Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՐՆ ԻՐԵՆՔ ԵՆ՝ ԲԱԿԼԱՆ ԽԱՇԱԾ ԿՑԱՆԵՆ

Հունիս 19,2002 00:00

ՏԵՐՆ ԻՐԵՆՔ ԵՆ՝ ԲԱԿԼԱՆ ԽԱՇԱԾ ԿՑԱՆԵՆ Մեկ ամիս առաջ հարցում անցկացրինք պետական բուհերի ռեկտորների շրջանում՝ պարզելու, թե պատրաստվո՞ւմ են ռեկտորի պաշտոնի համար նախատեսվող ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրել։ Բոլորն էլ դրական պատասխանեցին եւ նույնիսկ զարմացան, թե՝ եթե ոչ մենք, ապա ո՞վ… Դատելով ընտրությունների նախապատրաստական փուլից՝ ռեկտորներն ամեն ինչ արել են, որ հուլիսից սկսվող ընտրություններում հենց իրենք վերընտրվեն իրենց պաշտոնում։ Հավանաբար աչքների առաջ ունենալով ԵՊՀ ռեկտորի օրինակը՝ մյուսները եւս աշխատել են հետ չմնալ եւ նույնիսկ շտապել են օրենսդրական դաշտը հարմարեցնել իրենց։ Թեեւ, ինչպես Ռադիկ Մարտիրոսյանի, այս դեպքում էլ օրենսդրական խառնաշփոթ կա, ինչից գործող ռեկտորները հմտորեն կօգտվեն։ Խնդիրը կարգավորվում է մի քանի օրենքներով, որոնք հաճախ իրար հակասում են։ 2001թ. հոկտեմբերի 23-ին ընդունված «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով տարիքային ցենզ է նախատեսվում ռեկտորների համար։ Ըստ օրենքի 16-րդ հոդվածի 3 կետի՝ «գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին»։ Իսկ մեր շատ ռեկտորների 65 տարին լրացել է, այդ թվում՝ ԵՊՀ ռեկտորի, որն այնուամենայնիվ ընտրվեց։ Լրացել է նաեւ ԵՊՏԻ-ի ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանի, մանկավարժականի ռեկտոր Միսակ Դավթյանի, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Հրանտ Հակոբյանի (ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի հայրը), Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Ռաֆիկ Եդոյանի 65 տարին (ԵԲՀ ռեկտոր Վիլեն Հակոբյանի 65 ամյակը կլրանա մի քանի ամսից)։ Օրենքի պահանջը հաշվի առնելու դեպքում՝ այդ ռեկտորներն արդեն պետք է ազատված լինեին պաշտոնից։ Սակայն բոլորն էլ մնացել են իրենց տեղում՝ առաջիկա ընտրությունների վրա ազդելու լավ հնարավորությունը պահպանելով, ինչպես եւ նրանց ավելի երիտասարդ գործընկերները։ Դրա ապացույցն է թերեւս այն, որ վերջերս ԱԺ-ն, կառավարության առաջարկի հիման վրա, նոր կետ ավելացրեց վերոնշյալ օրենքում, ըստ որի՝ «ռեկտորների ընտրությունները իրականացվում են «Կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան»։ Իսկ վերջինում ոչ մի խոսք չկա տարիքային ցենզի մասին (նաեւ՝ ընտրությունների անցկացման կարգի), այնպես որ, ռեկտորների համար եւ նրանց լոբբինգի շնորհիվ իրականացված խիստ ցանկալի փոփոխություն է՝ թեեւ ոմանց համար վիճելի, քանի որ տարիքային ցենզի մասին կետը «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքից հանված չէ, իսկ բուհերը, լինելով ոչ առեւտրային կազմակերպություններ, ենթակա են այդ օրենքի պահանջներին։ Սակայն միայն այս կետով չեն իրենց ապահովագրել ռեկտորները։ Նախ «Կրթության մասին» օրենքից օրերս հանվեց այն կետը, ըստ որի, ռեկտորի պաշտոնը ընտրովի է բարձրագույն կրթության մասին օրենքի ընդունումից հետո։ Եվ այժմ ռեկտորները հանգիստ կարող են ընտրվել։ Բուհերի կանոնադրություններն ու ռեկտորի ընտրության կարգերը եւս հօգուտ գործող ռեկտորների են։ Ի դեպ, վերջին փաստաթուղթը, ըստ բուհերի կանոնադրության, մշակում եւ հաստատում է բուհի կառավարման բարձրագույն մարմինը՝ խորհուրդը, որն էլ կազմակերպում է ռեկտորի ընտրությունները։ Հայտնի է, որ այդ խորհուրդները ռեկտորին ենթակա օղակներ են եւ դժվար թե նրան անհաճո որոշում կայացնեն։ Մինչդեռ, նույնիսկ դասախոսի ու ասիստենտի, նաեւ՝ դեկանի, ամբիոնի վարիչի եւ մյուս պաշտոնների համար ընտրության կարգը մշակում եւ հաստատում է ԿԳ նախարարությունը։ Ստացվում է, որ դրանք ավելի կարեւոր են, քան ռեկտորի՞նը։ Մեր ձեռքի տակ է միայն Երեւանի տնտեսագիտական պետական ինստիտուտի կանոնադրությունը եւ ռեկտորի ընտրության կարգը, սակայն մյուս բուհերինն էլ գրեթե նույնն է։ Կանոնադրությամբ տրված իրավունքից օգտվելով՝ խորհուրդը ընդունել է ռեկտորի ընտրության մի կանոնակարգ, ըստ որի, թեկնածու կարող է առաջադրվել միայն նա, ով վերջին հինգ տարիներին աշխատել է այդ բուհում։ Բնականաբար, սրանից հետո մրցակցության մասին խոսելը գրեթե անհնար է. բուհից ո՞վ կհամարձակվի իր թեկնածությունն առաջադրել, եթե բոլոր լծակները ռեկտորի ձեռքում են։ Մանավանդ որ, ինքնառաջադրման կարգով առաջադրված թեկնածուին պետք է պաշտպանի կոլեկտիվի առնվազն 75 անդամ, մինչդեռ եթե ֆակուլտետի խորհուրդն է ներկայացնում թեկնածուին, 15 ձայնով են բավարարվում, քանի որ այդքան է ֆակուլտետի խորհրդի անդամների թիվը։ Բացի այդ, յուրաքանչյուր կառույց կարող է առաջադրել ռեկտորի միայն մի թեկնածու։ Ակնհայտ է, որ սրանք այնքան էլ ժողովրդավարական պայմաններ չեն։ Իհարկե, ժողովրդավարական է ընտրությունն անցկացնող մարմնի՝ խորհրդի կազմում 25% ուսանողների ներկայությունը, սակայն մյուս կողմից էլ շատ լավ հայտնի է, որ ուսանողությունն այն խավն է, որին ճնշելը շատ հեշտ է եւ նրանք կքվեարկեն ղեկավարության կամքով։ Նաեւ նախատեսված է նույնիսկ մեկ թեկնածուով ընտրությունները կայացած ճանաչելու հնարավորություն, ինչը մեր պայմաններում, դարձյալ ԵՊՀ ռեկտորի փորձն աչքի առաջ ունենալով, չի բացառվում։ Օրինակները շատ ավելին են, քան բերված են եւ կրքերը այս առթիվ թերեւս թեժանան, երբ ընտրությունները մոտենան։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել