Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԿԱՆՋՆԵՐԻՑ ԲՌՆԵԼՈՒ ԵՆՔ, ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՆՔ ԲԱԺԻՆ»

Հունիս 19,2002 00:00

 Ասում է «ուչաստկովիների» գծով գլխավոր մասնագետը

«Հոկտեմբերի 27»-ի դատավարությունից մի քանի ամիս էր անցել, երբ «Առավոտը» փորձեց ճշտել նախագահ Քոչարյանի կարծիքը դատավարության եւ նրա շուրջն առաջացած համաժողովրդական հետաքրքրության մասին։ Այդ ժամանակ եւ դրանից հետո եւս հանրապետության նախագահը չպատասխանեց հարցին, ավելի ճիշտ՝ պատասխանեց չպատասխանելու պես. նախագահն ասաց, որ ինքը դեռ չի խոսի դատավարության մասին, բայց ասելիք ունի եւ մի օր կխոսի։ Այժմ կարծես մոտեցել է այդ օրը։

Երկրի նախագահը երեկ այցելեց «Ալմաստ» գործարան, որտեղ էլ հայտարարեց. «Դատական պրոցեսը հիմա մտնում է այնպիսի փուլ, որ ես ինձ շատ ավելի ազատ եմ համարելու այդ կարգի պարտավորություններից»։ Նախագահը չէր խոստացել, թե մինչեւ դատական պրոցեսի որոշակի փուլ լռելու է եւ խոսելու է որոշակի փուլի ընթացքում։ Ակնհայտորեն, Ռոբերտ Քոչարյանի համբերության բաժակը լցվել է, եւ նա այլեւս մտադիր է հրապարակային պայքարի մեջ մտնել ե՛ւ ընդդիմության, ե՛ւ հնչած մեղադրանքների դեմ։

Իրեն «27»-ի կազմակերպիչ հայտարարողների մասին նախագահը երեկ ասաց, թե այդ հայտարարությունները տարածողները «անհույս» դեպք են, եւ այս ամենը «կապված է մարդկանց կենսագրության հետ, դաստիարակվածության մակարդակի հետ»։ Պարզապես ակնհայտ էր, որ նախագահ Քոչարյանը որոշել է խոսել։

Խորհրդարանի վերջին հերթական եռօրյան սկսվեց եւ ավարտվեց նախագահի պաշտոնանկության մասին առաջարկով, որը, այդպես էլ, Արմեն Խաչատրյանը չհայտարարեց օրակարգային։ Ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ, երեք օր շարունակ իրենց կանոնակարգային իրավունքը պահպանելով, գրավված պահեցին խորհրդարանի ամբիոնը։ Վերջին օրն ակնհայտ էր, որ ուժային միջամտությունն անխուսափելի է, եւ գրեթե ոչ ոք չէր բացառում, որ ամբիոնը գրավածներին 72 ժամով կկալանեն։ Սակայն իշխանությունն այն ժամանակ մի փոքրիկ «մատ» արեց եւ այդ քայլին չգնաց։ Այսօր կարծես իշխանությունը փոշմանել է։

Նախագահ Քոչարյանը, համենայնդեպս, հայտարարեց. «Այն ժամանակ ես չմիջամտեցի մեկ պատճառով՝ ե՛ւ վարչապետը, ե՛ւ ԱԺ նախագահը ինձ այդ օրվա ընթացքում մի քանի անգամ խնդրել են չմիջամտել, խնդրանքով, որ իրենք կփորձեն կարգավորել հարցերը սեփական ուժերով։ Պատճառը միայն սա էր։ Լուծումները ես ունեմ։ Կարծում եմ, որ պատգամավորի անձեռնմխելիությունը մի քիչ ճիշտ չի մեկնաբանվում։ Ես հետեւում էի նաեւ մամուլին, նաեւ հեռուստատարբեր ալիքների հաղորդումներին։ Այո, չի կարելի առանց ԱԺ-ի համաձայնության քրեական գործ հարուցել, բայց դա չի նշանակում, որ խուլիգանության պահին կամ ինչ-որ արարքների պահին իրավապահներն իրավունք չունեն ուղղակի մեկուսացնել մարդկանց։ Ես ասել եմ, որ մենք ԱԺ-ում ունենք առողջ ուժեր, եւ համոզված եմ, որ դա այդպես է։ Բայց եթե ինչ-որ մի շեղված պատգամավոր վաղը նստի երկաթուղային գծերի վրա, դա չի նշանակում՝ Հայաստանի ամբողջ բեռնափոխադրումները կարող են կանգնել։ Ականջներից բռնելու ենք, տեղափոխելու ենք բաժին, եւ երկաթուղին կաշխատի։ Իրավապահ մարմինները կարգի են հրավիրելու՝ ամբիոնից տեղափոխելու են բաժին եւ պահելու են այնքան, ինչքան որ պետք է՝ մինչեւ նիստի ավարտը»։ Միտումնավոր մեջբերեցինք նախագահի խոսքն ամբողջությամբ, քանի որ խիստ օրիգինալ մտքեր են արտահայտված, եւ արժե, որ հանրությունն իմանա այդ մասին առանց կոսմետիկ փոփոխությունների։

Ընդ որում, նախագահը չի թաքցնում, որ իր համար «կարեւոր չի՝ մեկ պատգամավոր կլինի, երկու, երեք, սա խնդիր չի։ Եվ ասեմ, որ դա նաեւ իմ պարտավորությունն է լինելու, քանի որ Սահմանադրության 49 կետի համաձայն ես պարտավոր եմ ապահովել բնականոն աշխատանքը գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների համար։ Ես պարտավոր եմ դա անել, քանի որ ներկա օրենքը նման վիճակները չի կարգավորում։ Ուրեմն ես այդ վիճակը կկարգավորեմ իմ հրամանագրով»։

Ընդդիմություն, «Հոկտեմբերի 27» եւ Ղարաբաղ. սրանք այն երեք հիմնական հարցերն են, որ պետք է որ գտնվեն իշխանությունների մտածումների ծիրին մեջ։ Նախագահի հետ «Ալմաստ» գործարանում շրջայց կատարող լրագրողներից մեկը նախագահին ուղղել է հետեւյալ հարցը. «Օրերս Ալիեւը շրջանառության մեջ դրեց Լաչինի միջանցքը Մեղրիով փոխանակելու վարկածը՝ մատնանշելով փարիզյան սկզբունքները։ Ինչո՞ւ հենց այս պահին սա մտավ շրջանառության մեջ»։ Նախագահ Քոչարյանն ասաց, որ «խոսքը երբեք չի գնացել միջանցքի մասին, խոսքը գնացել է, այո՛, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ սուվերեն միջանցքի մասին Մեղրիով, խոսքը գնում է ճանապարհով հաղորդակցության իրավունքի մասին։ Սրանից այն կողմ երբեք որեւէ պայմանավորվածություն մենք չենք ունեցել: Կարծում եմ, սա հետաքրքիր է, այստեղ կարելի է միայն ենթադրելով կարծիք հայտնել։ Ինչքան գիտեմ (քանի որ ուսումնասիրում ենք նաեւ Ադրբեջանի մամուլը), իրենք բոլոր իրենց եզրակացություններն անում են ընդդիմադիր մամուլի վրա հենվելով, եւ երեւի Ադրբեջանում տպավորություն է ստեղծվել, որ նախագահ Քոչարյանի վիճակն այնքան վատ է, որ մի բան էլ որ տա, վիճակը կպայթի, եւ մի քիչ ոչ հարմար գործընկերը բանակցային պրոցեսում կարող է չլինել։ Երեւի դա է։ Կարծում եմ, իրենք մտածում են, որ սրանով ինչ-որ նոր նյութ են տալիս ընդդիմությանը՝ նախագահ Քոչարյանի դեմ ակտիվ գործունեություն ծավալելու վերաբերյալ»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930