Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԵՄԲԵՌԼԵՆԻՆ

Հունիս 19,2002 00:00

ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԵՄԲԵՌԼԵՆԻՆ Միջազգային դավադրության սեւ ամպերը նորից են կուտակվել Հայաստանի գլխին: Ինչպես միշտ, տեղական ընդդիմությունը եւ «արտաքին ուժերը» (ենթադրաբար, թուրքամետ) կրկին գործում են ներդաշնակ եւ համագործակցված: Առաջինը դա նկատեց դավադրությունների նկատմամբ սուր հոտառություն ունեցող Տիգրան Թորոսյանը: «Կարծում եք, պատահակա՞ն է,- հարցրեց հայկական «մայոր Պրոնինը»,- որ ընդդիմությունը բարձրացրեց իմփիչմենթի հարցը, իսկ հետո Ալիեւը հիշեց Մեղրիի միջանցքի մասին: Ոչ, պատահական չէ՝ մեր ընդդիմադիրները գտնվում են արտաքին ազդեցությունների տակ»: Պրն Թորոսյանը բոլոր փակագծերը չբացեց, բայց ես, օրինակ, պատկերացնում եմ, որ ընդդիմության եւ թուրքամետ ուժերի համագործակցությունը տեղի է ունենում մոտավորապես հետեւյալ սխեմայով. Ալիեւի խորհրդական Նովրուզ Մամեդովը եւ Թռչունիչը գտնվում են գաղտնի նամակագրական կապի մեջ: «Ժամանակն է բարձրացնել Քոչարյանի պաշտոնանկության հարցը, ղարաբաղյան հարցում լավ խաղաքարտեր ունենալու համար մեզ Հայաստանում թույլ նախագահ է պետք»,- Մորզեի այբուբենով գաղտնագիր է ուղարկում Մամեդովը: «Եղավ, Նովրուզ ջան,- պատասխան գաղտնագիր է ուղարկում Թռչունիչը,- բայց դուք էլ այնտեղ Մեղրիի հարցը մեջտեղ գցեք»: Մի խոսքով, Քոչարյանին բան ասողը թուրք է: Բայց արտաքին ազդեցությունների տակ գտնվող քաղաքական գործիչները դեռ ոչինչ: Առավել սարսափելի է, երբ հայկական մամուլը (այսինքն՝ նրա անպատասխանատու մասը) դրական լիցքեր է հաղորդում անձամբ Հեյդար Ալիեւիչին: Այդպիսի տրամաբանությամբ երեկ հանդես եկավ նախագահ Քոչարյանը: Կարդում է ծերուկը, օրինակ, «Առավոտ» օրաթերթը, տեսնում է, որ այստեղ պաշտոնական եւ իշխանամետ տեսակետների կողքին տպագրվում են նաեւ ընդդիմադիրների կարծիքներ, եւ, ուրախությունից ձեռքերը շփելով, ասում է. «Կարծես թե, իմ հայաստանյան գործընկերոջ վիճակը վատ է, ես իմ կողմից մի հատ էլ զարկեմ նրան «Մեղրիի տարբերակով»: Այ, եթե «Առավոտում» տպագրվեին միայն իշխանամետ տեսակետներ, Ալիեւն այդքան չէր ոգեւորվի, եւ Մեղրիի մասին ձայն չէր հանի: Տեսնո՞ւմ եք, ինչի համար են պետք «միայն բարի լուրերը»: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել