Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՈՐԳԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ ՉԷ

Հունիս 15,2002 00:00

ԳՈՐԳԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ ՉԷ Երբ հանդիպեցինք մշակույթի նախարարության մշակույթի ժառանգության, արվեստի գլխավոր վարչության պետ Անահիտ Գալստյանին, պատմեց, թե որքան շատ են թանգարանային հոգսերը։ Հետո դրանք շեշտելու համար մի ամբողջ դասախոսություն կարդաց մշակութային արժեքների պաշտպանվածության, ֆիզիկական, տեխնիկական ու գիտական ոլորտների մասին։ Տխրեց մեր երկրում գոյություն չունեցող թանգարանային կենսաբանության, թանգարանային քիմիայի, վաղուց անցած հին ու բարի տարիների համար, երբ ամեն ինչ ստացվում էր Մոսկվայից։ Սակայն հետո սթափվեց՝ հիշելով «Լինսի» հիմնադրամի «Մշակույթ» ծրագիրը։ Այնուհետեւ տիկին Գալստյանը մեծահոգաբար խոստացավ բոլորի անունից, հարկ եղած դեպքում, թանգարաններին վերաբերող ցանկացած հարցով նորից խնդրել «Լինսի» հիմնադրամին։ «Խորհրդային տարիներին Հայաստանի թանգարանների ձեւավորումը՝ պլանային կարգին համապատասխան, ենթադրում էր ցուցանմուշների պարտադիր վերելք՝ առանց հաշվի առնելու տարածքային համապատասխանությունը. սա մի կողմից լավ էր, որովհետեւ մշակութային արժեքները չէին անհետանում, մյուս կողմից էլ տեխնիկական կանոնները անհնար էր պահպանել»,- կարծում է Ա. Գալստյանը։ Ըստ նրա, այդ պատճառով էլ այսօր ստեղծվել է այնպիսի վիճակ, երբ մի քանի թանգարաններ համարյա կրկնում են միմյանց. «Այցելուն հոգնում է գորգ տեսնելով ե՛ւ Պատմության, ե՛ւ Ազգագրության, ե՛ւ Ժողարվեստի թանգարաններում, ե՛ւ Ազգային պատկերասրահում, որովհետեւ նրա համար գորգը մնում է գորգ»։ Գեղարվեստական գործվածքի թանգարան ստեղծելու վերաբերյալ ամենատարբեր առաջարկությունները, ըստ Ա. Գալստյանի, չեն արդարացվում։ Նա կարծում է, որ ճիշտ չէ ներկայիս սուղ պայմաններում նման խնդիր լուծելը։ Չնայած նա փաստում է, որ 1970-ականներին էլ բարձրացված է եղել հարցը ու կառավարությունը նույնիսկ երկու որոշում է ունեցել այդ մասին։ Մշակույթի նախարարության ներկայացուցիչը դեմ է նման թանգարանի գոյությանը, եթե այն թելադրված է միայն գործվածքները տեղավորելու անհրաժեշտությամբ. «Այլ բան է, եթե գորգի թանգարանի ստեղծմամբ լուծում ենք միջազգային ասպարեզում հայկական գորգի մշակութային պաշտպանվածության հարցը թուրքամետ քաղաքականությունից»։ Չգիտենք, որքանով կտուժեն գորգերը թուրքամետ քաղաքականությունից, բայց այն, որ դրանք այսօր տուժում են հայկական ոչ գորգանպաստ քաղաքականության պատճառով, փաստ է։ Եվ «Առավոտը» մեկ անգամ չէ, որ գրել է այս մասին։ Մեր թերթի ապրիլի 20-ի թիվ 73-ում անդրադարձել էինք Հայաստանի ազգագրության թանգարանի աշխատակիցների մտահոգությանը, եւ ընդհանրապես, գեղարվեստական գործվածքի պահպանության վերաբերյալ դժվարություններին։ Հիշեցնենք, որ նույն թանգարանի գեղարվեստական գործվածքի բաժնի վարիչ Ա. Պողոսյանը պնդում էր, որ «դարակներում իրար վրա դարսված արժեքավոր գորգերին ու կարպետներին սպառնում են մկները, խոնավանալը, ցեցոտելը, ինչի պատճառով հնարավոր է, որ մի 20 տարի հետո արժեքավոր հավաքածուն այլեւս չլինի»։ Ա. Պողոսյանը, այլ թանգարանների իր որոշ գործընկերների նման, առաջարկել էր հիմնել գորգերի թանգարան, որովհետեւ կարծում էր, որ Հայաստանի բոլոր թանգարանների պահեստարանների մակերեսները այլեւս չեն կարող տեղավորել նոր նմուշները։ Իսկ Ա. Գալստյանը (որ վստահեցնում էր, թե մշակույթի նախարարությունը հետեւում է ոչ միայն իր ենթակայության, այլեւ նրանից դուրս գործող բոլոր մշակութային օջախների վիճակին) կոնկրետ Սարդարապատի թանգարանի համար մեղադրում էր միայն նույն թանգարանը հիմնած եւ մինչ օրս այնտեղ աշխատող մարդկանց, ովքեր «ժամանակին պիտի բարձրացնեին հարցը, փոխանակ 200000 նմուշ վտանգի տակ դնելու»։ Ի դեպ, նա մեկ բոլորովին համաձայն չէր որոշ մասնագետների այն կարծիքին, թե թանգարաններում ցուցանմուշներին քայքայման վտանգ է սպառնում, մեկ էլ ինքն իրեն հակասելով փաստում էր, որ չկան անհրաժեշտ նյութեր, կադրեր ու հնարավորություններ։ Այնուհետեւ վիճակը նույնիսկ նորմալ էր գնահատում՝ թանգարանային կորուստներ չլինելու դեպքում, իհարկե։ Ա. Գալստյանը եւս խոստովանում է, որ թանգարանները հիմնականում տուժել են 1992-93թթ. (կորուստներն այդ տարիներին են գրանցվել)։ Ըստ նրա, մշակութային արժեքների կորուստները չեն կարող բաժանվել հասարակական կյանքի փոփոխությունների միջեւ կամ վերագրվել խորհրդային, անկախության ու անցումային ժամանակներին. «Մշակութային արժեքների կորուստը չի կանխարգելում նրանց հետագա քննությունը, նրանց ճակատագրով հետաքրքրվելը»։ Մինչդեռ, որոշ թանգարանների աշխատակիցներ շարունակում են կորուստներն «արդարացնել»՝ դրանք վերագրելով իրենց հիմնարկների նախկին ղեկավարներին ու նախկին ժամանակներին։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել