Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաշի-տուշի անողներն են մշակույթ ներկայացնում»

Հունիս 15,2002 00:00

«Տաշի-տուշի անողներն են մշակույթ ներկայացնում» «Որոշ խաբեբա բիզնեսմենների՝ շարունակ խաբելուց հետո (որոնք ոչ մի լումա չտվին իմ նոր ալբոմի թողարկման համար) հույս ունեմ, որ մինչեւ ամռան ավարտը այն կթողարկվի իմ ուժերով»,- ասում է երգչուհի Արփինե Բեկջանյանը։ – Իսկ ինչո՞ւ հեռուստատեսությամբ Ձեր կատարումները գրեթե չեն հնչում։ – Որովհետեւ որոշ հեռուստաընկերություններ գտել են, որ ես իբր կոմերցիոն երգչուհի եմ։ Այդ պատճառով էլ ինձ եւ մի քանի այլ երգիչ-երգչուհիների զրկել են եթերում երեւալու իրավունքից։ Մենք պետք է վճարենք, որ մեզ ցուցադրեն, սակայն ես երբեք այդ քայլին չեմ դիմի։ – Իսկ ի՞նչ է, Դուք իսկապե՞ս կոմերցիոն երգչուհի եք։ – Այդպես են համարում, որովհետեւ երգում եմ ակումբներում։ Իսկ միթե Հայաստանում կան երգիչներ, որոնք ակումբներում չեն երգում։ Միանշանակ կարող եմ ասել, որ մեր երգիչների 90%-ը ակումբներում երգում է, քանզի այս երկրում արվեստագետն այլ կերպ չի էլ կարող ապրել։ Հայաստանում բոլորն էլ կոմերցիոն երգիչներ են։ Զարմանալի է, որ միայն մեզ են ընդգրկել այդ սեւ ցուցակում։ – Իսկ ո՞վ է դրանում մեղավոր։ – Գիտե՞ք ինչ, գոնե մշակույթի նախարարությունը պետք է օգնի, աջակցի արտիստներին, ինչին այլեւս չեմ հավատում։ Շատերը լքում են հայրենիքը եւ հանդես գալիս օտար բեմերում, քանզի այստեղ առաջընթացի ճանապարհ են ունենում միայն նրանք, ովքեր երգող մամա-պապա, տատիկ-պապիկ են ունենում կամ էլ հարուստ «ձաձկայի» թիկունքում են պատսպարվում։ Իսկ եթե այդ խմբերին չես պատկանում, ուրեմն՝ ճանապարհդ փակ է։ – Դուք անդամակցո՞ւմ եք Հեղինակային իրավունքների պաշտպանության կոմիտեին։ – Ոչ եւ դրա համար ունեմ երկու պատճառ. նախ իմ գովազդով եւ հեղինակային իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է «Abide Web Technologies» ընկերությունը, եւ երկրորդ. Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ ռադիոկայանից կամ հեռուստատեսությունից գումար պահանջես։ Այստեղ յուրաքանչյուրն էլ ձգտում է որքան հնարավոր է շատ երեւա եթերում։ – Ինչպե՞ս եք վերաբերում այն արտահայտությանը, թե «Արձագանքում» աշխատած արտիստները որակ ու մակարդակ չունեն։ – Նախ այդ ասողները թող ցույց տան, թե Հայաստանում ո՞վ է մակարդակով ու բարձրորակ։ Եթե իրոք կան այդպիսի մակարդակովներ, ապա ինչո՞ւ է ժողովուրդն այդքան շատ լսում ռուսական ու ամերիկյան էստրադա։ Օրինակ, ինչ-որ նորելուկ հումորային ակումբ ինձ էլ ագռավ է անվանել, սակայն ես ուշադրություն չեմ դարձնում այն արտահայտություններին, որոնց հեղինակներն իրենցից բան չեն ներկայացնում։ – Ըստ Ձեզ, ինչո՞ւ է Հայաստանում տարածվել թուրքա-արաբական երաժշտությունը։ – Եթե մեկը տեսնում է, որ մյուսը նման երգեր է երգում եւ դա չի արգելվում, այլ հակառակը՝ ճանապարհ են բացում, ինքն էլ է սկսում երգել այդպիսի երգեր։ Ցավալին այն է, որ հենց այդ «տաշի-տուշի» երգողներն էլ արտասահմանում ներկայացնում են հայ մշակույթը։ Ես գտնում եմ, որ եթե մշակութային օրեր են անցկացվում, ապա պետք է ընդգրկված լինեն արվեստի բոլոր ճյուղերը։ – Իսկ այդ «տաշի-տուշիների» հարցում հայ կոմպոզիտորներին չե՞ք մեղադրում։ – Իհարկե։ Ռուս կոմպոզիտորները գրում են բազմաոճ երգեր՝ երգիչների համար, իսկ մերոնք միշտ լացակումած երգեր են գրում։ Պետք է երաժշտական ոճերի միջեւ պատնեշ չդնել, ինչը մեր կոմպոզիտորները անուշադրության են մատնել։ – Իսկ ի՞նչ նորություններ ունեք, որոնց մասին կցանկանայիք հայտնել։ – Ինտերնետում ունեմ իմ էջը. «www.arpine abide.am»։ Ձայներիզի թողարկվելուց հետո՝ բնականաբար մենահամերգներ Հայաստանում եւ այլուր։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել