Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ով ասում է՝ «27»-ը վտանգել է երկրի անվտանգությունը, «մազոխիստ» է

Հունիս 19,2002 00:00

Ով ասում է՝ «27»-ը վտանգել է երկրի անվտանգությունը, «մազոխիստ» է Երեկ ԱԺ-ում Անդրանիկ Մարգարյանը հայտնեց իր «մեծական» տեսակետը նախորդ եռօրյայի ընթացքում ընդդիմության կատարած քայլերի վերաբերյալ։ «Բացասական եմ վերաբերվում, որովհետեւ իրենք իրենց եւ կառավարության աշխատանքը խանգարեցին։ Եթե իրենք համաձայն չէին ԱԺ ղեկավարության դիրքորոշմանը, կար իրավական ճանապարհ, եւ պետք է այդ ճանապարհով նրանք փորձեին գնալ, ոչ թե այնպիսի արտակարգ միջոցառումների դիմեին, ինչպիսին ամբիոն գրավելն էր,- ասաց Ա.Մարգարյանը։- Դա առաջին հերթին բացասական վերաբերմունք էր իրենց գործընկերների, իշխանությունների նկատմամբ։ Սա բացթողում էր։ Մոտավորապես, 98-ից մինչեւ այժմ ո՛չ Գերագույն խորհրդի, եւ ո՛չ էլ ԱԺ ոչ մի կանոնակարգում նմանատիպ դեպքի մասին բան չի եղել. բեմահարթակում հարց չենք քննարկել։ Գժի տարբերակով, պարտության ճանապարհով չենք գնում, որ հարկավոր է հոգեկան հիվանդների դեմ օրենքում ինչ-որ բան գրել։ Մենք չենք ցանկանում, որ կառավարության գործունեությանը խանգարող հանգամանքներ լինեն օրենքի բացթողումների հետեւանքով»։ Վերջինիս գնահատմամբ, նախորդ ԱԺ եռօրյայում սարսափելի ոչինչ չի եղել։ Ավելին, ԱԺ-ում այդ օրերին օրենքներ են քվեարկվել, անգամ քննարկվել։ Այնինչ, ԱԺ-ում այդ օրերին քվեարկության դրված օրենքները չեն ընդունվել, իսկ քննարկումներ առհասարակ տեղի չեն ունեցել։ Բայց միեւնույն է, նա համաձայն չէ, թե «եռօրյան տապալվել է եւ աշխատանք չի կատարվել»։ Իսկ արդյոք հիմք չէ՞ եզրակացության այն դրույթը, որտեղ արձանագրված է, թե «Հոկտեմբերի 27»-ը վտանգել է ՀՀ անվտանգությունը, եւ արդյոք նա չի՞ համարում, որ իսկապես «27»-ը վտանգել է ՀՀ անվտանգությունը։ «Առավոտի» այս դիտարկումն այնքան զայրացրեց վարչապետ Ա. Մարգարյանին, որ նա հիշեց 1915 թվականը։ «Դա եղել է 99 թվականի հոկտեմբերի 27-ին. ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ նախագահը, ե՛ւ կառավարությունները հստակ իրենց վերաբերմունքն ասել են այս հարցով։ Այո՛, վտանգել է։ Եղել է ողբերգություն։ Ուզում եք, որ ամեն օր ասենք՝ վա՜յ, ինչը 3 տարվա ընթացքում անընդհատ ասում ենք։ Մտածում եք, թե քնեցինք-վեր կացանք եւ «27»-ը մոռացանք եւ ասում ենք՝ «27»-ին կարծես բան չի եղել։ Չի՛ կարելի. մազոխիզմի աստիճանի մենք մեզ անընդհատ պատժենք, ասենք՝ «27»-ին մեզ կոտորեցին, մեզ գնդակահարեցին։ Այո, մեր պետությունն այնքան ուժեղ պետք է լինի, որ ցանկացած ողբերգությունից, հանցագործությունից հետո իր մեջ ուժ կարողանա գտնել, ոտքի կանգնի։ Ոչ թե՝ անընդհատ հետեւներս նայենք, 15 թվականի նման, ասենք՝ 15-ին սպանդ եղավ, եւ մենք բոլորս պետք է մենակ սեւ շոր հագնենք եւ լացուկոծի մեջ մեռելներին…։ Պետք է կարողանանք պետություն ստեղծել, որը ստեղծեցինք։ Կարողացանք 80 տարի մշակութային ձեռքբերումներ ունենալ եւ ահա 11 տարի է՝ պետություն ունենք։ Այո, «27»-ին սարսափելին է եղել, մի քանի տարի մեզ ետ է գցել զարգացումից, բայց մենք պետք է կարողանանք ուժ ունենալ մեր մեջ, որ սա հաշվի առնելով, ակունքները պարզելով՝ ինչի համար եղավ, եւ ով կատարեց, թույլ չտանք, որ նմանատիպ երեւույթներ կրկնվեն, որպեսզի մեր պետականության հետագա ընթացքը չխաթարվի»։ Անդրանիկ Մարգարյանի այս խոսքերը թերեւս միայն ասելու համար են եւ ոչ թե իրագործելու։ Այլապես, եթե նա իսկապես ցանկանում է պարզել «27»-ի ակունքները եւ պարզել, թե «ինչի համար դա եղավ, եւ ով կատարեց», ապա նա այսօր առնվազն չպիտի խոչընդոտեր ընդդիմության օրինական նախաձեռնությունը եւ պետք է աջակցեր, որ հարցը քննարկվեր։ Եվ իզուր չէ նա այսօր «Հոկտեմբերի 27»-ը համեմատում 1915 թ. ցեղասպանության հետ եւ համարում, որ այն արդեն անցած է, իսկ պատմության այդ էջը՝ փակված։ Հակառակ դեպքում՝ նա պետք է հրաժեշտ տա իր աթոռին, որն իր համար հաստատ շատ ավելի թանկ է, քան «27»-ի բացահայտումը։ Իսկ նրանք, ովքեր պայքարում են դրա համար, ըստ նրա, «մազոխիստներ» են եւ ոչ ավելին։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել