Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԿՍՎՈՒՄ Է ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ

Հունիս 15,2002 00:00

ՍԿՍՎՈՒՄ Է ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ Ինչ մեղքս թաքցնեմ, շատ էի ցանկանում, որ Ռուսաստանի հավաքականը դուրս գա գոնե 1/8-րդ եզրափակիչ: Գուցե դա կարոտախտի դրսեւորում է կամ կայսրական հնազանդության մնացորդ, բայց մշակութային առումով աշխարհի այս առաջնությունում մեզ ավելի մոտ թիմ չկար: Ռուս տղաները վատ չէին խաղում, բայց նրանց մեջքը կոտրեցին ճապոնացիները՝ աշխատասեր, անձնազոհ, կարգապահ, փոքր-ինչ անդեմ: Այսպես որ գնա, նրանք թուրքերի հախից էլ կգան՝ հուրախություն հայ ժողովրդի: Երեկ մեկն ասաց՝ «եթե Ֆրանսիան եւ Արգենտինան թռան, ապա Սովետը ինչո՞ւ չպիտի թռներ»: Թույլ մխիթարանք է, բայց ինչ-որ տեղ, այնուամենայնիվ, սփոփիչ է: Երեկ այն սենսացիոն «թռնողներին» ավելացավ նաեւ Պորտուգալիան, որն անսպասելիորեն պարտվեց Կորեային: Բայց ինչու ենք ասում՝ անսպասելիորեն: Ճապոնիայի ու Կորեայի հաջողությունները շատ էլ սպասելի էին: Տեխնոլոգիաների եւ տնտեսության մեջ բեկումնային զարգացող, ապահովված ազգերը պետք է որ առաջ անցնեն նաեւ այլ բնագավառներում: Որքան կարողանում եմ հետեւել նաեւ երաժշտական միջազգային մրցույթներին, այդ 2 երկրների ներկայացուցիչները դրանց մասնակցում են մեծաքանակ եւ բավականին որակյալ դեսանտով: Եվ երաժշտական գործերը կատարում են «վիզ դրած»: Իսկ Ֆրանսիային, Արգենտինային, Պորտուգալիային հասնում էր՝ աշխարհի առաջնությունում ոչ մի խաղ չի կարելի «անհավես» խաղալ: Այսօր 1/8-ում հանդիպելու են Գերմանիա-Պարագվայ եւ Դանիա-Անգլիա զույգերը: Մնացած զույգերն են՝ Շվեդիա-Սենեգալ, Իսպանիա-Իռլանդիա, Բրազիլիա-Բելգիա, Ճապոնիա-Թուրքիա, Կորեա-Իտալիա եւ Մեքսիկա-ԱՄՆ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել