Լրահոս
Օրվա լրահոսը

Կգործի մյուսի հաշվին

Հունիս 19,2002 00:00

Կգործի մյուսի հաշվին 2002թ. հունիսից Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում երկու մանկապարտեզներից մեկը փակվեց։ Թիվ 1 մանկապարտեզի լուծարման պատճառները պարզաբանելու համար զրուցեցինք Պռոշյանի գյուղապետ Վաչագան Սահակյանի հետ։ Ինչպես ներկայացրեց պրն Սահակյանը, մանկապարտեզի փակման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ երկու մանկապարտեզում էլ երեխաների հաճախումների թիվը խիստ նվազ է եղել։ Հետեւաբար «շռայլություն» էր երկու մանկապարտեզի առկայությունը համայնքում։ Բացի այդ, երկու մանկապարտեզի գոյությունը ֆինանսական մեծ ծախսերի հետ էր կապված, որը մտահոգում էր տեղական իշխանության մարմիններին։ 2002թ. մայիսին տեղական ավագանու նիստում ընդունվեց Պռոշյան գյուղի թիվ 1 մանկապարտեզի լուծարման մասին որոշումը։ Փակված մանկապարտեզի երեխաները եւ աշխատակազմի որոշ մասը (գործազուրկ են դարձել միայն կենսաթոշակառուները եւ ոչ մասնագիտական կրթություն ունեցողները) տեղավորվել են թիվ 2 մանկապարտեզում։ Մանկապարտեզի տնօրեն Ալինա Հովհաննիսյանի՝ մեզ ներկայացրած տվյալների համաձայն, այսօր մանկապարտեզ է հաճախում 80-100 երեխա։ Սակայն, ինչպես հավաստեց տիկին Հովհաննիսյանը, մանկապարտեզում դեռեւս թափուր տեղեր շատ կան եւ իրենք սպասում են նոր երեխաների։ Ի դեպ, գյուղում մանկապարտեզային տարիքի (2-6 տարեկան) 400 երեխա կա, սակայն միայն այդ 100-ը մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունեն։ Թիվ 1 մանկապարտեզի լուծարումից հետո նրա ամբողջ գույքը, խաղալիքները եւ ուսումնամեթոդական գրականությունը հանձնվել է մյուսի տնօրինությանը։ Իսկ մանկապարտեզի շենքը, ինչպես նշեց գյուղապետ Սահակյանը, վերանորոգվելուց հետո դարձյալ պետք է ծառայի համայնքին, հավանաբար արվեստի դպրոց կդառնա։ Պրն Սահակյանը խոստացավ, որ թիվ 1 մանկապարտեզի փակվելուց հետո պետք է զգալիորեն բարելավվի մյուս մանկապարտեզի սոցիալական դրությունը։ Թիվ 2 մանկապարտեզում գործում են տարիքային չորս խմբեր, յուրաքանչյուր խումբ հաճախում է 20-25 երեխա։ Երեխաների սնունդն ապահովելու համար ամսական ծնողներից գանձվում է 1500 դրամ վարձավճար։ Սակայն ծնողական վճարներից կուտակված գումարը լիովին չի բավարարում ծախսերը հոգալու համար։ Հիմնական ծախսը կապված է երեխաների սնունդը հոգալու հետ։ Բացի այդ ամսավճարից, ծնողները պարտավորվում են գնել նաեւ անհրաժեշտ գրենական պիտույքները, քանի որ մանկապարտեզում նման նպատակների համար չկան ֆինանսական հատկացումներ։ Պետք է նշել, որ այդ 1500 դրամը հաստատված կայուն վճար չէ։ Վճարման ժամանակ հաշվի է առնվում ընտանիքների սոցիալական կացությունը եւ կիրառվում զեղչերի համակարգ։ Մանկապարտեզ են հաճախում այնպիսի երեխաներ, որոնց ծնողները ընդհանրապես չեն վճարում։ Մինչդեռ սննդի 50% ռացիոնը պահպանելու համար ամսական անհրաժեշտ է 450 հազար դրամ։ Ինչպես նշեց տիկին Հովհաննիսյանը, մանկապարտեզը սննդի օժանդակության խիստ կարիք ունի։ Այդ խնդիրը կարգավորելու նպատակով նրանք դիմել են բարեգործական հիմունքներով գործող բազմաթիվ հասարակական կազմակերպությունների։ Սակայն ցայսօր ոչ մեկից շոշափելի աջակցություն չեն ստացել։ Վերջերս ՄԱԿ-ի «Սնունդ՝ աշխատանքի դիմաց» ծրագրի համաձայն, մանկապարտեզին հատկացվել է որոշ քանակությամբ ալյուր եւ ոսպ։ Հասկանալի է, որ այստեղից-այնտեղից որոշ բաներ հայթայթելով՝ հարց չի լուծվի։ Դա համար անհրաժեշտ է տեղական իշխանությունների սրտացավ հոգածությունը։ Ինչպես ներկայացրեց պրն Սահակյանը, արդեն (կապված թիվ 1 մանկապարտեզի փակման հետ) ծախսերը զգալիորեն կրճատվել են եւ այս տարի ավելի իրական կլինի գյուղապետարանի ֆինանսական աջակցությունը։ Քանի որ թիվ 2 մանկապարտեզի վերաբացումից երկար ժամանակ չի անցել, հետեւաբար դժվար էր որեւէ դրական տեղաշարժ գրանցել։ ԱՐՓԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել