ՈՒՇԱԳՐԱՎ ՓՈՐՁ Համաշխարհային բանկի վաշինգթոնյան, ինչպես նաեւ հայաստանյան բաժանմունքների մի խումբ աշխատակիցների եւ խորհրդատուների ջանքերով ինֆորմացիոն տեխնոլոգիաների սեկտորում Սփյուռքի եւ ԱՊՀ երկրների փորձի կիրառմամբ իրականացվել է զարգացման փորձարարական ծրագիր։ Ծրագրի ղեկավարները՝ Հայաստանում ՀԲ ներկայացուցիչ Օուեյս Սաադաթն ու ՀԲ գլխավոր տնտեսագետ Լեւ Ֆրեյնկմանն են։ Ծրագիրն իրականացնող խումբը շահել է կրթության եւ զարգացման գլոբալ ցանցի կողմից հայտարարված տեսակոնֆերանսների եւ հետեւողական ինտերնետ համակարգի ստեղծման մրցույթում։ Ծրագրի նպատակն է արդյունավետ եւ հետեւողական երկխոսություն ծավալել ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ աշխատող պետական եւ մասնավոր համակարգերի միջեւ, որոնք այդ բնագավառում ձեռք բերված կենսափորձ ունեն եւ գործում են Հայաստանից դուրս։ Հեղինակները փորձել են համակցել ներկայացուցչությունների եւ կազմակերպությունների փորձը՝ Հայաստանում ԻՏ սեկտորի զարգացման նպատակով (հայկական Սփյուռքի կողմից արտասահմանում ձեռք բերած աշխատանքային փորձի կիրառմամբ)։ Տարբեր խմբերի եւ հետաքրքրությունների համատեղումը՝ ԻՏ ոլորտում մրցակցության առկայության պայմաններում անհրաժեշտ պայման է դիտվում։ 2002թ. ապրիլ-հունիս ամիսներին անցկացված Երեւան-Վաշինգթոն-Բոստոն-Մոսկվա երեք տեսակոնֆերանսները նվիրված էին ԻՏ դերին՝ հայկական ապրանքների արտահանման, արտասահմանյան կապիտալի ներգրավման գործընթացներում։ Կոնֆերանսներին ակտիվ մասնակցություն են ունեցել տարբեր նախարարությունների, մասնավոր ընկերությունների, դոնոր կազմակերպությունների, համալսարանների, բարձրագույն տեխնոլոգիաների, Ամերիկայի հայկական միության եւ Մոսկվայի գիտական պարկի ներկայացուցիչներ, ՀԲ եւ ԱՄՀ-ի աշխատակիցներ։ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ