Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ Է

Հունիս 15,2002 00:00

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ Է Որի հիմքում բարոյականությունն է Նվիրում եմ Գալուստ Սահակյանին Ժողովրդավարական պետութունը դասական իմաստով՝ ժողովրդի ինքնակազմակերպման եւ ինքնակառավարման ձեւ է: Ժողովուրդն ընտրում է ամենաարժանավորներին, որոնք իր անունից կազմակերպում են հասարակության գործունեությունը՝ ստեղծում են բոլորի համար պարտադիր «խաղի կանոններ»՝ օրենքներ, ձեւավորում են գործադիր իշխանությունը, որը քաղաքական ծրագրեր է մշակում եւ իրագործում ներքին կյանքը (տնտեսական, սոցիալական եւ այլ) ու արտաքին աշխարհի հետ հարաբերությունները կանոնակարգելու նպատակով, ինչպես նաեւ ձեւավորում է դատական իշխանությունը, որն իրականացնում է արդարադատություն՝ հետեւում օրենքների գործադրմանը, լուծում առաջացող վեճերը, պատժում օրենքները խախտողներին: Կատարյալ ժողովրդավարական պետության գերնպատակը յուրաքանչյուր մարդու իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունն է: Սակայն հասարակությունը, որ չի ունեցել պետականության եւ ժողովրդավարության ավանդույթներ, առավել եւս՝ եթե տեւական ժամանակ զրկված է եղել պետականությունից կամ ապրել է բռնապետների կրնկի տակ՝ դժվարությամբ է անցնում հասունացման շրջանը: Այդպիսի երկրների (որ ընդունված է անվանել «անցումային») պետական հաստատությունները եւ քաղաքացիական կառույցները, մնալով արտաքուստ ժողովրդավարական, արագորեն ձեւախեղվում են, կորցնում իրենց բուն էությունը: Ժողովրդավարական արժեքները՝ ընտրությունները, կուսակցությունները, ազատ մամուլը վերածվում են բռնապետության քողածածկույթի: Զարգացման այսպիսի ճանապարհ ընտրած երկրներում հաստատվում է պատրանքային կամ իմիտացիոն «ժողովրդավարություն»: Դա կատարվում է նաեւ այն պատճառով, որ թե՛ անհատական, թե՛ հասարակական հոգեբանության խորքային շերտերում «նստած» են այլ՝ ժողովրդավարությունից խստորեն տարբերվող, անգամ դրան հակոտնյա արժեքներ: Ուստի անհնար է մարդկանց ու հասարակության ակնթարթային վերափոխումը: Անհրաժեշտ է ժամանակ՝ տասնամյակներ, որի ընթացքում տեղի կունենան համակարգային, կառուցվածքային, արժեքային բարեփոխումներ, սերնդափոխություն, ի հայտ կգա «շուրթերն անեծքով չպղծածների» նոր սերունդ: Բայց դա ինքնաբերական ու անխռով ընթացք չէ, հարկավոր է զարգացման ճիշտ կողմնորոշիչների ընտրություն, հակառակ դեպքում՝ ոչ մի քամի չի լինի համընթաց: Մինչեւ հասարակական, պետական ապրելակերպ դառնալը ժողովրդավարությունը պետք է դառնա մտածելակերպ: Մարդկության մեզ հայտնի ողջ պատմության ընթացքում բարեփոխումներին նախորդել է առանձին անհատների մտքի խիզախ թռիչքը: Որպես կանոն, նրանք սկզբում չեն ընդունվել, դատապարտվել են հասարակական կարծիքի կողմից: Ժողովրդավարական գաղափարները հիմնված են թե՛ ողջ մարդկության, թե՛ յուրաքանչյուր անհատի մեջ ի ծնե առկա արդարության զգացումի վրա: Մեկի մոտ դա ուժեղ է արտահայտված, մյուսի մոտ՝ ավելի թույլ: Հարմարվողականությունը, կրավորականությունը, փոփոխությունների հանդեպ վախը շատերի մեջ քնեցրել է այդ զգացումը: Ժողովրդավարության պայմաններում ապրելու ցանկության եւ պատրաստակամության աստիճանը որոշվում է նրանով, թե ինչպիսի մտածելակերպի մարդիկ են դառնում ժողովրդի ընտրյալներ: Սա իր հերթին որոշվում է նրանով, թե ինչքանով է հասարակությունն ամբողջությամբ եւ նրա յուրաքանչյուր անդամ պատրաստ գնահատելու իր իրավունքները եւ պաշտպանել դրանք: Չի կարելի անտեսել մի կարեւոր խնդիր եւս՝ բարոյականության խնդիրը: Մարդիկ, ովքեր հանգամանքների կամ ճակատագրի բերումով ձեռք են բերում այլ մարդկանց նկատմամբ վճիռներ կայացնելու եւ գործադրելու իշխանություն, պետք է ամեն ինչից զատ լինեն բարոյական վեհ արժեքների կրողներ: Քաղաքական ազդեցությունից ավելի կարեւոր է բարոյական հեղինակությունը: Հակառակ դեպքում, իշխանությունը դառնում է անբարոյական, իսկ նման իշխանություն հանդուրժող հասարակությունը դեգրադացիայի է ենթարկվում: Օգտակար է, երբ բարոյական հեղինակություն չհանդիսացող քաղաքական ուժը բացորոշ շարադրում է դեմոկրատիայի (հունարենից թարգմանած՝ ժողովրդի իշխանության) մասին իր պատկերացումները՝ ավելորդ անգամ ի ցույց դնելով իր դատապարտվածությունը: Ժողովրդավարությունը կվերանա հասարակությունից, եթե վտարված է նրա «ընտրյալների» հոգուց եւ մտքից: Բայց բարոյականության հաստատման համար մարդկությունն ունի հզոր զենք՝ Աստված եւ նրա ավետած պատվիրանները: Մարդու հանդեպ սերը կենսունակ գաղափար է, եթե կա հավատ դրա նկատմամբ: Եվ ճշմարիտ ժողովրդավարության հիմքում ընկած է հենց այդ սերը ու հավատն առ այն: Եթե չկա հավատ՝ կա գոնե գիտելիք: Համոզված եմ, որ մոտ ապագայում գիտությունը կստանա Աստծու գոյության անմերժելի ապացույցներ եւ այդ դեպքում շատ անհավատացյալներ կուզենան վերանայել իրենց բարոյական սկզբունքները: Սակայն պետք չէ սպասել դրան: Դա կարելի է անել հենց այսօր: ՌՈՒԲԵՆ ՎԱԼԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել