Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐԺԱՆԱՎՈՐՆԵՐՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՄԵԴԱԼԻ

Հունիս 18,2002 00:00

ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐԺԱՆԱՎՈՐՆԵՐՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՄԵԴԱԼԻ Մեդալի հավակնորդները հայոց լեզու եւ մաթեմատիկա առարկաներից մասնակցեցին կենտրոնացված քննությունների: Հայոց լեզվի կենտրոնացված քննությանը վերաբերող մեր հարցերին խնդրեցինք պատասխանել առարկայական հանձնաժողովի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Լեւոն Հայրապետյանին: – Պարոն Հայրապետյան, գո՞հ եք հայոց լեզվի քննությանը մասնակցած՝ մեդալի հավակնորդների լեզվական իմացությունից, ինչպիսի՞ն էր ընդհանուր մակարդակը: – Այս տարի ոսկե մեդալի համար անցկացվող հայոց լեզու առարկայի կենտրոնացված քննությանը մասնակցեց մոտ 360 շրջանավարտ: Նրանցից 202-ը՝ մոտավորապես 60 տոկոսը, գնահատվեց 19-20 միավոր եւ իրավունք ստացավ շարունակելու պայքարը այդ պարգեւի համար: Քննության մասնակիցների շուրջ 40 տոկոսը չկարողացավ անցնել հաջորդ փուլ: Կարծում եմ՝ պատճառները շատ են: Թերեւս, առաջին հանգամանքն այն է, որ մեր որոշ դպրոցներ ոչ բարձր պատասխանատվությամբ են մոտենում այս խնդրին եւ չեն ներկայացնում իսկապես պահանջվող իմացություն ունեցող շրջանավարտների: Իհարկե, այդպիսիները շատ չէին, բայց որոշ շրջանավարտներ նույնիսկ ստացան 15, 12 միավոր: Հարցարանները, ինչպես եւ նախապես հայտարարված էր, կազմված էին բացառապես 2001 թ. «Հայոց լեզվի շտեմարանի» նյութերից, ընդ որում այն նյութերը, որոնք երկակիություններ էին պարունակում կամ մասնագիտական ինչ-ինչ դժվարություններ ունեին, մենք վերափոխել էինք ու լիովին համապատասխանեցրել դպրոցական ծրագրի պահանջներին, այնպես որ, դրանք լուծելի էին: Ինչպես գիտեք, առաջադրանքի մեծագույն մասը՝ 1-5-րդ հարցերը, հարցարանային, տեստային հարցեր են եւ բնականաբար ընդգրկում են լեզվի դասընթացի տարբեր բաժինները՝ բառագիտություն, ձեւաբանություն, շարահյուսություն, ոճաբանություն: Առաջադրանքի 6-րդ կետը շարադրությունն էր: Առաջադրանքները գնահատելիս հանձնաժողովը, որը բավական ներկայացուցչական է, առաջնորդվել է դեռ ամիսներ առաջ՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հաստատած՝ գրավոր աշխատանքների ստուգման պահանջներով, եւ, իհարկե, որեւէ սուբյեկտիվ վերաբերմունք չի եղել: Երբեմն ծնողները, ուսուցիչները, քննություն հանձնողներն իրենք շարադրությունը սուբյեկտիվ տարր են համարում: Ասեմ, որ մեր հանձնաժողովը հատկապես շարադրությունը գնահատել է շատ լոյալ, այսինքն՝ մենք նկատի ենք ունեցել մի քանի պահանջ. առաջին՝ համապատասխանություն վերնագրին (որովհետեւ հայտնի բան է՝ մեր շրջանավարտները երբեմն մի քանի թեմա անգիր են անում ու տրված թեման սազեցնում են իրենց սովորած թեմային): Եվ եթե նույնիսկ 70-80 տոկոսով շարադրությունը համապատասխանել է վերնագրին, մենք դա համարել ենք տանելի տարբերակ: Երկրորդը, պարզ է, հաշվի ենք առել ուղղագրական, կետադրական սխալները, որոնք անվիճելի են: Հաշվի ենք առել նաեւ ոճական սխալները: Մեր դպրոցներում 9-10-րդ դասարաններում դասավանդվում է ոճաբանություն՝ հատուկ դասագրքով, եւ գրավոր աշխատանքները գնահատելիս նկատի ենք ունեցել նաեւ սա: Այսինքն՝ շարադրությանը ներկայացվող մեր պահանջն էր, որ աշակերտը կարողանա կապակցված խոսք կազմել, որը լինի լեզվական օրինաչափությունների սահմաններում: Եթե այդ խոսքը հայերեն է, կապակցված է, համապատասխանում է վերնագրին, միանշանակորեն գնահատել ենք 2 միավոր: Նույն այդ՝ շատ չարչրկված շարադրության դեպքում մենք ունեինք փայլուն աշխատանքներ. որոշ շրջանավարտներ դրսեւորել էին խոսքի կառուցման հասունություն, վարպետություն, նույնիսկ գրողական ձիրք: Շարադրությունների մի մասը, իհարկե, կաղում էր այս կամ այն առումով, եւ հասկանալի է՝ հանձնաժողովը չէր կարող այսպիսի աշխատանքները նույնկերպ գնահատել, ինչպես առաջինները: – Կայի՞ն այնպիսի սխալներ, որ առավելապես տիպական էին: – Քննական գրավոր աշխատանքներում առավել հաճախադեպ էին բառակազմությանը վերաբերող սխալները: Շրջանավարտների մի մասը լավ չէր պատկերացրել արմատների, ածանցների հարաբերակցությունը, եւ բառակազմությունը մասամբ կաղում էր: Նկատելի էր նաեւ ուղղագրական, կետադրական ինչ-ինչ կանոնների չիմացություն. դա երեւում էր ոչ միայն 1-ին առաջադրանքի կատարումից, որն ամբողջությամբ միտված է հենց ուղղագրական եւ կետադրական իմացության ստուգմանը, այլեւ մյուս առաջադրանքների գրագիտական մակարդակից: Պետք է ասեմ նաեւ, որ, ընդհանուր առմամբ, մեդալի հավակնորդները իսկապես ներկայացնում են մեր դպրոցների սերուցքը, եւ եթե շրջանավարտն ստացել է 17 կամ 18 միավոր, դա ցածր գնահատական չէ, թեեւ չի համապատասխանում մեդալի շեմին: Բայց սա եւս ցույց է տալիս, որ մեր դպրոցը որոշակի աշխատանք կատարել է: – Կարծում եմ՝ չեն բացառվում նաեւ անուշադրության սխալները: – Իհարկե կային, բայց հանձնաժողովը մեծահոգաբար է վերաբերվել բոլոր աշխատանքներին, բոլոր անուշադրության սխալները, վրիպակները, ի վերջո, հաշվարկային սխալներ չեն համարվել: Նշեմ նաեւ մի փաստ. մոտ 110 շրջանավարտ դիմել էր բողոքարկման, եւ ընդամենը 14 աշխատանքի գնահատական է բարձրացվել: Սա, կարծում եմ, վկայում է հանձնաժողովի չափանիշների կայունության մասին: Բողոքարկման ժամանակ նկատվեց նաեւ, որ գրեթե բոլոր աշխատանքները մենք գնահատել ենք հօգուտ շրջանավարտի. հանձնաժողովը այդպիսի կողմնորոշում ուներ հենց սկզբից: Եվ չի եղել որեւէ դեպք, որ դրսեւորվի խիստ մոտեցում, այսպես կոչված՝ պեդանտություն, ընդհակառակը՝ միշտ նկատի ենք ունեցել, որ մեր առջեւ շրջանավարտ է, որը կարող է ունենալ նաեւ տանելի սխալներ, վրիպումներ: Բարյացակամությունը լիուլի նկատվել է, ու դա ասում էին եւ՛ ծնողները, եւ՛ իրենք՝ շրջանավարտները: Ասեմ, որ քննությունը նույնպես անցավ խաղաղ, հանգիստ մթնոլորտում, որեւէ միջադեպ չեղավ: Երեքուկես ժամվա ընթացքում հանձնաժողովի անդամները շրջում էին շարքերով, պատասխանում էին բոլոր, շեշտում եմ՝ բոլոր կարգի հարցերին, որոնք հիմնականում տեխնիկական բնույթի էին (ինչպես, օրինակ, նո՞ր տողից գրենք, թե՞ ոչ): Այս կարգի՝ տեխնիկական հարցերին նույնպես հանձնաժողովը իսպառ ուշադրություն չի դարձրել, տեխնիկական թերացման պատճառով որեւէ աշխատանքի գնահատական չի իջեցվել: Շրջանավարտների երեւի թե մեկ երրորդը հանգիստ, առանց որեւէ լարվածության, ժամանակից մոտ մեկ-մեկուկես ժամ շուտ ավարտեց աշխատանքը եւ դուրս եկավ քննասենյակից: – Մեդալի հավակնորդներից մի քանիսը, համաձայն չլինելով ոչ միայն գնահատականին, այլեւ բողոքարկման արդյունքին, դիմել է կրկնակի բողոքարկման, եւ, որքան ինձ հայտնի է, նրանց գնահատականները հանձնաժողովը պետք է հիմնավորի: Որեւէ աշխատանք չի՞ վերագնահատվել կրկնակի բողոքարկումից հետո: – Ո՛չ, որեւէ աշխատանքի գնահատական չի բարձրացվել: Մենք վերստին ուշադիր ստուգում ենք այդ աշխատանքները, ու կրկին համոզվում ենք, որ գրեթե բոլոր աշխատանքները հանձնաժողովը ի սկզբանե գնահատել է հօգուտ շրջանավարտի, եւ որեւէ աշխատանք ոչ մի հնարավորություն չի տալիս՝ բարձրացնելու գնահատականը: Հարցազրույցը՝ ՍԱԹԵՆԻԿ ԱԶԱՏՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել