Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուրն այդպես էլ գյուղ չի հասել

Հունիս 18,2002 00:00

Ջուրն այդպես էլ գյուղ չի հասել Կյանքն այսօր շատ է բարդացել եւ մարդիկ սովորել են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, սակայն եթե կա կառավարություն, ապա մարդիկ, ուզած թե չուզած, որոշակի ակնկալիքներ ունեն վերեւներից։ Միանգամայն համոզված լինելով, որ իշխանավորների հանդիպումները, ժողովներն ու խորհրդակցությունները գյուղացու կյանքը բարելավելու կամ էլ հոգսերը թեթեւացնելու համար դժվար թե լինեն, այնուամենայնիվ, հետեւում են բարձր մակարդակով կազմակերպված այդ անցուդարձին եւ արձանագրում, որ հանդիպել են վերադասից «թուքումուր» ուտելու, կամ էլ որեւէ նորանշանակի հասարակությանը ծանոթացնելու նպատակով։ Թերեւս այս անգամվա հանդիպումը բացառություն չէր։ Սիսիանի տարածաշրջանում շրջագայելուց եւ հիմնախնդիրներին մանրակրկիտ ծանոթանալուց հետո, վերջերս Սիսիանի քաղաքապետարանի հյուրընկալ դահլիճում մարզպետ Էդիկ Բարսեղյանը խորհրդակցության էր հրավիրել համայնքների ղեկավարներին ու տարածաշրջանի ֆերմերներին։ Վերջիններս, հրավերը ստանալուն պես, բանուգործը թողած մի կողմ, մեկնեցին հանդիպման։ Մարզպետը մենակ ու ինքնանպատակ չէր եկել, նա աշխատավոր հասարակությանը ներկայացրեց իր նորանշանակ խորհրդական Համլետ Մկրտչյանին, որն այսուհետեւ պետք է աշխատի Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանների համայնքապետերի հետ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքային բյուջեների կարգավորման եւ համայնքային ենթակայության հողերի վարձակալության պայմանագրերի գրանցման ընթացքի եւ մարզում ֆերմերային միություններ ստեղծելու վերաբերյալ հարցերը։ Անտակ ու անծայր կարաս հիշեցնող համայնքային բյուջեի հարցը բուռն քննարկումների ու ժողովի հիմնական թեման դարձավ։ Մարզպետարանի հողաշինության բաժնի պետ Մուշեղ Կոստանդյանը նշեց, որ տեղական բյուջեների հավաքագրումը անցած տարի ընդհանուր առմամբ կազմել է 25,6 %, Սիսիանի տարածաշրջանի համայնքներում՝ 19 %։ Այս տարվա 4 ամսվա տվյալներով, Սիսիանի տարածաշրջանի համայնքներում գումարների հավաքագրումը 5,6 % է։ «Օսկարի» մրցանակաբաշխությունը հիշեցնող այս խորհրդաժողովում Մուշեղ Կոստանդյանը պարտաճանաչ գյուղեր անվանակարգում նշեց 5 գյուղ, իսկ անպարտաճանաչ գյուղերի ցանկում՝ 11-ը։ Վերջիններիս սեփական մուտքերի հավաքագրումը զրոյական մակարդակի վրա է։ Իսկ ո՞րն է այս գլուխկոտրուկի գաղտնիքը. գուցե հարկավոր է անպարտաճանաչ եւ պարտաճանաչ համայնքապետերի փորձի փոխանակո՞ւմ։ Եթե վերադասը, իր ենթակաների աշխատանքից դժգոհ, սիրտը հովացնում է արվածն ու չարվածը անբավարար գնահատելով, ապա ճարահատ գյուղացին ո՞ւմ վրա բարկանա, երբ երաշտի, առատ տեղումների հետեւանքով գրեթե բերք չի ստանում, անգամ 12 պարկ հացահատիկ սերմելուց հետո 4 պարկ էլ չի հավաքում։ Վատ բերք ստանալու դրդապատճառներից են նաեւ անորակ սերմացուն եւ պարարտանյութերը, նաեւ դրանց ոչ ճիշտ ժամանակին ձեռք բերելը, վառելանյութի բացակայությունը։ Անցյալ տարվա սեփական մուտքերի հավաքագրման արդյունքով Սյունիքի մարզը հանրապետությունում 3-րդ տեղում էր, այսօր՝ 6-րդ։ ՀՀ նախագահի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ մշակվել է Սյունիքի մարզի հիմնախնդիրների լուծման ծրագիր։ Մարզպետը նշել է, որ ՀՀ նախագահի հանձնարարականով մարզին լրացուցիչ տրամադրվել է 150 տոննա ազոտական պարարտանյութ։ Ի թիվս բազում հիմնախնդիրների, առաջ է քաշվել սյունեցուն տարիներ հուզող կարեւոր մի հարց՝ Սիսիանի տարածաշրջանի մի քանի գյուղեր Գորիսի ջրամբարից ինքնահոս ջուր հասցնելու խնդիրը։ Թեեւ սրա վերաբերյալ բազմիցս խոսվել ու ծրագրեր են մշակվել, սակայն գործնականում ջուրը այդպես էլ գյուղ չի հասել։ Հուզող հարց է նաեւ Սիսիան- Տոլորս-Դաստակերտ հանրապետական նշանակության ճանապարհի վերանորոգման հարցը։ Տեղացիների հավաստմամբ, ավերակ հիշեցնող, անանցանելի դարձած այս ճանապարհը նույնիսկ երկրորդ համաշխարհայինի տարիներին այսքան անմխիթար վիճակում չի եղել։ Առատ տեղումների ժամանակ ջրափոսերով կարկատան հիշեցնող այս ճանապարհը ոչ միայն մեքենաների անսարքության պատճառ է դառնում, այլեւ անանցանելի է։ Այս հարցերը նոր չեն ո՛չ խնդրի հետ ամեն օր բախվող գյուղացու համար, ո՛չ էլ վերեւների, պարզապես պետք է սատար կանգնել գյուղացուն եւ հիշել, որ ինչ ցանես՝ այն էլ կհնձես։ ԱՐՏՈՒՇ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել