Լրահոս
Օրվա լրահոսը

Սելի փոխարեն սելվորն է ճռռում

Հունիս 15,2002 00:00

Սելի փոխարեն սելվորն է ճռռում Ընդամենը օրերս ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը հայտարարել է, թե նախագահ Ռ. Քոչարյանի համբերատարությունն իրեն համբերությունից հանում է, իրավիճակը պահանջում է, որ պետության ղեկավարը հասկանա, թե իր հասցեին հնչած բոլոր վիրավորանքները, բոլոր ցեխարձակումները ամբողջ պետությունն են աղտոտում։ Տիկին Պետրոսյանը նաեւ, ըստ էության, հորդորել է երկրի նախագահին՝ «մեկիկ-մեկիկ պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր ԱԺ ամբիոնից համարձակվում են կասկած հայտնել «27»-ին Ռ. Քոչարյանի առնչության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորի համբերությունը հատել է, երբ իր ընդդիմադիր գործընկերները օրինականության շրջանակներում պահանջել են վերջապես քննարկել, թե Ռ. Քոչարյանն ի պաշտոնե եւ Սահմանադրությամբ որպես երկրի անվտանգության երաշխավոր, պատասխանատո՞ւ է «Հոկտեմբերի 27»-ը չկանխելու մեջ, թե՞ ոչ։ Ոմանք գտնում են, որ պատասխանատու է եւ դա իրենց կարծիքն ու իրավունքն է։ Ու քանի որ այդպես է նաեւ կարծում «27»-ից տուժած օրենսդիրների մի մասը, ապա նրանց լիազորությունների շրջանակներում է հենց օրենսդիր մարմնում քննարկել այդ հարցն ու, ի վերջո, հստակ պատասխանել՝ կա՞ն նախագահին կասկածելու հիմքեր, թե՞ ոչ։ Կոնկրետ դեպքում առնվազն տարօրինակ է, երբ օրենսդիր տիկին Պետրոսյանը նախագահի շուրջ առկա կասկածները փարատելու կոչ անող օրենսդիրներին, ոչ ավել, ոչ պակաս, թյուրիմացաբար «թավայի պոչի» տեղ է դնում։ Եվ ավելի քան զավեշտական է, երբ նույն պատգամավորը երկրի նախագահին քայլեր հուշելու եւ խորհուրդներ տալու փոխարեն նույնիսկ ցանկություն չունի վերջակետ դնելու, քննարկելու եւ փարատելու «27»-ին Քոչարյանի հնարավոր առնչություն ունենալու կասկածները, որոնք կան մեր ողջ հասարակության ներսում։ Ինչպես տիպիկ քոչարյանամետ գործիչ, սույն դաշնակցական օրենսդիրը եւս այն կարծիքին է, թե «կասկածողներին» «մեկիկ-մեկիկ» պետք է պատժել։ Սա այն դեպքում, երբ վերջիններս պահանջում են բացահայտել Ալվարդ Պետրոսյանի «ախպերիկի»՝ Վազգեն Սարգսյանի ողբերգական սպանության բոլոր մութ հանգամանքները ու այդ սպանությունը չկանխած մարդկանց։ Ինչի՞ց է նյարդայնանում տիկին Պետրոսյանը։ Չէ՞ որ ԱԺ-ում այդ հարցի քննարկման ժամանակ ինքն իր Քոչարյանին «ցեխարձակումներից» լավագույնս եւ փաստարկված պաշտպանելու փայլուն հնարավորություն կստանար։ Ի վերջո, այդ խնդիրը ՍԴ-ի դատին հանձնել-չհանձնելն էլ նաեւ իր քվեարկությունից էր կախված լինելու։ Ենթադրյալ պատասխանը մեկն է. բացի ՀՀ նախագահին նոր անօրինական քայլերի դրդելուց, նրան «կասկածողներից» ատամներով «պաշտպանող», մասնավորապես, դաշնակցականներից ոչ ոք պատրաստ չէ Ռոբերտ Քոչարյանի քայլերի եւ գործունեության համար պատասխանատվություն կրել։ Այս է խնդիրը, իսկ հեռվից «շիրա» տալն ամենահեշտն է։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930