ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՁԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ Արդեն երկու տարի է՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտին թիվ 27 դպրոցի լավագույն աշակերտները խրախուսվում են «Բախշյան» հիմնադրամի հաշվին։ Այսօր եւս 7-10-րդ դասարանների 22 աշակերտ հանդիսավոր պայմաններում կպարգեւատրվի Յու. Բախշյանի անվան կրթաթոշակով՝ ուսման մեջ ունեցած հաջողությունների համար։ Դպրոցի 6 ուսուցիչներ էլ կստանան պատվոգրեր՝ իրենց ստեղծագործ աշխատանքի, մանկավարժական հմտությունների ու հնարամտության, ինչպես նաեւ աշակերտների մեջ հայրենասիրություն սերմանելու իրենց յուրօրինակ մեթոդների համար։ Ի դեպ, հիշեցնենք, որ արդեն քանի տարի է, ինչ Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում գործում է աշակերտական «Տիր» հանրապետությունը՝ իր նախագահով, վարչապետով, օրենսդիր ու գործադիր մարմիններով։ «Տիրի» կառավարման ընթացքում ծագած խնդիրներին ուսուցիչները երբեք չեն միջամտում. դա տնօրեն Ա. Բախշյանի ցանկությունն ու պահանջն է։ Երեխաները փորձում են ներհանրապետական հարցերը լուծել առանց «արտաքին» միջամտությունների։ Իսկ «Տիր» հանրապետության կրթության ոլորտի ներկայացուցիչներին (աշակերտներին) դրամական խրախուսանքի արժանացնելը ավելի է պարտավորեցնում նրա կրթության նախարարին, որովհետեւ այս հանրապետությունում յուրաքանչյուր նախարար ցանկանում է ժողովրդին՝ աշակերտությանը ներկայանալ իր ոլորտի հաջողություններով։ Սեփ. լր.