Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալմաստե շրջայց

Հունիս 19,2002 00:00

Ալմաստե շրջայց «Միջազգային բիզնես կենտրոն» ընկերությունը վերջին մի քանի ամսում խոշոր բաժնետեր է դարձել Հայաստանի երեք ձեռնարկություններում։ Դրանք հիմնականում սարքաշինական գործարաններ են՝ «Ալմաստ», «Արաքս» եւ «Արագած» անուններով։ «ՄԲԿ»-ն, որոշելով առաջինը ցուցադրության ներկայացնել «Ալմաստը», երեկ գործարան էր հրավիրել նախագահ Ռ. Քոչարյանին, պետական գույքի կառավարման եւ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարներ Դ. Վարդանյանին եւ Կ. Ճշմարիտյանին։ Հիշեցման կարգով ասենք, որ ձեռնարկությունն արտադրում է ալմաստի փոշի եւ սարքավորումներ, որոնց որակը, «Ալմաստ» ԲԲԸ նախագահ Խ. Զաքարյանի բնութագրմամբ՝ «եղել եւ մնում է խիստ ցածր»։ «Գործարանի արտադրանքը, չնայած դրան, իրացվել է ե՛ւ տասը տարի առաջ, ե՛ւ այսօր, բայց շուկան պահանջում է ավելի բարձրորակ արտադրանք, ուստի մենք պիտի գնանք տեխնոլոգիական փոփոխությունների»,- ավելացրեց «Ալմաստի» նախագահը։ Որպես լրացուցիչ տեղեկություն ասենք, որ ալմաստի արտադրությունում ամսական ստանում են 35-40 հազար դրամ աշխատավարձ (քիչ է, բայց՝ կանոնավոր է), գործում է անվճար ճաշարան։ Վերջին երկու տարում գործարանը կուտակել էր 418 հազար դոլար պարտք, որն իր վրա է վերցրել ՄԲԿ-ն՝ բաժնետոմսերի պետական 69% բաժնեմասի հետ միասին։ Իսկ թե ինչքան է «նստել» այդ «հաճույքն» իրենց վրա, ՄԲԿ-ի նախագահ Կարեն Սաֆարյանը համարեց «անկարեւոր»։ Մնացած 31%-ից 20-ը անհատույց տրվել է կոլեկտիվին, իսկ 11-ը՝ 80 տարբեր բաժնետերերի։ Շրջայցից ու տնօրինության հետ առանձնազրույցից հետո Ռ. Քոչարյանը «ոտքի վրա» պատասխանեց լրագրողների «թեմատիկ» եւ «ոչ թեմատիկ» հարցերին։ Ըստ այդմ պարզվեց, որ հանրապետության մեծ ու փոքր մեքենաշինական արտադրություններն այժմ գտնվում են «լուրջ մոնիտորինգի մեջ» եւ որ «լուրջ հույսեր կան դրանց վերագործարկման հետ կապված»։ Ընդ որում, «Միջազգային բիզնես կենտրոնը» «բավականին լուրջ նկատառումներ ունի այս բիզնեսի վերաբերյալ եւ մենք հենց նոր այդ մասին էինք խոսում»,- ավելացրեց պարոն նախագահը։ Միգուցե այդքան «լուրջ նկատառումներ» ունեցող մեկին կարելի էր նաեւ ավելի «լուրջ» զրույցի հնարավորություն տալ՝ ավելի «լուրջ» պայմաններում ու ավելի «լուրջ» ժամանակահատվածով։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել