Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿ ՉՈՒՆԻ»

Հունիս 18,2002 00:00

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿ ՉՈՒՆԻ» Հարցազրույց կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի հետ -Պարոն Մանուկյան, երբ մի խումբ պատգամավորներ գրավել էին ԱԺ ամբիոնը եւ պահանջում էին, որ օրակարգում հայտարարվի «Հոկտեմբերի 27»-ի հանձնաժողովի եզրակացության հիման վրա Ռ. Քոչարյանին պաշտոնանկ անելու մասին առաջարկը, Դուք գտնվում էիք խորհրդարանում եւ նկատելի աշխատանք էիք տանում։ – Միանգամից ասեմ, որ պատահաբար չէի գտնվում խորհրդարանում։ Ձեր նշած մի խումբ պատգամավորների կողմից բարձրացված հարցն առնչվում էր «Հոկտեմբերի 27»-ին, իսկ այն, ինչ առնչվում է «Հոկտեմբերի 27»-ին, չի կարող ինձ անտարբեր թողնել։ Ես 10 տարի պատգամավոր եմ եղել, եւ ինձ համար պարզապես ցավալի էր այն ամենը, ինչ այդ օրերին կատարվում էր խորհրդարանում։ Ես լավ հասկանում էի ընդդիմության այդ քայլի ենթատեքստը եւ, քանի որ «27»-ի զոհերից հետո ես այդ ոճրագործությունից ամենաշատն եմ տուժել, գտնում եմ, որ այդ մասին խոսելու ամենամեծ իրավունքը ես ունեմ։ Այդ պատճառով էլ գնացել էի խորհրդարան եւ բացատրում էի, որ բարձրացված հարցը «27»-ի հետ որեւէ կապ չունի եւ, որ որոշ մարդիկ անձնական հարցեր են լուծում։ Իհարկե, մեր խորհրդարանում կան մարդիկ, նաեւ՝ ընդդիմադիր պատգամավորների մեջ, որոնք շատ լավ հասկանում եւ պատկերացնում են, թե ինչ է կատարվում։ – Պրն նախարար, գուցե քննարկումները եւ ավելի ուշ՝ ՍԴ-ի գնահատականն ավելի շահեկան կարող էին լինել նախագահի համար։ – Համամիտ չեմ: Հարցը բարձրացվեց հոկտեմբերի 27-ից 2,5 տարի անց։ Այսօր այդ թեմայով խոսում են այն մարդիկ, ովքեր նախկինում պնդում էին, թե Քոչարյանը «27»-ի հետ կապ չունի։ Սա ձեզ զարմանալի չի՞ թվում։ Նախագահը քննարկումից չի վախենում, պարզապես, ամեն ինչ պետք է տեղի ունենա օրենքի շրջանակներում, իսկ «27»-ի հանձնաժողովի եզրակացությունից չի բխում պաշտոնանկության մասին առաջարկը։ – Չէ՞ որ «27»-ից անմիջապես հետո, Դուք առաջինն էիք, որ ամենաշատը եւ ամենաբարձրաձայնն էիք խոսում կազմակերպիչների մասին եւ անուններով։ – Այո, հոկտեմբերի 27-ից մոտ 10 օր անց, երբ ուշքի եկա, ինքս իշխանությունների հանդեպ ամենավատն էի տրամադրված։ Բայց հետագայում, 2000 թ. փետրվարի 28-ին վարչապետ Արամ Սարգսյանն ինձ ապացուցեց, որ Ռ. Քոչարյանը կապ չունի «27»-ի հետ եւ ես կարծիքս փոխեցի։ Դեռ այն ժամանակ ես հարցրի Արամ Սարգսյանին. եթե համոզված է, որ Քոչարյանը կապ չունի, ինչո՞ւ է դեմ դուրս գալիս այդ մարդուն, ինչո՞ւ չի միավորվում Քոչարյանի շուրջը, որպեսզի միասնական ուժերով բացահայտենք կազմակերպչին։ Այդ ժամանակ Արամ Սարգսյանն ասում էր, թե իրեն խանգարում են, բայց ի՞նչ կապ ունի խանգարելը։ Դու Սպարապետ եղբայր ես կորցրել, ես իմ կեսն եմ կորցրել։ Եկեք միավորվենք եւ բացահայտենք։ Ես ուզում եմ իմանալ, թե ով է իմ արյունը թափել։ Ասել եմ եւ այսօր էլ կրկնում եմ. «Հոկտեմբերի 27»-ն այսպես քաղաքականացնել՝ հանուն նախագահի աթոռի, ազնիվ չէ։ Վստահ եմ՝ ով էլ լիներ նախագահի աթոռին, այդ հարցը կբարձրանար նրա դեմ։ Թող ժողովրդին ճիշտն ասեն։ Հերի՛ք է ժողովրդին թյուրիմացության մեջ գցեն։ Ես չեմ ուզում, որ մեր ժողովուրդը հիասթափվի «Հոկտեմբերի 27»-ի թեմայից, իսկ դա արդեն տեղի է ունենում։ Չէ՞ որ դա մեր ազգի ողբերգությունն է, մեր ազգի ամոթը։ Եվ չարաչար սխալվում է նա, ով մտածում է, թե այդ ամոթը ձեռնտու էր նախագահ Քոչարյանին։ – Ինչպե՞ս Արամ Սարգսյանը ապացուցեց, որ Քոչարյանը կապ չունի «27»-ի հետ։ – Ա. Սարգսյանն ինձ պատմեց, որ հոկտեմբերի 27-ին Վ. Սարգսյանը եղել է նախագահի մոտ։ ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել են Հայաստանին վարկեր տրամադրելու խնդիրը։ Վ. Սարգսյանը շտապել է եւ ասել, որ պետք է մեկնի ԱԺ՝ հարց ու պատասխանի։ Քոչարյանը պնդել է, որ ՀԲ-ի հետ կարեւոր հարցեր են քննարկվում, եւ ճիշտ կլինի, որ Վազգենը մնա եւ մասնակցի քննարկումներին։ Վազգենն իր հերթին ասել է՝ «Չէ, եթե չգնամ, «բիձեն» կնեղանա», նկատի ուներ Կարեն Դեմիրճյանին։ Քոչարյանն ասել է, որ կզանգի Կարեն Սերոբիչին, կհայտնի, որ կարեւոր հարցեր են քննարկվում եւ վարչապետը պետք է մասնակցի։ Վազգենը չի մնացել եւ մեկնել է ԱԺ։ Հիշում եմ, որ նա ուշացած էլ եկավ։ – Այս մանրամասները որտեղի՞ց էին հայտնի Արամ Սարգսյանին։ – Նույն հարցը ես տվեցի իրեն։ Ասաց, որ մարդ է ուղարկել ԱՄՆ, որը զրուցել է այդ օրվա հանդիպման մասնակիցների հետ, եւ հենց իրենք էլ պատմել են։ Նույն Ա. Սարգսյանն է ինձ պատմել, որ ոճրագործությունից հետո երրորդ օրը ԱԱՆ մեկուսարանում ստիպում էին Ն. Հունանյանին, որ ցուցմունք տա Քոչարյանի դեմ։ – Ռոբերտ Քոչարյան-ընդդիմություն հարաբերություններն ինչպե՞ս են զարգանալու ըստ Ձեզ։ – Ակնհայտ է, որ որքան Քոչարյանը լավ գործեր է կատարում հօգուտ երկրի զարգացման, այնքան ընդդիմությունն ավելի ցայտնոտային իրավիճակում է հայտնվում։ Երեւի գործում է ինչքան վատ, այնքան՝ լավ սկզբունքը։ Միեւնույն է, ի հեճուկս ընդդիմության, Քոչարյանը պետք է երկիրը շենացնի։ – Համաձայնեք, որ այս հարցազրույցը կարդացողները կմտածեն՝ իհարկե, Անդրանիկ Մանուկյանն այս պահին ուրիշ բան չէր էլ կարող պնդել, քանի որ ինքը իշխանություն է եւ լավ հարաբերություններ ունի նախագահ Քոչարյանի հետ։ – Այդպես մտածողները չարաչար սխալվում են։ Ես այս մասին խոսել եմ դեռեւս 2000 թ. մարտի կեսերին ձեր թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի «Հետգրություն» հաղորդաշարի ընթացքում, իսկ այն ժամանակ ես նախարար չէի։ Անդրանիկ Մանուկյանը շատ բան է տեսել եւ հիմա էլ կառչած չէ պաշտոնից։ Արդեն 2 տարի է, ես այս միտքը կրկնում եմ եւ էլի կասեմ։ Ինձ Աստված է պահել։ Աստված ինձ վերակենդանացրել է եւ վերադարձրել այս աշխարհ։ Ես Աստծուն հավատում եմ, վախենում եմ միայն Աստծուց եւ այս պահին ձեզ հետ զրուցելուց դարձյալ վախենում եմ Աստծուց, որ անարդար բան չասեմ, որովհետեւ Աստված ինձ կպատժի՝ եթե ես անարդար լինեմ կամ սխալ բան ասեմ։ Ես ասում եմ ամբողջ ճշմարտությունը, այն, ինչ գիտեմ, այն, ինչ տեսնում եմ եւ այն, ինչ զգում եմ։ Հերի՛ք է, մի քանի հոգով այս երկիրը մատների վրա խաղացնեն։ Ճիշտ է, սա փոքր, բայց երկիր է։ Պետք է այս երկիրը զարգանա։ Կոմունիստների ժամանակ աշխատում էի բարձրագույն ապարատում, այն ժամանակ կար Երեւանի կենտրոնը կառուցելու ծրագիր։ Այդ հզոր իշխանությունը չհամարձակվեց քանդել Երեւանի կենտրոնը եւ այն վերակառուցել, չհամարձակվեց կառուցել Հյուսիսային պողոտան, որի նախագիծը կազմել էր Ա. Թամանյանը դեռեւս 20-ականներին։ Փառք Աստծո, այսօր ձեր աչքի առաջ է, թե ինչ է անում Ռոբերտ Քոչարյանը։ Եվ որեւէ վարկի հաշվին չի անում, արվում է Լինսի հիմնադրամի եւ տարբեր միջոցներով, եւ դա պարտք չի մնում ժողովրդի վզին։ Այսօր Քոչարյանի պատվին հիմնադրամներ են ստեղծվում եւ գումարներ են փոխանցվում Հայաստանը զարգացնելու համար։ Մինչեւ 98 թվականը Գյումրիում որեւէ շենք կառուցվո՞ւմ էր, չէր կառուցվում։ Խնդրեմ, 110 շենք կառուցվում է, եւ ինչքան շենքեր են կառուցվում Վանաձորում, Սպիտակում։ Տեսեք Երեւանի կենտրոնում ի՜նչ է կատարվում. վերանորոգվում են մշակույթի բոլոր կենտրոնները՝ սկսած օպերայից մինչեւ Սարյանի թանգարան, Մատենադարան… – Չե՞ք նկատում, որ Երեւանի կենտրոնը նաեւ քանդվում է։ Նույն օպերայի տարածքում անհասկանալի շինություններ են կառուցվում։ Ժողովրդի սոցիալական վիճակը վատանում է, արտագաղթը չի դադարում։ – Համամիտ եմ, ինքս եմ ասում, որ սոցիալական վիճակը ծանր է։ Բայց Ռոբերտ Քոչարյան նախագահը չունի այն կախարդական փայտիկը, որը մեկ հարվածով կխփի եւ միանգամից կբարելավվի ժողովրդի վիճակը։ Դա արվում է քայլ առ քայլ։ Օբյեկտիվ լինենք. նա չէր հասցրել դառնալ նախագահ՝ «Հոկտեմբերի 27»-ը տեղի ունեցավ, որից հետո դե ֆակտո Քոչարյանի ձեռքին իշխանություն չկար։ Բոլոր լծակները վարչապետ Արամ Սարգսյանի ձեռքին էին։ Կառավարությունն իրենցն էր, քաղաքապետարանն իրենցն էր, երկրապահները մեջքին կանգնած էին, բանակն իրենցն էր, գաղութներն իրենցն էին, գլխավոր դատախազն իրենցն էր, ամեն ինչ իրենցն էր, ու այդ տականքներն էլ գտնվում էին իրենց ձեռքում։ Թող բացահայտեին, ինչո՞ւ չբացահայտեցին։ – Գուցե բացահայտեցին, այդ պատճառո՞վ պաշտոնանկ արվեցին։ – Այսինքն՝ ի՞նչ է նշանակում ձեր հարցը. բացահայտեցին, որ Քոչարյա՞նն է կազմակերպիչը։ Եթե ինչ-որ բան բացահայտած լինեին՝ իրենք պաշտոնանկ չէին արվի, այլ՝ պաշտոնանկ կանեին։ Եթե բացահայտել էին, երկու տարի շարունակ ինչո՞ւ էին լռում Սպարապետի եղբայրը եւ մերձավորները։ Եթե կոնկրետ ասելիք ունենային՝ վաղուց ասած կլինեին։ Վստահ եմ, այս ամենը պարզապես սովորական աթոռակռիվ է՝ ընտրություններից առաջ։ – Չե՞ք գտնում, որ նախագահի պահվածքը եւս անթերի չէ, կոմպրոմիսի չի գնում եւ ինքն իրեն այնպես է պահում, կարծես, «27»-ը տեղի է ունեցել ոչ թե իր երկրում, այլ ընդդիմության երկրում։ – Ասում եք՝ Քոչարյանը կոմպրոմիսի չի գնում։ Իսկ ովքե՞ր են այսօրվա ընդդիմությունը. նրանք, ովքեր ունեին լծակներ եւ այսօր չունեն… – Ո՛չ, այսօրվա ընդդիմություն են նաեւ հոկտեմբերի 27-ին սպանված Վազգեն Սարգսյանի եղբայրը եւ Կարեն Դեմիրճյանի որդին… – Ես առաջարկել եմ եւ հիմա էլ առաջարկս կրկնում եմ՝ «Հոկտեմբերի 27»-ից երկուսուկես տարի է անցել, այդ գործը վերջիվերջո բացահայտվելու է։ Եկեք մենք՝ տուժածներս եւ զոհվածների հարազատները, փարատենք կասկածները Քոչարյանի վրայից եւ նրանից՝ որպես երկրի նախագահ պահանջենք, որ բացահայտվի «Հոկտեմբերի 27»-ը։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Քոչարյանն ասում, որ չի միջամտելու «27»172ի գործին։ Ի՞նչ եք կարծում՝ նրան կասկածում են, եւ ինքը պետք է միջամտի՞։ Ո՛չ, նա ճիշտ է վարվում, երբ որպես երկրի նախագահ ասում է, որ չի միջամտելու եւ արդար դատավարություն է պահանջում։ – Բայց մենք գոնե գիտենք, չէ՞, որ դատարանը ո՛չ արդար է, ո՛չ էլ անկախ։ Կարծում եմ, այդ մասին գիտի նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ – Համենայն դեպս, բոլոր զոհվածների իրավահաջորդները դատարանում ներկայացուցիչներ ունեն։ Մինչ այժմ բացի Օ. Յունոշեւից որեւէ փաստաբան հանդես չի եկել հայտարարությամբ, թե դատավարությունն արդար չէ։ Ես զարմանում եմ, երբ ասում են, թե մեր երկրում ժողովրդավարություն չկա։ Բայց էլ ինչքա՞ն լինի, երբ կանգնում-հայտարարություններ են անում եւ անպատիժ ման են գալիս։ – Անպատիժ ման չեն գալիս։ Օրինակ, Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվեց։ – Մուշեղ Սաղաթելյանն իմ քավորն է, եւ ես շատ ցավում եմ, որ այդպես եղավ։ Ես ինքս ավելի լավ գիտեմ, թե ինչպես էր մտածում Մուշեղ Սաղաթելյանը։ Պարզապես Մուշեղ Սաղաթելյանը որոշ մարդկանց ձեռքի քաշվածն է։ Նրան հենց իր ընկերները քաշեցին։ – Սակայն, փաստ է, որ «Հոկտեմբերի 27»-ի հետ կապվում են նախագահի մերձավորներից մի քանիսի անունները։ – Կրկնում եմ՝ Քոչարյանը «27»-ի կազմակերպման հետ որեւէ կապ չունի, այլ հարց է, որ ինքը երկրի նախագահն է, իսկ այս երկրում կատարված նման բաների համար պատասխանատուն առաջին հերթին նախագահն է։ Ընդդիմությունն այսօր ինչ որ անում է, անում է Քոչարյանի աթոռի համար եւ ոչ թե Քոչարյանի դեմ։ Նախագահի աթոռին ես նստած լինեի՝ ինձ կասեին՝ դու ես կազմակերպել, դու նստած լինեիր՝ կասեին դու ես կազմակերպիչը։ Եվ փաստ է նաեւ այն, որ 27-ի գիշերը բերել-ցուցակ են դեմ տվել Քոչարյանին՝ վարչապետից սկսած բոլոր պաշտոնները ստանալու համար. երբ որեւէ մեկը չգիտեր, թե ինչ է կատարվել այնտեղ։ Ականատեսները շատ լավ հիշում են, թե ինչպես է այդ մարդկանց հայհոյել եւ վռնդել Քոչարյանը։ – Ե՛վ այն ժամանակ, ե՛ւ այսօր շարունակում է կասկածելի թվալ, որ երկրի նախագահն առանձին հանդիպեց ահաբեկիչներին։ – Իսկ ի՞նչ աներ։ Ես հետո իմացա, որ հարցը դրված էր. կա՛մ հանդիպում, կա՛մ գնդակահարվում են բոլոր պատգամավորները։ Ի՞նչ աներ երկրի նախագահը։ Իսկ Քոչարյանը սովորական նախագահ չի։ Մի մոռացեք, որ նա Ղարաբաղի պատերազմի հաղթող գլխավոր հրամանատարն էր։ Նրանք միասին են շահել այդ պատերազմը Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի եւ Սամվել Բաբայանի հետ։ Մի բան լավ իմացեք՝ Քոչարյանը ո՛չ կրակոցից է վախենում, ո՛չ էլ զենքից։ Նա գնացել էր պատգամավորներին փրկելու։ Եվ այսօրվա նրա բոլոր գործերը կրկին խոսում են նրա ռիսկի մասին։ – Դա նաեւ նախընտրական քարոզարշավ է։ Մոտենում են նախագահական ընտրությունները։ Ի՞նչ կանխատեսում ունեք. ո՞վ կընտրվի երկրի նախագահ։ – Նախ՝ ձեր կարծիքը ճիշտ չէ, թե սա նախընտրական քարոզարշավ է։ Քոչարյանը մինչ այդ զբաղված էր երկրի ներքին կայունությունը պահպանելու խնդիրներով եւ, երբ քաղաքական իրավիճակը հանդարտվեց, Քոչարյանը սկսեց զբաղվել տնտեսությամբ։ Նա ծրագրեր ունի մինչեւ 2008-2010 թվականները։ – Ուզում եք ասել՝ վստահ է, որ ինքը ընտրվելո՞ւ է։ – Իհարկե, ընտրվելու է եւ ընտրվելու է արդար ընտրությունների արդյունքում։ Կա՞ մեկը դեմը՝ համեմատենք բոլոր հավակնորդներին Քոչարյանի հետ, համեմատեք եւ դուք՝ որպես քաղաքացի, ասեք, թե ո՞ւմ օգտին կքվեարկեք։ – Ես երբեք որեւէ նախագահի օգտին չեմ քվեարկել եւ չեմ էլ պատրաստվում քվեարկել։ – Դե, այս տարի, եթե դու տեսնես, թե ովքեր են լինելու Քոչարյանի հակառակորդները, համոզված եմ, որ Քոչարյանի օգտին կքվեարկես։ Լավ-վատ, Քոչարյանն այս երկիրը կառուցում է, անիվը պտտվում է։ Ճիշտ է՝ ժողովրդի սոցիալական վիճակը վատ է, բայց դա միանգամից չի կարող լավանալ։ Եվ եթե ձեզ թվում է, թե Հայաստանում ապրող 3 մլն բնակիչը միայն պիտի ընտրի երկրի նախագահ՝ շատ եք սխալվում։ Երկրի նախագահը պիտի ընդունվի աշխարհի կողմից՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ այլ երկրների կողմից։ – Ուզում եք ասել, որ Քոչարյանն ընդունվո՞ւմ է։ – Այո, իհարկե։ Անցյալ տարի 19 երկրի նախագահ եկավ Հայաստան։ Այս տարի նա արդեն 9 այց է կատարել։ Այս ամենը հենց այնպես չի լինում եւ հերիք է ժողովրդին ապակողմնորոշեն։ Ամեն ինչ արվում է աթոռի համար։ Եկեք մի հատ աթոռ սարքենք, դնենք օպերայի հրապարակում՝ իրեն նախագահ երեւակայողը թող նստի։ Բայց թողեք Քոչարյանը կառուցի երկիրը։ – Սակայն Ռ. Քոչարյանը նախագահ դարձավ ոչ թե երկիրը կառուցելու, այլ Ղարաբաղի հարցը լուծելու համար։ – Այո։ Եվ Ղարաբաղի հարցը պիտի լուծի միա՛յն ղարաբաղցին։ – Դուք ի՞նչ գիտեք բանակցությունների մասին։ Խոսվում է, որ կրկին քննարկվում է Մեղրու տարբերակը։ – Այդ ամենը հերյուրանք է։ Եվ Ղարաբաղի գլխավոր հրամանատարը, որը հաղթել է պատերազմում՝ իր գրաված տարածքները չի տա ոչ մեկին։ Իրանում նա պարզ հայտարարեց, որ Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել եւ չի լինելու։ Դա արդեն բավական է՝ ի՞նչ Մեղրու հարց, ինչ բան։ Հիմա պիտի կառուցենք Քաջարանի թունելը, շուտով կսկսվի Մեղրու ԳԷՍ-ի կառուցումը։ Այս ամենը չի՞ նշանակում, որ Քոչարյանը Ղարաբաղը տվող չի, եւ այդ բլեֆներին հերիք է հավատաք։ – Պրն Մանուկյան, բայց ինչո՞ւ եք այդքան հավատում Ռոբերտ Քոչարյանին։ – Ես հավատում եմ Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ 2 տարի աշխատել եմ նրա հետ եւ համոզվել, որ նա անկաշառ եւ ազնիվ մարդ է եւ լավ ղեկավար։ Մնացած բոլոր բաները, որ հնչում են նրա հասցեին՝ դատարկ հերյուրանք են։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930