Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա էլ զեյթունցիները ջուր չունեն

Հունիս 15,2002 00:00

Հիմա էլ զեյթունցիները ջուր չունեն «Պատրաստ ենք նորոգման հոգսը հոգալ, միայն թե ջուր ունենանք» Մայրաքաղաքի Զեյթուն թաղամասի Լեփսիուսի 6-րդ փողոցի 35 շենքի բնակիչների բողոքը, անկեղծ ասած, զարմացրեց մեզ։ Բողոքը սովորական, համաքաղաքային բողոք է։ Մարդիկ ջուր չունեն, այն էլ դեկտեմբեր ամսից։ Ու, բնականաբար, «ուր ասես» չեն գնացել, «ում ասես» չեն դիմել՝ էլ թաղապետարան, էլ քաղաքապետարան, անգամ ջրային տնտեսության պետական կոմիտե։ Ի դեպ, ինչպես բնակիչներն են հավաստիացնում, «ոչ ոքից մերժման կամ կոպիտ վերաբերմունքի չենք արժանացել»։ Նրանց ընդունել են, լսել են, բարեկիրթ ժպիտով խոստացել օգնել եւ արդյունքն այն է, որ մարդիկ դեռ ջուր չունեն։ Ու «շենքում տարածվող «բուրմունքն» օրեցօր ուժեղանում է, խոլերայի բուն է», եզրափակեց խմբագրություն զանգահարած եւ 36 բնակիչների անունից բողոքող Էլյա Համբարձումյանը։ Իսկ մեր զարմանքի պատճառը ոչ թե «ջուր չունենալը» կամ «խոլերայի բունն էր», այլ այն, որ բնակիչներն ամենուր պատրաստակամություն են հայտնել «պահանջվող բոլոր ծախսերը հոգալ՝ միայն թե այդ վիճակից դուրս գան»։ Ու եթե այլ դեպքերում խնդիրն ի վերջո հանգում է «բյուջեի դատարկությանը», այս պարագայում դա էլ է բացառվում, փաստորեն։ Իսկ թե պատճառն ի՞նչն է՝ Երեւանի ջրմուղ-կոյուղի ՓԲԸ-ի «Հյուսիս» մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Աղվան Մանուկյանն էլ չկարողացավ բացատրել, զարմանք հայտնելով, թե «ինչո՞ւ մինչեւ օրս հարցը չի պարզաբանվել»։ Ի դեպ, վերջինս, մեր զանգից հետո բնակիչներին այցելելով, իր տպավորությունը կիսեց մեզ հետ. «Չեք պատկերացնի, թե այդ մարդիկ ի՞նչ ծանր վիճակում են հայտնվել»։ Էմոցիաներից անցնելով բուն խնդրին, նշեմ, որ, ըստ պարոն Աղվան Մանուկյանի, նշված շենքի ջրի սնուցումը ոչ թե ընդհանուր շղթայից է, այլ հարեւան մանկապարտեզից, որտեղ եւս «ջուրը թույլ է, երկրորդ հարկ հազիվ է բարձրանում»։ Ապա, Ա. Մանուկյանի խոստման համաձայն, «2-3 օրվա ընթացքում 15-20 խողովակ կավելացնենք եւ շենքի ջրամատակարարումը այլեւս ընդհանուր գծից կլինի ու բնակիչներն առաջացած խնդիրներից կխուսափեն»։ Ի դեպ, ըստ մասնաճյուղի տնօրենի, հունիսի 25-ից հետո Զեյթուն թաղամասում ջրի հարցը վերջնական լուծում կստանա, քանզի «այժմ վերականգնում ենք Քանաքեռի նախկին պոմպակայանը, որը, չգիտես ինչու, տարիներ շարունակ չի աշխատել, իսկ դա էլ ավելի կօգնի խնդրի լուծմանը»։ Պարոն Մանուկյանին, ինչպես ասում են, չվստահելու խնդիր չունենք. կապրենք մինչեւ երեքշաբթի՝ հունիսի 25-ը։ Ի դեպ, ամառային շոգ օրերին Ջրաշխարհը նախապատրաստություններ է տեսնում իր զով ծառայությունները մատուցելու դրանցից օգտվելու հնարավորությունն ունեցող մեր հայրենակիցներին։ Ու մայրաքաղաքի, հատկապես Նորքի զանգվածի բնակիչների շրջանում, գերիշխում է այն համոզմունքը, որ մայրաքաղաքի, հատկապես Նորքի զանգվածի ջրամատակարարումը վատացել է «Ջրաշխարհը լցնելու պատճառով»։ Ինչքանով հաջողվեց ճշտել՝ «Ջրաշխարհը լցնելու համար խորքային հորեր են կառուցվել, միայն խմելու ջուրն են վերցնում»։ Բայց թե որքանով է այդ զուգադիպությունը պատահական՝ միայն սատանան գիտե։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել