Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՈՒՌ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐԱՇԽԻՔԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄՆ Է

Հունիս 19,2002 00:00

ԿՈՒՌ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐԱՇԽԻՔԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄՆ Է ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերից մեկն էլ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի նախագիծն է: Դրա քաղաքական ենթատեքստին մենք արդեն անդրադարձել ենք: Իսկ նախագծի նպատակի եւ դրան առնչվող այլ խնդիրների շուրջ զրուցեցինք արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանի հետ, որն իբրեւ նախաբան զարմացավ, թե ինչու է դրա շուրջ իրարանցում սկսվել: «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդունումը պետական կառավարման ամբողջ համակարգում բարեփոխումների սկիզբ դրեց: Հիշյալ օրենքում սահմանվեց, որ ծառայության որոշ տարատեսակներ իրենց առանձնահատկություններն ունեն ու նաեւ առանձնահատուկ մոտեցումներ են պահանջում: Խոսքը նաեւ ոստիկանությունում ծառայության մասին է, որը չի կարող դիտարկվել իբրեւ զուտ քաղաքացիական ծառայություն»,- ասաց Տ.Մուկուչյանը: Վերջինիս պնդմամբ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդունումից հետո խնդիր էր դրվել նաեւ ոստիկանության համակարգում բարեփոխումներ իրականացնել, որոնց հիմնական նպատակը համակարգում ծառայողներին եւ համակարգն ընդհանրապես քաղաքական իշխանության փոփոխություններով պայմանավորված կադրային կամայական մոտեցումներից զերծ պահելն է, նաեւ՝ օրենքով սահմանված կարգով ծառայական բնականոն առաջխաղացման հստակ մեխանիզմների, ծառայողների իրավունքների ու պարտականությունների, մի պաշտոնից այլ պաշտոնի փոխադրման կարգի եւ այլնի ամրագրումը: «Այլ կերպ ասած, օրինագծի հիմնական նպատակը համակարգն առավելագույնս պրոֆեսիոնալ եւ արդյունավետ դարձնելն է»,- հայտարարեց Տ.Մուկուչյանը: Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ ազնիվ նպատակներ հետապնդող այդ օրինագծին խորհրդարանում, առավել եւս, համապատասխան հանձնաժողովում, ըստ էության, տեղյակ չեն եղել մինչեւ վերջերս, երբ հայտնի դարձավ, որ ՆԳՆ-ում արդեն դրա շուրջ քննարկումներ են գնում: Հիշեցնենք, որ այդ առնչությամբ իր դժգոհությունը հայտնել էր նաեւ ԱԺ ՆԳ, ԱԱ եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամներից մեկը: Ի վերջո, եթե չենք սխալվում, ընդունված պրակտիկա կա, երբ ԱԺ շահագրգիռ հանձնաժողովների ներկայացուցիչները, թեկուզ փորձագետի մակարդակով, մասնակցում են նաեւ որեւէ օրինագծի նախնական մշակման փուլին: «Այստեղ որեւէ գաղտնիք չկար»,- վստահեցրեց պրն Մուկուչյանը՝ պարզաբանելով, թե կա օրինագծի մշակման ընթացակարգ, ըստ որի, մինչեւ ԱԺ մտնելը որեւէ օրինագիծ քննարկվում է շահագրգիռ գերատեսչություններում, կառավարությունում եւ ապա ներկայացվում ԱԺ-ին: Նկատենք միայն, որ երկուշաբթի օրվա դրությամբ, նույնիսկ այն դեպքում, երբ հայտնի էր, որ հիշյալ օրինագիծը արտահերթի օրակարգում է, օրենսդիրները տեղյակ չէին, թե ինչի մասին է խոսքը: «Այս օրենքի մշակմանը ԱԺ փորձագետներ չեն մասնակցել, բայց դա ներկայացվել է կառավարության, բոլոր շահագրգիռ գերատեսչությունների քննարկմանը: Կառավարությունն էլ որոշում է կայացրել եւ հավանություն տվել օրինագծին»,- պնդեց արդարադատության փոխնախարարը: Տեղեկություններ կան, որ ոչ ԱԺ-ում, ոչ ՆԳՆ-ում այնքան էլ հիացած չեն այդ օրինագծով: «Թե ինչ վերաբերմունք կա այս օրինագծի վերաբերյալ ՆԳՆ-ում՝ չեմ կարող ասել, որովհետեւ հարցադրումը բավական ընդգրկուն է: Բայց խնդիրը որեւէ մեկի գոհ կամ դժգոհ լինելը չէ: Երբեւէ օրինագծերը չի կարելի քննարկել նման տեսանկյունից»,- նկատեց նա եւ ավելացրեց, որ ՆԳՆ-ում տեղի ունեցած համակողմանի քննարկումների արդյունքում եղել են նաեւ առաջարկներ, որոնք հիմնված են այդ համակարգի ծառայողների պրակտիկ գործունեության, նախադեպերի եւ այլնի վրա: Տ.Մուկուչյանը հատկապես շեշտեց, թե ՆԳՆ-ում մեծ քննարկման առիթ է եղել օրինագծի նախնական տարբերակում ամրագրված հասարակական կազմակերպություններին ծառայողների անդամագրվելու արգելքը: Արդյունքում որոշվել է, այնուամենայնիվ, հնարավորություն տալ ծառայողներին անդամագրվել առանձին ուղղվածության հասարակական կազմակերպություններին: Իհարկե, օրինագծում որեւէ խոսք չկա ոստիկանական համակարգի կառուցվածքի մասին, բայցեւ որեւէ տողում ամրագրված չեն «ՆԳ նախարարություն», «ՆԳՆ-ում ծառայություն» արտահայտությունները: Փոխարենն ամրագրված է պաշտոնի այնպիսի նոր հասկացություն, ինչպիսին է «Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ»-ը: Սա արդյոք ինքնին արդեն ՆԳՆ կառուցվածքի փոփոխություն չի՞ ենթադրում, առավել եւս, որ օրինագծի հոդված 13-ում՝ «Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու մասին», ամրագրված տարբերություններ կան ՀՀ ոստիկանապետի եւ Ներքին զորքերի հրամանատարի նշանակման իմաստով: Մի դեպքում նախագահը ՀՀ ոստիկանապետ է նշանակում վարչապետի հետ համաձայնեցված կարգով, երկրորդ դեպքում՝ միանձնյա: «Ներքին զորքերն այսօր էլ, ըստ էության, առանձնացված են: Դա ոստիկանության համակարգում գործող զինվորական ստորաբաժանում է, ինչպես ամրագրված է օրինագծում: Կարծում եմ, այստեղ որեւէ խնդիր չկա, առավել եւս, որ ՀՀ Սահմանադրությամբ արդեն իսկ ամրագրված է ՀՀ նախագահի՝ բարձրագույն զինվորականների նշանակման իրավազորությունը: Ի վերջո, Ներքին զորքերը զինվորական ստորաբաժանում է, եւ նրա վրա տարածվում են զինվորական ծառայության կանոնները: Ծառայության անցնելու կարգն ամբողջովին իրականացվում է «Զինվորական ծառայության մասին» օրենքով, որն, ի դեպ, վերջերս ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց»: Այդուհանդերձ, կարծիք կա, թե օրինագիծը ներքաղաքական ներկա պայմաններում շրջանառելը քաղաքական նպատակ եւս ունի: Ու, թերեւս, այդ է նաեւ պատճառը, որ պետական քաղաքական ատյանում՝ խորհրդարանում, օրինագծով այնքան էլ ոգեւորված չեն: «Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ ԱԺ-ում խանդավառություն կա, թե ոչ, բայց խնդիրն այն է, որ արդեն գործում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը, որի ընդունմամբ ամրագրվել է բարեփոխումների իրականացումը պետական ծառայության ողջ համակարգում: Ե՛վ «Զինվորական ծառայության մասին» օրենքը, ե՛ւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրինագիծը, ըստ էության, այդ օրենքի բաղկացուցիչ մասն են»,- պնդեց Տ.Մուկուչյանը: Ի դեպ, նա համաձայն չէ, թե հիշյալ օրինագծով ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներ են լուծվում. «Մենք փորձում ենք պետական ծառայության կոնկրետ բնագավառում հարաբերություններն ավելի քաղաքակիրթ դարձնել, ինչը հարիր է նորմալ պետություններին եւ, որի հիմքերը Հայաստանում արդեն կան»: Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, թե «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով արդեն ամրագրված է, որ Զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության ծառայության անցման առանձնահատկությունները սահմանվելու են համապատասխան օրենքներով. «Մենք պարտավոր ենք դա անել եւ ամբողջական դարձնել պետական կառավարման համակարգի բարեփոխումները»: Ասել է թե, սպասենք նաեւ ազգային անվտանգությունում ծառայության մասին օրինագծին, իսկ քննարկման առարկա նախագծին ավելի մանրամասնորեն օրենսդիրներն իրենք կանդրադառնան: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել