Լրահոս
Օրվա լրահոսը

Տոն, որ երեխաներինը չէր

Հունիս 15,2002 00:00

Տոն, որ երեխաներինը չէր Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, իրենց կյանքում թերեւս առաջին անգամ, թիվ 193 մանկապարտեզի սաներն իրենց անպաշտպան զգացին: Այդ օրը Ազատության հրապարակում էին քաղաքի բոլոր մանկապարտեզներից ընտրված մեծ թվով փոքրիկներ: Կազմակերպված միջոցառմանը յուրաքանչյուր մանկապարտեզ մի երկիր էր ներկայացնում, թիվ 193-ը՝ Ճապոնիան: Տոնակատարությանը մասնակցելու համար բնականաբար անհրաժեշտ էր եղել համապատասխան հանդերձանք: Վերոնշյալ մանկապարտեզի տնօրենն էլ՝ Ռոզա Հակոբյանը, դիմել է ծնողներին, որպեսզի վերջիններս ըստ ցանկության 8000 դրամ վճարեն՝ համազգեստ պատվիրելու համար: Այս մասին մեզ տեղեկացրեց խմբագրություն այցելած ծնողներից մեկը՝ Գեւորգ Գեւորգյանը, ավելացնելով, որ միջոցառման ավարտից անմիջապես հետո, հենց Օպերայի շենքում, երեխաների հագից հանվել են համազգեստները եւ «փոխանցվել մանկապարտեզի ֆոնդին», ինչն էլ ազդել է երեխաների հոգեբանության վրա (երեխան ամբողջ օրը լաց է եղել), քանի որ մանկավարժները նրանց նախապես չեն զգուշացրել, որ հագուստը նախատեսված է միայն միջոցառման համար: Բացի այդ, տնօրինուհին ծնողների հետ եւս անկեղծ չի եղել եւ չի համաձայնեցրել, թե պատրա՞ստ են արդյոք նրանք 8000 դրամ նվիրաբերել մանկապարտեզին: Միայն այդ նպատակով Գեւորգ Գեւորգյանը դժվար թե վաճառեր իր մատանին եւ իր մոր թոշակն էլ դժվար թե տրամադրեր այդ «գործին»: Գ. Գեւորգյանը, տեսնելով, որ անհնար է տիկին Հակոբյանի հետ համաձայնության գալ (նույնիսկ առաջարկել է մեկ172երկու այլ բեմական զգեստ տրամադրել մանկապարտեզին՝ այդ զգեստի դիմաց), դիմում է Կենտրոն թաղապետարանի կրթության բաժին, բայց անարդյունք եւ պարոն Գեւորգյանը ստիպված դիմել էր մամուլի օգնությանը։ Երբ փորձեցինք նաեւ մանկապարտեզի տնօրինուհուց բացատրություն ստանալ, թերթի անունը նրան բավական եղավ, որ առանց հարցը լսելու անմիջապես անցներ հարձակման. «Լսեք, դուք բանուգործ չունե՞ք, էդ ի՞նչ է ձեր գործը, ուրիշ անելիք չունե՞ք: Ինչո՞ւ պետք է հագուստը վերադարձնեի, եթե ես նրա վրա այդքան աչք եմ քոռացրել, յուղաներկով ներկել եմ տվել վրան, եւ հետո այդ շորը երեխան ոչ մի տեղ չի կարող հագնել, դա հատուկ միջոցառման համար էր կարված»: Վերջին մտքի հետ համաձայն ենք, բայց այդ ամենը երեխային էր պետք նախապես բացատրել, եւ ոչ հիմա՝ մեզ: Տիկին Հակոբյանը չէր հանգստանում. «Դուք ուրիշ բանուգործ չունե՞ք, դուք ավելի լավ է մտածեք, թե ինչպես լուծել երեխայի սննդի հարցը»։ Տնօրինուհին կրկին շփոթեց հասցեները. առաջարկը նա ինքն իրեն պետք է ուղղեր եւ հատկապես պահարանը հարստացնելու համար նման ծախսեր անելուց առաջ: Իսկ եթե մանկապարտեզն ի վիճակի չէ երեխայի սնունդը հասցնել բավարար մակարդակի, գուցե թույլ տա, որ ծնո՞ղն այդ բացը լրացնի իր տանը, իր մոր թոշակով կամ այլ կերպ: Իհարկե, խոսակցության վերջում տիկին Հակոբյանը որոշեց վերադարձնել Գ. Գեւորգյանի գումարը (թեեւ վերջինս էլ պնդում է, որ խնդիրը միայն այդ գումարը չէ, այլ որ իրենց խաբված են զգում), իսկ մյուսները… Ռ. Հակոբյանի պնդմամբ ուրիշ «դժգոհներ» չկան, իսկ Գ. Գեւորգյանի հավաստմամբ՝ կան ծնողներ, որոնք պարզապես չեն ուզում նման քաշքշուկի մեջ ընկնել: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել