ՕՐԵՆՔՆԵՐ ՈՒՆԵՆՔ՝ ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ Մինչ ընդդիմությունը շունչը պահած սպասում է ԱԺ աշնանային նստաշրջանին՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության հարցն ԱԺ-ում քննարկելու, այսպես կոչված՝ դիմությունը լուրջ քայլեր է նախաձեռնում՝ կանխելու համար նիստերը բոյկոտելու ընդդիմության հնարավոր բոլոր միջոցները, որոնք թույլ է տալիս ԱԺ նոր կանոնակարգը։ Ըստ հավաստի լուրերի, խորհրդարանական մեծամասնությունն արտահերթ նստաշրջանի ընթացքում լուրջ անակնկալներ է պատրաստում ԱԺ փոքրամասնության համար։ Այսինքն՝ ընդդիմության, որոնք զավթելով ԱԺ ամբիոնը, խանգարեցին իրենց՝ օրինաստեղծներին, աշխատել վերջին եռօրյայի ընթացքում։ Մեր զրուցակից դիմադիրը, որը չցանկացավ հրապարակել իր անունը, մեզ վստահեցրեց, որ արտահերթ նստաշրջանի ընթացքում իրենք ստորագրահավաք են կազմակերպելու, որպեսզի հանդես գան ԱԺ նոր կանոնակարգում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ։ «Մենք դա կանենք եւ չենք սպասի, որ սեպտեմբերին նրանք գան ու նորից ամբիոնը պինդ գրկեն ու կանգնեն»,- ասաց ԱԺ մեծամասնության ներկայացուցիչը։ Իսկ հարցին՝ թե ով է այն նախաձեռնելու, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամենաբարդ խնդիրը դա է. շատերն են ուզում այդ նախաձեռնությամբ հանդես գալ, եւ այժմ այդ հարցն է քննարկվում։ Դաշնակներն իրենք են ուզում ներկայանալ որպես նախաձեռնողներ, իսկ հանրապետականները չեն համաձայնում՝ ասելով, թե դա պետք է իրենք անեն»։ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանից տեղեկացանք, որ արտահերթ նստաշրջանի օրակարգում այդ հարցը չկա։ Սակայն վերջինս ընդգծեց, որ ցանկացած պահի պատգամավորները կարող են հանդես գալ նման նախաձեռնությամբ. «Կարող են ստորագրահավաք կազմակերպել, 44 ստորագրություն հավաքել եւ ներկայացնել «ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, եւ նշել այն ժամկետը, որի ընթացքում պետք է հարցը քննարկել։ Իսկ 44 ստորագրության առկայության դեպքում հարցի քննարկումն արտահերթ օրակարգ է ընդգրկվում առանց քվեարկության»։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ԱԺ մեծամասնության այս նախաձեռնությունն այսպես մեկնաբանեց. «Եթե խորհրդարանական մեծամասնությունը նպատակ ունի վերանայել ԱԺ կանոնակարգի 22-րդ հոդվածը, ապա նրանք պետք է իմանան, որ օրենքը հետադարձ ուժ չունի եւ, միեւնույն է, անխուսափելի է Քոչարյանի պաշտոնանկության հարցի քննարկումը։ Իսկ եթե կանոնակարգի փոփոխությունները միտված են պատգամավորների գործողությունների սահմանափակմանը, ապա մենք ստիպված կլինենք արձանագրել, որ փորձ է արվում վերահսկելի դարձնել խորհրդարանը»։ Սուրեն Սուրենյանցը նաեւ նշեց, որ իրենց տեղեկություններով, ԱԺ մեծամասնությունը կանոնակարգի այդ փոփոխություններն ուզում է «ծառայեցնել նրան, որ սահմանափակվի պատգամավորների քաղաքական գործունեությունը»։ «Իրենք մեխանիզմ են մշակում, որ եթե պատգամավորները հաջորդ անգամ նորից որոշեն բոյկոտել ԱԺ նիստերը, դա համարեն օրինազանցություն եւ կարողանան համապատասխան միջոցներ ձեռնարկել նրանց համար,- ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամը։- Իսկ դա արդեն նշանակում է, որ մենք գործ ունենք ժողովրդավարության հետընթացի եւս մեկ դրսեւորման հետ։ Սակայն ուզում եմ արձանագրել, որ այս պահին ԱԺ կանոնակարգը փոխելու հիմքեր չկան, եւ անհանդուրժելի է, երբ օրենքը հարմարեցված է կոնկրետ քաղաքական իրավիճակին»։ Կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանը, որին ԱԺ ամբիոնը շատ էր դուր եկել, ու նա որոշել էր այլեւս այնտեղից չիջնել, ասաց. «Ես դա կատակով եմ ասել, ինձ դա դուր չի եկել։ Ինձ վրա ամենից շատ ազդել է այն, որ տեղից վեր կացող ամեն մեկն ասում էր, թե նախագահին մեղադրելու համար իրավական հիմք չկա։ Փաստորեն՝ կա։ Բայց, ի սեր Աստծո, ո՞վ է ասել, թե հանրապետության նախագահին բերեք՝ մեղադրենք։ Մենք ասում ենք՝ կասկածները պետք է փարատվե՞ն, թե՞ ոչ։ Իսկ եթե չեն ուզում, որ դրանք փարատվեն ու ավելի են խորացնում այդ կասկածները, ապա դա արդեն կասկած չի, այլ՝ իրականություն։ Ոնց որ դա իրական է, ու նրանք ուզում են ապացուցել, թե այդպես չի եղել»։ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն ԱԺ մեծամասնության այդ «մտահղացումը» գնահատեց բացասական եւ նկատեց. «Պարզվում է, որ Հայաստանի օրենքներն այնքան էլ վատը չեն, որոնք թույլ են տալիս ընդդիմությանը ինչ-ինչ հարցեր լուծել, տվյալ դեպքում՝ խորհրդարանում եւ ԱԺ կանոնակարգով, որից մեծամասնությունն ուզում է իրեն ապահովել։ Նրանց այդ նախաձեռնությունն այդ մասին է միայն վկայում։ Փաստորեն նրանք ուզում են ետ վերցնել ԱԺ փոքրամասնության այն իրավունքները, որոնք նրանց տրվել էին բոլորովին վերջերս։ Այդ օրենքները փոքրամասնության իրավունքները երաշխավորող օրենքներ էին։ Այդ գործողությանը բացասաբար եմ վերաբերվում եւ կարծում եմ, որ ԱԺ մեծամասնությանը կհաջողվի այն իրագործել»։ Ինչեւէ, այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում պարզ կդառնան մեծամասնության բոլոր այն «անակնկալները», որոնք նրանք սրտատրոփ շտապում են մատուցել։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ