Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնանկությո՞ւնն էր մտահոգիչը, թե՞ քվեարկությունը

Հունիս 15,2002 00:00

Պաշտոնանկությո՞ւնն էր մտահոգիչը, թե՞ քվեարկությունը Մոտավորապես այն պահից, երբ Վիկտոր Դալլաքյանը հանդես եկավ Ղուկաս Ուլիխանյանի նախաձեռնությունն ԱԺ օրակարգ մտցնելու անհրաժեշտության հիմնավորմամբ, համառորեն սկսեցին շրջանառվել լուրեր, թե Քոչարյանի պաշտոնանկության հարցի հարուցումը կանխապես հավանության է արժանացել Սերժ Սարգսյանի կողմից: Հնարավոր է՝ դրանք ոչ այնքան տեղեկություններ էին, որքան ենթադրություններ: Սակայն ենթադրությունների առնվազն երկու հիմք տրամաբանական են: Վիկտոր Դալլաքյանի պարագան: Նկատելով պրն Դալլաքյանի՝ բարձրագույն իշխանության հանդեպ լոյալության երիցս փաստված կենսադիրքը, արժանահավատ չի թվում, որ լոկ սեփական համոզմունքները Դալլաքյանին մղեին գործող նախագահին դեմ արտահայտվել կամ գործել: Նրան հովանավորություն կամ առնվազն հավանություն անհրաժեշտ կլիներ: Հասկանալիորեն՝ իշխանական ճամբարից: Ենթադրությունների երկրորդ հիմքը: Պարզից էլ պարզ էր, որ Ղուկաս Ուլիխանյանի ներկայացրած նախագիծը գործնականում չի ավարտվի Քոչարյանի պաշտոնանկմամբ /որքան էլ վերջինս արժանի է օր առաջ պաշտոնանկվելու/: Նախ՝ 66 ձայն չէր հավաքվի ՍԴ դիմելու համար: Հետո՝ հազիվ թե նախագծում ներկայացված հիմքերով ՍԴ-ն դրական եզրակացություն տար նախագահի պաշտոնանկմանը: Վերջապես՝ եթե նախագահը «1/3 պլյուս մեկ» ձայն էլ ունենա խորհրդարանում, հաջողությամբ կարգելափակի իր պաշտոնանկման մասին ցանկացած որոշման ընդունում: Հետեւաբար, հարցի հարուցումը, պաշտոնանկման անիրական նպատակից բացի, պետք է ինչ-որ կողմնակի խնդիր էլ լուծեր: Ինքնաբերաբար՝ պրո- եւ հակա-քոչարյանական ուժերի ստուգատես ԱԺ-ում: Այն, որ Քոչարյանը «Պեռնո Ռիկարին» իր նվիրաբերած կալվածքներում ճեմելիս ուղղակի տեսախցիկ էր փնտրում, որ եւս մի անգամ հայտարարի, թե անթույլատրելի է հարցը մտցնել օրակարգ, եթե մի քանի օր էլ շարունակեն համառել, ինքը կմիջամտի (լավ է, գեթ այդ բառը սովորեց, ժամանակին ասում էր՝ «միջամտնել»), բառացիորեն նշանակում էր՝ պետք է կանխել պաշտոնանկման հարցով որեւէ քվեարկություն: Ինչու՞: Կենդանաբանական այգու դիտարկումները, թե Արմեն Խաչատրյանը՝ գաբարիտներից ելնելով, ընդունակ է միայն արջի ծառայություններ մատուցելու, ինչպես գրել էր «Իրավունքը», թվում է, այնքան էլ ճիշտ չեն: Տվյալ դեպքում բացատրությունների, հորդորի կամ հայհոյանքի նույն կերպ արձագանքող հիմարի դիմակն առավելապես Քոչարյանին պաշտպանող վահան էր: Հավանաբար, Բելառուսից ժամանած Քոչարյանը մեթոդական ցուցմունք էր իջեցրել՝ ցանկացած գնով կանխել նախագահի հանդեպ վերաբերմունք պարզող որեւէ քվեարկություն: Այլապես ուրբաթ երեկոյան դեռեւս տատանվող Խաչատրյանը խնդիր չէր ունենա նախագիծն օրակարգ չմտցնել սեփական հեղինակության փշրանքներն էլ գետնահարելու գնով: Ոչ թե պաշտոնանկման անհեռանկար գործընթացը, այլ ուժերի հարաբերակցություն պարզող քվեարկությունն է Քոչարյանի գլխին կախված դամոկլյան սուրը: Եթե նախագիծը ոչ թե 30-40 ձայն հավաքի, այլ ինչ-որ քանակ 60-ի մոտակայքում… Դա չես կոչի դժբախտ պատահար: Ամենքն էլ գիտեն՝ ընդդիմության ձայները խորհրդարանում չեն հասնում 44-ի: Կնշանակի ինչ-որ մեկն արեւելյան իմաստնությամբ՝ «Պետք է նախ ջուրը գցես, որ հանելուց հետո իմաստ ունենա բացատրել՝ ինչու չխեղդվեց», Քոչարյանին բացատրում է կյանքի եւ քաղաքականության որոշ նրբություններ: Հայաստանում երկրորդ անձ չկա, որ խորհրդարանում իր տիրապետած ձայներով Քոչարյանի հետ հարաբերություն պարզի: Նման քաղաքական խաղ հնարավոր է միայն Սերժ Սարգսյանի կողմից: Ուրիշ որեւէ մեկը տիրապետո՞ւմ է այնպիսի իշխանության, որ խորհրդարանական վրադիր ձայներն էլ իրեն ծառայեն վահան կամ առաջխաղացման պատվանդան: Իմփիչմենթի պատմության մեջ Սերժ Սարգսյանի անդրկուլիսային դերակատարության մասին խոսում էին նաեւ տապալված նստաշրջանի վերջին օրը: Իհարկե, մեծ հաշվով անհասկանալի է մնում՝ ո՞ւմ հավատ ընծայել. նրա՞նց, ովքեր հավատացնում են, թե երեքշաբթի Քոչարյանը խորհրդակցություն է գումարել, քննարկվել է «խուլիգանություն» հոդվածով որոշ պատգամավորների կալանելու նպատակահարմարությունը. սակայն ուժայինների խանդավառությունը մեծ չի եղել: Թե՞ նրանց, ովքեր ասում են. «Ուժայինները ընդդիմանան նախագահի՞ն, վպ ՊՏՋՊպՑպրՖ»: Համենայնդեպս, դժվար է հավատալ, թե «Պեռնո Ռիկարում» քաջարի ճառելուց, միջամտելու սպառնալիքից եւ «խուլիգանություն» հոդվածը մատնանշելուց հետո հանկարծ օրը երեկոյացավ եւ Քոչարյանի վրա հեզություն իջավ: Փոքր-ինչ հողեղեն բացատրություն է հարկավոր: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել