Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ ՍՏՎԵՐԻ ՄԻ ՄԱՍՆ Է ՄԻԱՅՆ

Հունիս 18,2002 00:00

ՍԱ ՍՏՎԵՐԻ ՄԻ ՄԱՍՆ Է ՄԻԱՅՆ Երեկ ՊԵՆ-ը Նուբարաշենի աղբանոցում անօրինական արտադրված ալկոհոլային խմիչքների շուրջ 2000 շիշ ջարդուփշուր արեց: Կառավարության թիվ 475 որոշման համաձայն ստեղծված հանձնաժողովը, Պետեկամուտների փոխնախարար Մանվել Եգանյանի գլխավորությամբ, «ոչնչացման» արարողությանը ներկաներին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին հավաստիացրեց, որ գործընթացը շարունակական է լինելու եւ նույնիսկ հետագայում ավելի է խստացվելու: Այսպես է որոշել նախարարությունը պայքարել նաեւ մաքսանենգ ճանապարհով ներմուծված ապրանքների դեմ, հիմնականում՝ ենթաակցիզային: Ըստ պրն Եգանյանի, ներմուծված, բայց չակցիզավորված մինչեւ 20 հազար դրամ արժողության ծխախոտի եւ օղու հայտնաբերման դեպքում տնտեսվարողը ենթարկվում է վարչական տույժի՝ ավելի քան 100 հազար դրամ: Ինչպես նաեւ, ապրանքը ոչնչացվում է: Առավել եւս, որ այդ խմիչքների բաղադրությունը չի համապատասխանում նույնիսկ նվազագույն չափանիշներին: Ավելի մեծ քանակների առգրավման դեպքում տվյալ տնտեսվարողը քրեական պատասխանատվության է ենթարկվում: Ըստ նույն աղբյուրի, արդեն տասնյակից ավելի գործեր են հարուցված դատախազությունում: Մանվել Եգանյանի խոսքերով՝ առայժմ ոչնչացման կարգը գործում է ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների համար: Հետագայում կառավարությունը, ըստ նրա, որոշում կընդունի նաեւ այլ մաքսանենգ ճանապարհով ներկրված կամ անօրինականորեն արտադրված ապրանքատեսակների համար: Իսկ առգրավված ծխախոտը, որը ոչնչացման չէին բերել, պարզվում է բավականաչափ քանակով է՝ քրեական գործ հարուցելու համար: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել