Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՏԵԳՐՎՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՅԻՆ

Հունիս 15,2002 00:00

ԻՆՏԵԳՐՎՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը վերջերս Ստրասբուրգում Եվրախորհրդի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ առաջարկել է Հարավային Կովկասի կրթության նախարարների աշխատանքը համակարգող մարմին ստեղծել, ինչն ընդունվել է եւ կոչվել Երեւանյան նախաձեռնություն։ Նույնիսկ Ադրբեջանի կրթության նախարարն է արդեն իր համաձայնությունը տվել այս առթիվ։ Միայն դժգոհել է, թե ինչո՞ւ է նախաձեռնությունը կոչվում Երեւանյան, այնպես որ՝ անվանումը հավանաբար կփոխվի։ Լեւոն Մկրտչյանը կարեւորում է այս նախաձեռնությունը, քանի որ կովկասյան երկրների համատեղ ծրագրերի համար ԵԽ-ից ֆինանսական լուրջ աջակցություն ստանալու հնարավորությունն ավելի մեծ է, քան եթե այդ երկրները առանձին գործեն։ ԵԽ-ի հետ կրթական համագործակցությունը Հայաստանը սկսել է 1998թ. եւ գործընթացն առավել ակտիվացել է մեր երկրի՝ ԵԽ-ի անդամ դառնալուց հետո։ Իսկ ԿԳ նախարարի այցից հետո համատեղ ծրագրերը այնքան են ընդլայնվել, որ այդ ամենը համակարգելու համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել՝ ԿԳ նախարարի գլխավորությամբ։ Երեկ հանձնաժողովի առաջին աշխատանքային հանդիպումն էր, որի ընթացքում հստակեցվեցին հանձնաժողովի նպատակն ու խնդիրները եւ պատասխանատուների պարտականությունները։ Հանձնաժողովում, բացի նախարարության վարչության պետերից, ընդգրկված են նաեւ ՀՊՃՀ-ի եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորները։ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նկատեց, որ առանձին կրթական ու գիտական օջախներ ինչ-որ ծրագրեր են իրականացնում Եվրոպական կառույցների, կազմակերպությունների հետ, սակայն դրանք չեն ամփոփվում, մեկի հաջողված փորձը մյուսները չեն ընդօրինակում, արդյունքները չեն քննարկվում եւ համապատասխան եզրակացություններ անում։ ՀՊՃՀ ռեկտոր Յուրի Սարգսյանն էլ նկատեց, որ բուհերը հաճախ առանձին ծրագրեր են գրում եւ ներկայացնում դրսի կառույցներին, ԿԳ նախարարները բոլորին տալիս են երաշխավորական նամակներ, առանց որոշելու առաջնահերթությունները, ինչը փոքրացնում է ֆինանսավորում ստանալու այդ ծրագրերի հնարավորությունը եւ ֆինանսների ծախսման արդյունավետությունը։ Մինչդեռ, թերեւս անհրաժեշտ է, որ դա համակարգվի եւ ծրագրերը գրվեն ըստ կարեւորության ու չկրկնեն իրար։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԿԳՆ-ի միջազգային համագործակցության եւ կապերի բաժնի պետ Ներսես Գեւորգյանը ներկայացրեց ԵԽ-ի հետ համագործակցության երեք հիմնական ուղղությունները՝ աջակցություն համակարգի կառուցվածքային բարեփոխումներին, կրթական ծրագրերի, ձեռնարկների, դասավանդման մեթոդների նորացում եւ տարածաշրջանային համագործակցություն։ Ներկաներին բաժանվեց նաեւ ԵԽ-ի ծրագրերի շրջանակներում իրականացվող 2002թ. գործողությունների ծրագիրը, որով նախատեսված են մի շարք միջազգային եւ ազգային գիտաժողովների անցկացում, որոշ առարկաների գծով դասագրքերի կամ ձեռնարկների մշակում եւ այլն։ Իսկ Եվրոպական միության ծրագրերի շրջանակներում իրականացվող ՏԱՍԻՍ-ի 2002- 2003թթ. գործողությունների ծրագրի արժեքը 3 մլն եվրո է, որը հիմնականում նպատակաուղղվելու է միջին մասնագիտական կրթության համակարգի բարեփոխմանը։ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը դա հիմնավորեց նրանով, որ այս օղակը շատ ավելի անտարբերության է մատնված, քանի որ հանրակրթական, բուհական եւ գիտական համակարգերը քիչ թե շատ ֆինանսավորում ստանում են ՀԲ-ից եւ միջազգային այլ կառույցներից։ Հանձնաժողովի բոլոր անդամներն էլ կարեւորեցին Եվրոպական ընդհանուր կրթական տարածքին ինտեգրվելու անհրաժեշտությունը, ինչի համար գլխավոր պայմաններից մեկը կրթության անհրաժեշտ մրցունակ որակի ապահովումն է։ Յուրի Սարգսյանը ընդգծեց, որ ընդհանուր կրթական տարածքի համար պետք է լինեն համեմատելի որակավորման աստիճաններ։ Ոչինչ չպետք է խոչընդոտի դասախոսների եւ ուսանողների ազատ տեղաշարժմանը։ Դրան կաջակցի նաեւ հատուկ ազգային ծառայության ստեղծումը, որը, ըստ ԿԳ նախարարի, կզբաղվի կրթության որակի ստուգմամբ եւ ողջ աշխարհում մեր փաստաթղթերի, դիպլոմների ճանաչման լոբբինգով։ Դրան զուգահեռ, կստեղծվի գիտելիքների գնահատման հանրապետական կենտրոն՝ ՀԲ-ի վարկային ֆինանսավորմամբ։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել