Լրահոս
Օրվա լրահոսը

Cooperative Best Effort

Հունիս 19,2002 00:00

Cooperative Best Effort «Նինձա», «սամուրայ» եւ «խարակիրի». հիմնականում այս բառերն էին հնչում հայաստանյան ֆուտբոլասերների շուրթերից Թուրքիա-Ճապոնիա խաղի ընթացքում: Նկատի ունեինք, որ ճապոնացիներն այս գովելի ավանդույթների շնորհիվ թուրքերի հախից կգան: Բայց Ճապոնիայի հավաքականը պարտվեց 3 պատճառով: Նախ՝ նրանք իրենց մրցակիցներից օբյեկտիվորեն թույլ էին. կարելի է շատ եւ մեծ խանդավառությամբ վազվզել խաղադաշտում եւ ցույց տալ, թե որքան ես նվիրված սամուրայական գաղափարներին, բայց այդ անընդհատ շարժման մեջ պետք է նաեւ ինչ-որ իմաստ լինի: Իսկ թուրքերը շատ զգուշավոր էին ու աչալուրջ պաշտպանական գծում, եւ վազվզան ճապոնացիներին թույլ չէին տալիս առանձնապես շարժվել իրենց տուգանային հրապարակում: Երկրորդ եւ երրորդ պատճառները ֆուտբոլից դուրս են: Ճապոնացիներն իրենց ուժերի մեծ մասը վատնել էին Ռուսաստանի հետ խաղում, այսպես ասած՝ ոտքերը վերմակից երկար էին ձգել: Գուցե խնդիրն այն է, որ Ճապոնիան Ռուսաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի, իսկ Թուրքիայի հանդեպ՝ ոչ: Մի խոսքով, երեկ Թուրքիայի դեմ խաղում մենք էինք պետք, մենք՝ «Փյունիկը» կամ «Միկան»: Ճապոնիայի պարտության երրորդ պատճառն այն է, որ թիմի բոլոր խաղացողներն իրենց մազերը կարմիր կամ ոսկեգույն էին ներկել: Եթե դու նինձա ես (այն էլ՝ ոչ թե կրիա, այլ՝ իսկական), ապա բարի եղիր պահպանել քո ազգային ինքնությունը եւ, մասնավորապես, ուղիղ սեւ մազերդ: Թուրքերը հաղթեցին, եւ հայերը (բացի թերեւս Աշոտ Բլեյանից) սգի մեջ են: Միակ փոքրիկ մխիթարանքն այն է, որ նրանց թիմում ընդգրկված է պաշտպան Աբդուլա Էրջյանը, որին շտապ պետք է շնորհել Հայաստանի քաղաքացիություն: Գոնե հա՞յ է: Իսկ ահա մյուս խաղում վարպետությունը զիջեց համառությանը: Իտալացիները կրկնեցին իսպանացիների սխալը՝ առաջին խաղակեսում գոլ խփելով՝ թուլացան, եւ արդեն իրենց զգում էին 1/4 եզրափակիչում՝ այդ նույն իսպանացիների հետ «եվրոպավարի» ուժերը չափելուց: Եվ այս դեպքում կորեացիները կարողացան ցույց տալ համատեղ թիմային խաղի բոլոր առավելությունները (Cooperative Best Effort, ինչպես կասեին ՆԱՏՕ-ականները): Ճիշտ է, տանտերերին մի քիչ օգնեց կոլումբիացի մրցավարը՝ 105-րդ րոպեին անարդարացիորեն դաշտից հեռացնելով Տոտտիին: Բայց հայտնի ճշմարտություն է. պարտության պատճառները քո մեջ փնտրիր եւ մեղքը մի գցիր մրցակցիդ կամ դատավորի «դաղալության» վրա: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել