Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անջրպետ՝ հարազատների ու գաղափարակիցների միջեւ»

Հունիս 18,2002 00:00

«Անջրպետ՝ հարազատների ու գաղափարակիցների միջեւ» Հունիսի 28-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում կհիմնադրվի նոր այգի՝ ի հիշատակ Յուրի Բախշյանի ծննդյան 55-րդ տարեդարձի։ Այն իր կանաչով կխորհրդանշի նրա չապրած կանաչ տարիները եւ, անշուշտ, ուրախություն կպատճառի թաղամասի բնակչությանը։ Իսկ Յու. Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը հույս ունի, որ քաղաքի իշխանությունները գուցե համապատասխան նախաձեռնությամբ հանդես կգան ու ամուսնու հիշատակին տնկված այգին կկոչեն հենց նրա անունով։ Հունիսի 28-ին Յու. Բախշյանը կլիներ 55 տարեկան, եթե չլիներ չարաբաստիկ հոկտեմբերի 27-ը։ Սակայն նա չապրեց մինչեւ 2002-ի հունիսը, որովհետեւ ճակատագիրը դավ էր նյութել նրա դեմ։ «Յուրաքանչյուր տարիք իր համն ու հոտն ունի։ Իսկ 55 տարեկան տղամարդու կուտակած փորձը, գիտելիքները, մարդկային հարաբերությունները շտկելու, հասկանալու կարողությունը, այս տարիքում գտնվում է բարձրագույն կետում։ Տղամարդն առավել վստահություն, ապահովություն եւ նվիրվածություն է ներշնչում այս տարիքում։ Կարծում եմ, այսօր Յուրան անվիճելիորեն շատ ավելի պատրաստ կլիներ ծառայելու իր նվիրական՝ պետականության օրենսդիր մարմնի կայացմանը։ Սակայն մենք բոլորս, մասնավորապես, օրենսդիր մարմինը, ներկայումս զրկված ենք Յուրայի աչալուրջ ներկայությունից. ոչ իր կամքով նա ազատված է այդ ծանր պարտականությունից։ Ի՞նչ է կատարվում այսօր, զոհվածների նախկին գաղափարակիցների, կուսակիցների եւ հարազատների միջեւ առաջացել է մի խոր անջրպետ, որը պայմանավորված է «Հոկտեմբերի 27»-ի դատավարության ընթացքով։ Եթե, մասնավորապես, ես սկզբում հավատում էի դատի ընթացքին, ապա այսօր ոչինչ չի վստահեցնում դատը ճիշտ հունով ընթանալու մասին։ Մեր կասկածները գնալով լուրջ անվանումներ են ստանում։ Գործընթացները, որոնք տեղի են ունենում դատավարությանը զուգահեռ, շարունակում են պնդել, որ մեր երկրում տիրում է անպատժելիություն եւ հանցածին մթնոլորտ։ Կոնկրետ ինձ համար այս ամենը ցավալի էր նաեւ այնքանով, որ այդ գործընթացներում ընդգրկված են նաեւ Յուրայի գաղափարակից ընկերները։ Տեսնես ինչպե՞ս կարձագանքեր Յուրան այս ամենին»,- ասում է Ա. Բախշյանը։ Նա երազում է այն բարի օրը, երբ պարզված կլինեն ոճրագործության հեղինակները, ու կխաղաղվեն մարդկանց ալեկոծ հոգիները. «Այդ ամենով առաջին հերթին երկրի նախագահը պետք է շահագրգիռ լինի, որովհետեւ նրա ընտրվել-չընտրվելը այդ հարցից է կախված»։ Անկախ նրանից, թե ովքեր ինչպես են նշելու պետական ու քաղաքական գործչի ծննդյան օրը, նրա կինը՝ Ա. Բախշյանը այդ օրվան յուրովի է պատրաստվում, քանզի ավանդ ունի ամուսնուց ստացած, որ բանաձեւվում է հետեւյալ բառերով. «Ընդհատումը միշտ չէ, որ վերջ է նշանակում»։ Ա. Բախշյանից տեղեկացանք, որ նկարահանվում է նոր ֆիլմ՝ Յու. Բախշյան պետական այր- քաղաքական գործչի մասին։ Անահիտ Բախշյանի հովանավորությամբ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առիթով 2001թ. հրատարակվել է նաեւ «Հայաստանը երգերում» ժողովածուն, որը նա նվիրել է ամուսնուն (ուր տեղ են գտել Մաշտոցի, Խորենացու, Շիրակացու եւ այլոց շարականներ, ազգային-հայրենասիրական, ժողովրդական երգեր)։ Ժողովածուն լուրջ ուշադրության է արժանացել երաժշտական աշխարհում։ Ա. Բախշյանը պատրաստվում է տպաքանակի մեծ մասը նվիրել հանրապետության բոլոր երաժշտական հիմնարկներին՝ մի պայմանով. «Ես նամակով դիմել եմ մշակույթի նախարար Ռ. Շառոյանին։ Բացի իր խոստացած 50 գրքից, որոնք ինքը պետք է գներ գրադարանների համար, պատրաստ եմ նվիրել այնքան գիրք, որքան անհրաժեշտ է երաժշտական մեծ ու փոքր հիմնարկների ու կոնսերվատորիայի համար»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել