ Ի դեպ, «Գրական թերթի» առաջին համարը լույս է տեսել 1932թ. փետրվարի 22-ին եւ առայսօր տպագրված իր բոլոր համարներում (2679) հավատարիմ մնալով իր հիմնական ավանդույթին՝ գրական անցուդարձի անդրադարձին, իր էջերում պահպանել է մեր դասականներից շատերի։ Հյուրընկալ տանտիրուհու իրավունքով հյուրերին առաջինը ողջունեց «Գրական թերթի» գլխավոր խմբագիր, գրող, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, որին իր ջերմ շնորհավորական խոսքով փոխարինեց Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը։ Ի դեպ, դահլիճի առաջին շարքերը զբաղեցրել էին «Գրական թերթի» տարբեր տարիների գլխավոր խմբագիրները, իսկ բեմում տեղ էին գտել երեկոյի պատվավոր հյուրերը՝ բանաստեղծ Զահրատը, արձակագիր Անահիտ Սահինյանը, Աղասի Այվազյանն ու Լեւոն Անանյանը։ Եվ քանի որ հանդիսավոր երեկոն համընկել էր գրողների համահայկական գիտաժողովի օրերին, երեկոյին ներկա էին նաեւ բազմաթիվ սփյուռքահայ գրողներ, այդ թվում Պոլսի «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիրը, որը եւս անմասն չմնաց շնորհավորանք-բարեմաղթանքներից։ Եվ քանի որ հունիսի 17-ը հայ գրականության նշանավոր ներկայացուցիչ, շատերի կուռք-գրող Պ. Սեւակի մահվան օրն է՝ դահլիճը մեկ րոպե լռությամբ հարգեց գրական աշխարհի մեր մեծ վարպետի հիշատակը։ Երեկոյի ավարտին տիկին Խոդիկյանը, որպես հաճելի անակնկալ, տեղեկացրեց, որ հունիսի վերջին ինտերնետում կլինի թերթի էլեկտրոնային տարբերակը եւ թերթի նյութերի մի մասը կտպագրվի նաեւ օտար լեզուներով։ Մի կարեւոր հանգամանք եւս. «Գրական թերթն» իր էլեկտրոնային էջերը կտրամադրի նաեւ օտարալեզու հայ գրողներին։ Հանդիսավոր երեկոյի ավարտն իր տրամաբանական եւ տոնական շարունակությունն ունեցավ նախասրահում՝ կենդանի երաժշտության ուղեկցությամբ, տոնական սեղանների շուրջ։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել