Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ գրական կրքեր՝ Գրողների խորհրդաժողովում

Հունիս 19,2002 00:00

Ոչ գրական կրքեր՝ Գրողների խորհրդաժողովում «Երբ հայ գրողները հավաքվում են, միշտ հասարակական կրքերն առաջին պլան են գալիս… Ուստի պիտի ձեւ գտնել, որ նման ժողովներում մասնագիտորեն քննարկվեն նաեւ հայ գրականության այսօրվա խնդիրները»: Գրողների խորհրդաժողովի լիագումար նիստի ժամանակ այսպես ասաց Գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը։ Նա՝ գրականությունը հասարակական գործ համարելով, գտավ, որ ճիշտ չէ այսօրվա խնդիրներին նվիրված խոսակցությունները հակադրել գրական խոսակցություններին։ Ի թիվս այլ մասնակիցների, Ա. Եղիազարյանը եւս այն մտքին էր, որ իրականում «բուն գրական խոսակցությունը այդպես էլ չխորացավ», քանի որ բոլոր խոսակցությունները այլ ենթատեքստ ունեին։ Վենետիկի համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ Լեւոն Զեքիյանն էլ, ողջունելով խորհրդաժողովը, գտնում էր, որ առաջին հերթին ոչ թե պիտի նման հավաքներ կազմակերպել, այլ հարկ է հայրենիքում ու Սփյուռքում դպրոցական համակարգն այնպես վերադասակարգել, որ հայ ժողովրդի պատմությունը, գրականությունը եւ մշակույթը արտացոլվեն իբրեւ մեկ համակարգ։ Նա կարեւորում էր հայ գրականությունը՝ իբրեւ ազգային ինքնության պահպանման գրավական. «Իզուր չէ, որ մեզ մշակութային ժողովուրդ կը համարեն»։ Հետաքրքիր էր հատկապես Խոսրով Հարությունյանի ելույթը։ Նա մեծ ցավ զգաց գրող եւ բանաստեղծ չլինելու համար, նույնիսկ ափսոսեց, որ ինժեներ է։ Պատճառն այն էր, որ չէր կարող զեկուցողների նման «հյութեղ խոսքով հանդես գալ»։ Սակայն, ի զարմանս ներկաների, նա այնպիսի բոցաշունչ ելույթ ունեցավ, որն արժանացավ հայ գրողների ջերմ ծափահարություններին։ «Համաժողովի հարցադրումներից մեկը պիտի լինի ներկա բարդ, հակասական իրավիճակում գրողի առաքելությունը ճշտելը»,- հայտարարեց նա։ Հետո էլ նույն պաթոսով ավելացրեց. «Գրողի դերակատարումն անհամեմատ ավելի մեծ է, քան բանաստեղծինն ու պոետինը, որովհետեւ մշակութային կյանքն անկում է ապրում, եւ սկսվել է մշակութային արժեքների վերաիմաստավորման գործընթաց»։ Ու քանի որ «ցանկացած արեւածաղիկ վաճառող իրեն տեսնում է քաղաքականության մեջ», իսկ Հայաստանում չկա չվարկաբեկված քաղաքական գործիչ, եւ ցանկացած իշխանության պարտություն հրճվանք է հարուցում, Խ. Հարությունյանը հարմար էր գտնում հասարակության անունից ամենածանր «լուծը» դնել հենց գրողների ուսերին։ Ըստ նրա, «քաղաքական գործիչներից շատերը զուրկ են խոր քաղաքական վերլուծություններ անելու ունակությունից», եւ այստեղ է, որ «գրողները պիտի հրապարակ հանեն հասարակությանը հուզող բոլոր հարցերը եւ բարձրացնեն քաղաքական բանավեճերի մակարդակը»։ Խաչիկ Խաչերին խնդրեց ավելի մեծ ուշադրության արժանացնել հատկապես իրանահայ գաղութը, հիշեց նաեւ, որ խնջույքների ժամանակ իրանահայ մտավորականները առաջին կենացը նվիրում են էն կարգերին, որոնք հնարավորություն են տվել ազատ գնալ-գալու։ Իսկ երբ միկրոֆոնին մոտեցավ ՌԴ գրողների միության քարտուղար Լեւոն Օսիպովը, դահլիճը հոսանքազրկվեց։ Ներկաներից մեկը նույնիսկ կատակեց, որ դրա պատճառն այն է, որ հայ հողը չի ընդունում ռուսերեն խոսք։ Իսկ Լ. Օսիպովն էլ ռուսերենով առաջարկեց դրսում մշակութային լոբբինգ անել՝ ի նպաստ հայ գրականության եւ հայ գրողների։ Խորհրդաժողովի մասնակիցները, որոնց ոգեւորել էր նաեւ մշակույթի նախարար Ռ. Շառոյանի թանկ ներկայությունը, լիագումար նիստի ավարտից հետո մեկնեցին Ծաղկաձոր։ Այնտեղ կկազմակերպվի կլոր սեղան՝ ԱԳ, մշակույթի, ԿԳ նախարարների եւ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վ. Տեր-Ղեւոնդյանի մասնակցությամբ։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել