Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ՍՏԱՑՎԵՑ ՀԵՐՔՈՒՄԻՑ

Հունիս 15,2002 00:00

ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ՍՏԱՑՎԵՑ ՀԵՐՔՈՒՄԻՑ Ավանի քիչ թե շատ ակտիվ հասարակական կյանքով ապրող բնակիչը գիտի, թե Բաբաջանյան փողոցում գտնվող այս օբյեկտը քաղաքապետ Ռոբերտ Նազարյանինն է։ Այժմ այստեղ շինարարություն է ընթանում։ Նույնիսկ աշխատողները գիտեն, թե աշխատում են քաղաքապետի օբյեկտում։ Այս տեղեկատվության մեջ մի քանի ուշագրավ հանգամանք կա։ Նախ, կառույցը, որի կապալառուն «Շինարար-90» կոոպերատիվն է, այժմ՝ «Սահակյանշին» ՓԲԸ-ն, գտնվում է կանաչ գոտիների համար նախատեսված տարածքում։ Երկրորդ, այն նախատեսված է որպես շինանյութերի վաճառասրահ, սակայն այժմ պրոֆիլը փոխվում է. կառուցվում են բար, ռեստորան եւ այլն։ Եվ, վերջապես, Ռոբերտ Նազարյանը, որքան հայտնի է, անկախ Հայաստանի պատմության ընթացքում մեծ մասամբ պետական պաշտոններ է զբաղեցրել, ուստի, չինովնիկի իր աշխատավարձով չէր կարող ե՛ւ շքեղ առանձնատուն կառուցել, ե՛ւ այսպիսի հսկայական բիզնես հիմնադրել։ Իսկ տեղեկությունը հայտնող աղբյուրի համոզմամբ, տրեստի մի կառավարիչ փողն է ներդրել, քաղաքապետը՝ համապատասխան փաստաթղթերի հարցն է լուծել։ Փաստորեն, հենց սկզբից էլ պարզ է, որ շինանյութերի ապագա վաճառասրահը Ռոբերտ Նազարյանի անունով չի ձեւակերպված։ Ավելին, պարզվեց, որ նույնիսկ իր քաղաքապետության տարիներին էլ չի տրամադրվել տարածքը։ Այնուամենայնիվ, փորձեցինք ճշտել քաղաքապետ Նազարյանի առնչությունները սույն օբյեկտին։ Հետո պարզվեց, որ հերքման պրոցեսն ավելի հետաքրքիր էր, քան բուն տեղեկությունը։ Նախ պարոն Նազարյանը քաղաքակիրթ ու անմիջապես արձագանքեց պարզաբանում ստանալու «Առավոտի» խնդրանքին, ինչով եւ քաղաքապետը դրականորեն առանձնանում է իր «կալիբրի» գործիչներից։ Եվ քանի որ հարցը սեփական բիզնեսի տեսանկյունից էր ձեւակերպված, ուստի միանշանակորեն ասաց. «Բացի այն տնից, որի լուսանկարն «Առավոտում» տպագրված էր եւ էլի մի փոքր տնից (Ավետիսյան 76-ում), ուրիշ որեւէ այլ անշարժ գույք չունեմ։ Չեմ էլ պատկերացնում, թե որ օբյեկտի մասին եք խոսում»։ Օբյեկտի մասին ողջ տեղեկատվությունը, որ «Առավոտի» կողմից փոխանցվել էր քաղաքապետին, հետեւյալն էր. այն գտնվում է Բաբաջանյան փողոցում, կանաչ գոտիների համար նախատեսված տարածքում, նախատեսված է շինանյութերի վաճառասրահի համար։ Ռոբերտ Նազարյանը մի քանի անգամ հավաստեց, որ Բաբաջանյան փողոցում որեւէ սեփականություն չունի, ասաց, որ կտրամադրի խնդրո առարկա օբյեկտի բոլոր փաստաթղթերը եւ կապացուցի, որ այն իրեն չի պատկանում։ Հայտնեց, որ իր տեղակալ, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին կհանձնարարի կամ կխնդրի տրամադրել բոլոր փաստաթղթերը եւ սպառիչ պատասխան տալ բոլոր հարցերին։ Պրն Նազարյանը նորից շեշտեց. «Չեմ պատկերացնում՝ որ օբյեկտի մասին է խոսքը, որ պատասխանեմ ձեր հարցերին»։ 5 րոպեից կապվեցինք Նարեկ Սարգսյանի հետ, որն ասաց, որ կառույցը տարիներ առաջվա է, որ վերջերս ընդամենը լրացուցիչ հատկացում է արվել։ Բայց մի րոպե։ Չէ՞ որ Ռոբերտ Նազարյանը չէր պատկերացնում, թե որ օբյեկտի մասին է խոսքը, այդ ինչպե՞ս բացատրեց իր տեղակալին, որ վերջինս իմացավ։ Քաղաքապետին այս հարցը տալու հնարավորություն ունեցանք, երբ մի քանի րոպե անց հեռախոսով լրացուցիչ հայտնեց. «Իմացա որ օբյեկտի մասին է խոսքը։ Սեփականատիրոջը գտա» եւ այլն։ Մեր հարցին այսպես պատասխանեց քաղաքապետը. «Ասացի Բաբաջանյանի վրա օբյեկտ են կառուցում։ Որովհետեւ այդ ընկերը Նարեկ Սարգսյանի վաղեմի ընկերներից է, իմացավ ինչի մասին է խոսքը»։ Նույն հարցը նաեւ Նարեկ Սարգսյանին ուղղեցինք. «Քաղաքապետն ինձ ասաց Բաբաջանյան փողոցի վրա «Սահակյանշինի» օբյեկտին է առնչվում խնդիրը»։ Բայց այդ ժամանակ «Առավոտը» դեռեւս չէր ստացել օբյեկտի հետ կապված որեւէ փաստաթուղթ եւ չգիտեինք էլ, թե օբյեկտը ում անունով է ձեւակերպված։ «Չեմ հիշում»,- եղավ Ն. Սարգսյանի պարզաբանումը։ Պարոն Նազարյան, իսկ «Սահակյանշինի» հետ որեւէ կապ չունե՞ք։ «Ունեմ՝ ինչպես Երեւանի բոլոր տնտեսվարողների հետ։ Նա (Սահակյան Սուրիկը) իմ տունը կառուցողն է եւ մենք վաղեմի մտերիմ ընկերներ ենք»,- միանգամայն անկեղծ պատասխանեց քաղաքապետը։ Հիմա՝ բուն թեմայից. Ռ. Նազարյանն ընդամենը որոշում է կայացրել կանաչապատման եւ բարեկարգման համար 7000 քմ տարածք տրամադրելու համար։ Իսկ բուն տարածքը 1950 քմ էր։ Այսինքն՝ բարեկարգման համար գրեթե 4 անգամ ավելի տարածք։ Եթե կբարեկարգվի, արժե։ Սակայն ակնհայտ է, որ «Սահակյանշինի» օբյեկտը զբաղեցրել է նաեւ կառուցապատման համար նախատեսված տարածքի մեծ մասը։ Իսկ պրոֆիլը փոխելու իրավունք, Ն. Սարգսյանի մեկնաբանությամբ, սեփականատերն ունի։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել