Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՑԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունիս 15,2002 00:00

սկիզբը՝ հունիսի 8-ի համարում ԿԱՆԱՑԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Օրենքները նրա համար չեն գրված, օրենքներն ինքն է գրում» Ժանգոտված կշեռք, կոտրված ջահ, հնամաշ աթոռ եւ… բազում գրքեր Երրորդ անգամ տունը Տեր-Մանուելյանցների իրերից, այսպես ասած, «ազատել են» 2001թ. հունվարի 15-ին: Հարկադիր կատարող Ս. Թադեւոսյանը Իսրայելյան 34 տունը Մանուելյանցների իրերից վերջին անգամ ազատելու ժամանակ արձանագրության մեջ նշում է. «Ժամը 11-ին գործով պահանջատեր, Իսրայելյան 34 տան սեփականատեր Մ. Կակոյանը բացեց մուտքի դուռը եւ մատնանշեց այն գույքը, որը պատկանում էր պարտապանին եւ պետք է տեղափոխվեր նշված հասցեից: «Ցուցակ` ապակյա երեք մոմանոց կոտրված ջահ, բռնիչը կոտրված թեյնիկ, փայտից աթոռ` հնամաշ, կենցաղային կշեռք` ժանգոտված եւ գրքեր…»: «Գուցե դեռ տանն է իմ գույքը, համենայնդեպս, մինչեւ հունվարի 15-ը տանը սառնարան կար, արտասահմանյան կարի մեքենա8230 եւ այլն: Չէ՞ որ Ս. Թադեւոսյանի ասելով գրառել է այն գույքը, որը «մատնանշել» է Մ. Կակոյանը»,- իրավասու ատյաններին հարցնում է տ. Ալեֆտինան: Հարեւանները վկայում են, որ Ալեֆտինա Տեր-Մանուելյանցը իր ավտոտնակում մեծ քանակությամբ շինանյութ էր ամբարել՝ տունը հիմնովին վերանորոգելու համար: Շինանյութն անհետացել է տունը նրանց իրերից «ազատելու» ժամանակ: 23.02.96թ. ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանին ուղղված բողոքում նա գրել է, որ 93թ. սեպտեմբերի 30-ին իրենց վտարել են տնից, միաժամանակ հափշտակել սեփական գույքը: Հարեւանները տեսել են, թե ինչպես Հ. Կակոյանի որդին եւ աղջիկը եկել են մեծ բեռնատարով եւ տարել իր իրերը: Դիմումին կից ներկայացրել է անհետացած շինանյութի ու իրերի մի քանի էջանոց ցուցակ: Դիմումն անհետեւանք է մնացել: Որոշ ժամանակ անց իրավապահ մարմիններին դարձյալ ահազանգել է գողության նոր դեպքի մասին` կրկին ներկայացնելով հափշտակված իրերի մի նոր ցուցակ: Նրա ներկայացրած նյութերն իրավապահների «ուշադրությանն» են արժանացել միայն 1999 թվականին: «26.08.99թ. Ձեր գույքի գողության փաստով Կենտրոնի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել, որը 26.10.99թ. կասեցվել է հանցագործությունը կատարած անձը հայտնի չլինելու պատճառով»,-պատասխանել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազ Վ. Շահինյանը: Հաջորդող բոլոր դիմումներին տրված պատասխաններով դատախազությունն ու ՆԳՆ քննչական վարչությունը ձգտել են տպավորություն ստեղծել, թե զբաղվում են գողության փաստով: Միակ փաստարկն այն է, որ Ա. Տեր-Մանուելյանցի դիմումները վերահասցեագրել են միմյանց` դրանով իրավապահ մի օղակից մյուսին փոխանցելով քննություն կատարելու պարտավորությունը: Քանի որ «ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների» արդյունքում հանցագործը դարձյալ չի հայտնաբերվել, անհետացած նոր իրերի ցանկը գնալով փոքրացել է` վերջում մնալով այն, ինչ նշվել է վերնագրում: Նախարարը չի ընդառաջում ոչ մի հարցում Տ. Ալեֆտինայի փաստաթղթերի փաթեթը, որոնք հավաքել է 9 տարվա գրագրության արդյունքում, երեք հաստափոր պայուսակից ավելին է: Դեռեւս հույսը չկորցրած` նա շարունակում է բողոքներ գրել դատական համակարգի եւ իրավապահ մարմինների բարձր ու ցածր չին ունեցողներին: «Միշտ խորհուրդ են տալիս` չհամաձայնելու դեպքում դիմել դատարան: Իմ գործի վերաբերյալ 35 վճիռ կա արդեն, որոնք ոչինչ չեն փոխել: Եթե այդքան գումար ունենայի, միանգամից տուն կգնեի»,- ասում է տիկին Ալեֆտինան: Արդարադատության համակարգում լավ են ճանաչում նաեւ Մարինե Կակոյանին: Հայտնեցին, որ նա մի քանի անգամ դիմել է դատավորների պաշտոնեական պիտանիության ցուցակում ընդգրկվելու համար, սակայն նախարարը չի ընդառաջել: Այսպես, նախարարը չի ընդառաջում Մ. Կակոյանի դատավոր դառնալու ցանկությանը, չի ընդառաջում նաեւ տ. Ալեֆտինայի` արդարությունը վերականգնելու դիմումներին: «Վերը նշված վճիռը դուք օրենքով սահմանված ժամկետում չեք բողոքարկել, որը նշանակում է վճռի հետ համաձայն եք եղել»,- պատասխանել է նախարարը: «Օրենքները նրա համար չեն գրված, օրենքներն ինքն է գրում» Սա այն բազմաթիվ բնութագրումներից մեկն է, որով Մարինե Կակոյանին ներկայացնում էին ծանոթները: Նրանց չէր զարմացնում տիկին Կակոյանի որդեգրած մարտավարությունը` դատարան դիմել միայն այն ժամանակ, երբ հակառակորդը կամ վկաներն այլեւս չկան: Դատարանում քննված մեկ այլ գործի տվյալներով, նախկին ՀՀ գլխ. դատախազ Արտավազդ Գեւորգյանի օգնական Անդրանիկ Հարությունյանի քույրերը, դիմելով դատարան, հայտնել են, որ Մարինե Կակոյանը իրենց եղբոր հետ ամուսնության գրանցման վկայական է ունեցել: Մինչեւ Մ. Կակոյանի հետ ամուսնանալը, իրենց եղբայրն ունեցել է իր անվամբ գրանցված ամառանոց եւ երկու ավտոմեքենա՝ ՎԱԶ 2121 եւ ԳԱԶ 24-10 մակնիշների: ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան հավատարմագրով տրվել է Մ. Կակոյանին` օգտագործելու նպատակով եւ մինչ օրս նրա մոտ է: Քանի որ ամուսնության ընթացքում արժեքավոր ոչ մի գույք ձեռք չեն բերել, նրանց ամուսնալուծությունը 95թ. տեղի է ունեցել զագսի միջոցով: 99թ. ապրիլի 23-ին Ա. Հարությունյանը մահացել է: Վերջինիս հարազատները պատմում են, որ եղբոր մահից հետո բնակվում էին Նաիրիի շրջանի Արգել գյուղում գտնվող ամառանոցում եւ Երեւան են վերադարձել նոյեմբերի 1-ին: Նոյեմբերի 18-ին պահակը հեռախոսով տեղեկացրել է, որ ամառանոցի դարպասի կողպեքը փոխված է եւ չի կարողանում բակ մտնել: «Հաջորդ օրը գնացինք ամառանոց եւ տեսանք, որ մուտքի փականը, իրոք, փոխված է, եւ միլիցիայի համազգեստով մի անձնավորություն պահակություն է անում բակում: Նա մեր հարցին պատասխանեց, որ ինքը ՆԳՆ 1-ին ռազմական ջոկատի ծառայող է, իրենց պետ Անդրեասովի կարգադրությամբ հսկում է ամառանոցը եւ ներս մտնելու իրավունք ունի միայն Մ. Կակոյանը: Պետք է նշեմ, որ ամառանոցում ունենք տարբեր արժեքավոր իրեր, որոնց ցուցակը կներկայացվի առանձին»,- դատարանին հայտնել են Ա. Հարությունյանի հարազատները: Նրանք հայտնեցին, որ եղբոր մահից 40 օր հետո, ԳԱԶ 24-10 մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել են քույրերից մեկի ավտոտնակում: 27.10.99թ. առավոտյան ՆԳ բաժնի երեք աշխատակիցներ իրենց տնից առգրավել են ԳԱԶ 24-10 մակնիշի ավտոմեքենան ու հանձնել Մարինե Կակոյանին: «Իսկ ՎԱԶ 2121 ավտոմեքենան հավատարմագրով վարում էր Մ. Կակոյանը եւ մինչեւ օրս այդ ավտոմեքենան նրա մոտ է, ոչ մի իրավունք չունենալով ՎԱԶ 2121 ավտոմեքենայի նկատմամբ` ապօրինի օգտագործում է մեր եղբոր գույքը»,- հայտնել են դատարանին: Մ. Կակոյանը հաստատել է, որ Ա. Հարությունյանի մահից հետո, 99թ. նոյեմբերին դիմել է Կադաստր` ամառանոցի սեփականության իրավունքի վկայական ստանալու համար: «Ինչո՞ւ Ա. Հարությունյանի մահից հետո»,-հարցնում են հարազատները` դատարանից խնդրելով անվավեր ճանաչել վկայականը, թիվ 1 նոտարական գրասենյակի կողմից 20.09.97թ. Մ. Կակոյանի անվամբ տրված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայի հավատարմագիրը եւ ԳԱԶ 24-10 մակնիշի ավտոմեքենան Մ. Կակոյանին նվիրելու վերաբերյալ պայմանագիրը: Ա. Հարությունյանի հարազատները դիմել են նաեւ դատախազություն` Մ. Կակոյանի դեմ քր. գործ հարուցելու խնդրանքով` կասկածի ենթարկելով եղբոր ամառանոցին եւ ավտոմեքենաներին օրինական ճանապարհով տիրանալը, հատկապես, երբ հանգուցյալը նրան է մեղադրել 92թ. երեք ամսով կալանավորվելու համար: «Փորձաքննության արդյունքներով ավտոմեքենայի նվիրատվության պայմանագրում դրված ստորագրությունը պատկանում է Ա. Հարությունյանին»,- պատասխանել են ՀՀ գլխ. դատախազությունից: Միաժամանակ հայտնել են, որ ՎԱԶ-2121 «Նիվա» մակնիշի ավտոմեքենան Մ. Կակոյանը տիրապետում է 1997թ. Ա. Հարությունյանի տված վաճառքի լիազորագրի հիման վրա: Ի վերջո, դատարանի վճռով ճանաչվել է Մ. Կակոյանի սեփականության իրավունքը ամառանոցի կես մասի նկատմամբ, ինչպես նաեւ ԳԱԶ 24-10 մեքենային տիրանալը: Հարազատների գնահատմամբ, հարկադիր կատարման ծառայությունը ամառանոցին ոչ համարժեք գնով է այն ներկայացրել վաճառքի եւ իրենց տվել իբրեւ կես մասի արժեքը, սակայն, կարճ ժամանակ անց պարզ է դարձել, որ ամառանոցի «գնորդը» նույն ինքը` Մ. Կակոյանն է: Ինչ վերաբերում է «Նիվա» մակնիշի ավտոմեքենային, դատարանը գտել է, որ սեփականատիրոջ մահից հետո նրա տված լիազորագրի գործողությունը դադարում է, եթե մահացել է այն անձը, ով տվել է, ըստ այդմ, չի էլ քննարկել այդ հարցը: Սակայն Մ. Կակոյանը հայտնել է, որ ինքն արդեն մեքենան վաճառել է: 2000 թ. հոկտեմբերի 17-ին «Գոլոս Արմենիի» թերթում «Ավտոտնակը, միեւնույն է, կառուցվելու է» վերնագրով հրապարակում է եղել: Չարենցի փողոց 1«բ» շենքի բնակիչները պատմում են, որ Մարինե Կակոյանը ավտոտնակ կառուցելու թույլտվություն ուներ, բայց կոնկրետ որտեղ` չկար: Նա էլ նախընտրել էր քանդել այգին բակից բաժանող պատը, կտրել այգու տասնյակ տարիներով խնամված նոճիները եւ տեղում ավտոտնակ կառուցել իր «Նիվա» մակնիշի մեքենայի համար: Բնակիչների ասելով, իրենք զարմացած էին ոչ միայն մի առավոտ շենքի բակում հայտնված շինարարական հզոր տեխնիկայից, որ տիկնոջ կարգադրությամբ պատրաստվում էր քանդել պատը: «Նույն ժամանակ ավտոտնակ վաճառող կար բակում, եւ առաջարկեցինք գնել այն, բայց Մ. Կակոյանն ասաց, որ չի կարող առնել` գումար չունի: Մինչդեռ, կառուցելիս շատ ավելին կարող էր ծախսել»,- պատմում էին նրանք: Մ. Կակոյանը թեպետ այդ ժամանակ բնակիչների դիմադրությանը տեղի է տվել, բայց8230 «Թվում էր՝ պատմությունը դրանով ավարտվեց: Բայց մեկ-երկու օր անց բնակիչները նկատեցին, որ ծառերի բները ծածկվել են կանաչ փրփուրով, որը շոշափելիս ուժեղ այրում է ձեռքերը: Արտաքուստ այդ ամենը (փրփուրը, գույնը, այրվածքը) ծծմբաթթու էր հիշեցնում, պատմում են բնակիչները: Իհարկե, չհաջողվեց պարզել, թե ով է դա արել: Ոստիկանությունը ուղարկեց մասնագետների մոտ, նրանք իրենց հերթին երդվեցին, որ ոչնչով չեն կարող օգնել եւ միայն խորհուրդ տվեցին առատորեն ոռոգել»,- գրում է հրապարակման հեղինակը: «Մենք զրկվել ենք արեւի լույսից» «Տան նոր ի հայտ եկած տերը (Մարինա անունով) սկսել է ապօրինի շինարարություն եւ տան տարածքից մեկ մետր առաջ գալով, համարյա փակելով դալանից տուն տանող ճանապարհը, կառուցել է մոտ 4-5 մետր բարձրությամբ պատերով շինություն»,-ՆԳՆ-ին ու Կենտրոնի թաղապետարանին գրել է Իսրայելյան 34 հասցեի հարեւանուհին` Լիանա Առաքելյանը: Նա պնդում է, որ նոր հարեւանուհին իրենց զրկել է արեւի լույսից եւ դիմելով քաղաքապետարան` խնդրել է պարտավորեցնել օրինազանցներին` քանդելու ապօրինի կառույցը: «Գալիս է թաղապետարանի աշխատակիցը կամ միլիցիան ու շինարարին կիսաձայն ցած է հրավիրում, նրանց հեռանալուց հետո բանվորը նույն ռիթմով շարունակում է աշխատանքը: Երբ մեկ անգամ շատ զայրացած միլիցիոներից պահանջեցի խաբեությամբ չզբաղվել, նա ինձ շշուկով հայտնեց, որ զանգել են ու զգուշացրել` չխանգարել Մարինային»,- հայտնեց բժշկուհի Լիանան: Ապօրինի շինարարությունը դադարեցնելու պահանջով ՆԳՆ-ին է դիմում նաեւ տ. Ալեֆտինան՝ զգուշացնելով, որ Մ. Կակոյանը, անտեսելով Կենտրոն դատարանի արգելանքի որոշումը, շինարարություն է ծավալել: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազի ավագ օգնական Ս. Գրիգորյանը 10.12.2001թ.-ին տիկին Ալեֆտինային պատասխանել է, որ այդ հասցեում շինարարություն չի կատարվում: Նույն ժամանակամիջոցում մենք հետեւում էինք, թե բանվորն ինչպես էր օր օրի ավարտին հասցնում կցակառույցը: ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ Նյութն ամբողջությամբ կարդացեք Հետաքննող լրագրողների ընկերակցություն www.hetq.am էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել