Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն «խաբքերը»

Հունիս 18,2002 00:00

Ոչ միայն «խաբքերը» Սիրողական դիտարկումներ ֆուտբոլի առաջնությունից Շաբաթ եւ կիրակի բոլոր վեճերը ֆուտբոլի մասին էին: Մասնավորապես հունիսի 21-ին կայանալիք Բրազիլիա-Անգլիա 1/4 եզրափակիչ խաղի արդյունքների վերաբերյալ: Այսինքն՝ ենթադրվում էր, որ բելգիացիներին աշխարհի քառակի չեմպիոնները կշրջանցեն հեշտությամբ: Այդպես չեղավ, եւ հիմա բրազիլական հավաքականին եւ սերիալներին համակրող տաքարյուն հայերը այնքան էլ վստահ չեն, որ «գնդակի հրաշագործները» դուրս կմղեն Բեքհեմի թիմին այդ մրցաշարից: Բելգիայի հետ բրազիլացիների խաղը ցույց տվեց, որ ժամանակակից ֆուտբոլը միայն մեր մեկնաբանների ասած անհատական «խաբքերից» չի բաղկացած /իհարկե, այդ «խաբքերից» ցանկացած ֆուտբոլասերի շունչը կտրվում է/, այլեւ ֆիզիկական պատրաստվածությունից եւ խաղի մարտավարությունը կառուցելու շնորհքից: Այս առումով փոքրիկ, բայց հպարտ Բելգիան երեկ ոչնչով չէր զիջում ֆուտբոլային խոշորագույն տերությանը: Ի դեպ, հետաքրքիր էր հետեւել բելգիացիների գլխավոր մարզչին, որն իր կոկիկ կոստյումով եւ շքեղ փողկապով այնպիսի տեսք ուներ, կարծես եկել էր սիմֆոնիկ երաժշտության համերգի, ոչ թե ֆուտբոլի: Ճիշտ է, երկրորդ խաղակեսում Ռոբեր Վասեժը չկարողացավ պահպանել իր այդ ակադեմիական հանգստությունը: Խիստ ակադեմիական էին նաեւ Ռուդի Ֆյոլերն ու իր թիմը: Պարագվայի հետ գերմանացիների հանդիպումից հետո այնպիսի տպավորություն էր, թե վերջիններս խաղադաշտ էին մտել ոչ թե խաղալու, իրենց եւ հանդիսատեսին հաճույք պատճառելու, այլ ինչ-որ տաղտկալի աշխատանք կատարելու: Արդյունքում՝ ձանձրալի 88 րոպե, որոնք կարելի էր մի քիչ փոխհատուցել գարեջրի քանակությամբ: Գերմանացիների բախտը բերել է նրանով, որ ամսի 21-ին նրանք հանդիպելու են ԱՄՆ-ի հավաքականի հետ: Վերջինս, իհարկե, ապացուցեց, որ սկսել է «սոքերին» նույնքան լուրջ վերաբերվել որքան «իսկական» /իրենց/ ֆուտբոլին, բայց այն աստիճանի լուրջ չէ, որ կարողանա Գերմանիային շարքից հանել: 1/8-րդ եզրափակիչում չափից դուրս պրագմատիկ էին նաեւ իսպանացիները: 8-րդ րոպեին Իռլանդիային գոլ խփելուց հետո նրանց ուշքն ու միտքը խաղը մի կերպ «պրծացնելն» էր: Իսկ երկրորդ խաղակեսի վերջում նրանք սկսեցին բացահայտորեն «համը հանել», այդ թվում նաեւ՝ ոչ սպորտային եղանակով ժամանակ ձգել: Դա շատ զայրացրեց շվեդ մրցավարին, որն ի վերջո 90-րդ րոպեին իսպանացիների դարպասին բավականին կասկածելի 11 մետրանոց նշանակեց: Խաղի կանոնների տեսակետից՝ կասկածելի, բայց տրամաբանության առումով՝ արդարացված: Վերջում, 11 մետրանոցների շարքում իսպանացիներին բախտը ժպտաց, եւ իռլանդացիները, ինչպես եւ հարկ է բազմաչարչար լեռնցի ժողովրդին, բարոյական հաղթանակ տարան: Շվեդիան եւ Սենեգալը արժանի մրցակիցներ էին, չնայած տարբերվում էին ամեն ինչով: Ի վերջո բադրիջանագույն սենեգալցիները փոքր-ինչ ավելի համառ եւ դիմացկուն դուրս եկան, քան «ժավելի մեջ գցած» շվեդները: Հետաքրքիր է, որ հունիսի 22-ին Սենեգալը խաղալու է Ճապոնիա-Թուրքիա ոչ այնքան փայլուն զույգի հաղթողի հետ, եւ, հետեւաբար, շանսեր ունի դուրս գալու կիսաեզրափակիչ: Բացի ճապոնաթուրքական այս բանավեճից՝ այսօր նայելու ենք Իտալիա-Կորեա խաղը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել