Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ի, ՖՈՒՏԲՈԼԻ, ԱՃՈՒՐԴԻ ՈՒ ՎՃՌԱԲԵԿԻ ՎՃՌԻ ՄԱՍԻՆ

Հունիս 15,2002 00:00

«Ա1+»-Ի, ՖՈՒՏԲՈԼԻ, ԱՃՈՒՐԴԻ ՈՒ ՎՃՌԱԲԵԿԻ ՎՃՌԻ ՄԱՍԻՆ «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ն սպառեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ապրիլի 2-ի որոշման օրինականությունը հայաստանյան դատական ատյաններում եւ իրավական դաշտում վիճարկելու բոլոր հնարավորությունները: Երեկ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատը՝ լսելով «Մելտեքս» ՍՊԸ բողոքը՝ տնտեսական դատարանի 25.04.2002թ. վճիռն ամբողջությամբ բեկանելու պահանջի մասին, որոշեց վերջինս թողնել անփոփոխ: Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատի նախագահ Արման Մկրտումյանը երեկ, դատական նիստը սկսելուց առաջ, հիշեցրեց, որ Վճռաբեկ պալատում գործերը քննարկվում են ոչ թե ըստ էության, այլ՝ միայն վճռաբեկ բերված բողոքի սահմաններում: Սակայն դատական նիստից ստացած մեր տպավորությամբ՝ դատարանն ինքը ցանկություն չուներ հենց ներկայացված բողոքի շրջանակներում հարցը լրջորեն, համակողմանի եւ օբյեկտիվ քննել: Հիշեցնենք, որ «Մելտեքս» ընկերությունը վճռաբեկին ներկայացրած իր բողոքում ամենայն մանրամասնությամբ եւ կոնկրետ հոդվածների հղումներով, ավելի քան հիմնավոր եւ փաստարկված ներկայացրել էր, թե ինչո՞ւ եւ ի՞նչ հիմքով է գտնում, որ տնտեսական դատարանի կայացրած վճիռն անհիմն է, որ խեղաթյուրվել են գործի փաստական հանգամանքները, շրջանցվել են ՀՀ Հիմնական օրենքի, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» եւ «Լիցենզիայի մասին» օրենքների շուրջ 25 հոդվածներ: Ի հավելումն այդ ամենի, «Մելտեքս» ՍՊԸ-ն իր բողոքում արձանագրել էր, որ տնտեսական . դատարանն «անտեսեց ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ-օրենքի 67 հոդվածը, այն է՝ «լիցենզիա տալը մերժելու մասին որոշման պատճենը պատշաճ ձեւով ուղարկվում է դիմողին որոշում ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում»: Անտեսվեց ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 51-րդ հոդվածը, այն է՝ «արտոնագիրը տալը մերժելու հիմքերի մասին գրավոր տեղեկացվում է դիմողին որոշում ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում»: Առ այսօր «Մելտեքս» ՍՊԸ-ն չի ստացել օրենքով նախատեսված որոշման պատճենը, իսկ դատարանի կողմից չկիրառվեց վերոհիշյալ օրենք կարգի 67, օրենքի 51, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածների պահանջները, ոչ միայն թույլ տրվեց նյութական իրավունքի նորմի խախտում, այլ նաեւ՝ սույն դրվագով, գտնում եմ, որ կատարվել է անարդար դատաքննություն, որի պատճառով «Մելտեքս» ՍՊԸ-ն չկարողացավ ապացուցել ոչ միայն իր իրավունքների ոտնահարումը, այլ նաեւ՝ հնարավորություն չստացավ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 51-րդ հոդվածի հիմքերով դիմելու դատարան»: «Մելտեքսը» հիշյալ խախտումները գնահատել էր՝ որպես Մարդու իրավունքների կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում: Վերադառնալով դատական նիստին, հարկ ենք համարում կրկնել, որ Վճռաբեկ պալատն ամենեւին էլ ցանկություն չդրսեւորեց հարցը համակողմանի քննարկել: Մի դեպքում՝ Պալատի նախագահ Մկրտումյանը պարբերաբար ընդհատում էր «Մելտեքսի» ներկայացուցիչ փաստաբան Լ.Բաղդասարյանին՝ ներկայացնելու ներկայացված բողոքի հիմքերը, մասնավորապես՝ Քաղաքացիական դատավարական օրենսգրքի խախտումների մասին, համարելով դրանք ոչ էական, մյուս դեպքում՝ չէր առարկում, որ պատասխանող կողմի ներկայացուցիչը հանգիստ ու անվրդով ընթերցի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կարծիքը՝ ներկայացված բողոքի առնչությամբ: Ի դեպ, վերջինիս կարծիքով, այդ բողոքը անհիմն էր եւ ենթակա չէր բավարարման: «Մեր կարծիքով տնտեսական դատարանի վճիռը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին, եւ դրանով «Մելտեքսի» ոչ նյութական, ոչ դատավարական իրավունքները խախտված չեն»: Դատավոր Մկրտումյանը նաեւ մերժեց «Մելտեքսի» ներկայացուցիչ Լ. Բաղդասարյանի՝ Ազգային հանձնաժողովի նախագահին դատարան հրավիրելու եւ նոր ի հայտ եկած հանգամանքների առնչությամբ պարզաբանումներ տալու միջնորդությունը՝ հայտարարելով, թե Քաղաքացիական դատավարական օրենսգիրքը նման կարգ չի սահմանել: Իրականում նույն օրենքի 234 հոդվածը, ի հեճուկս Ա.Մկրտումյանի, նման կարգ վաղուց արդեն սահմանել է: Պալատի նախագահի ակնհայտ կողմնակալ եւ ագրեսիվ կեցվածքը, թերեւս, ստիպեց «Մելտեքսի» ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանին, այնուամենայնիվ, հանդես գալ դատարանում: Նրա որեւէ պատճառաբանություն նախագահողն ընդունել չցանկացավ: Տ.Տեր-Եսայանը խոսում էր մրցույթի ընթացքում Հեռուստատեսության ազգային հանձնաժողովի թույլ տված օրենքների կոպիտ խախտումներից եւ կամայական մեկնաբանություններից, Պալատի նախագահը նույն մրցույթը համեմատում էր ինչ-որ աճուրդների, ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի պարտության հետ եւ այլն: Ըստ էության, ինչպես «Մելտեքսի» ներկայացուցիչներից մեկը նկատեց, դատարանը օրենքները տակը դրած՝ ֆուտբոլի ու աճուրդների հարց էր քննարկում: Իսկ դա ոչ միայն «ըստ էության» չէր, այլեւ՝ բավական մղոն հեռու էր այն բողոքի բովանդակությունից, որ ընկերությունը ներկայացրել էր վճռաբեկին: Ի վերջո, դատավոր Մկրտումյանը, թերեւս, հասկացավ, որ «Մելտեքսի» ներկայացուցիչ Տ.Տեր-Եսայանի հետ հաճախությունների մրցույթ անցկացնելու կարգի վերաբերյալ բանավեճում տանուլ չտալու համար պետք է այն տեղափոխել օրենքի տարմեկնաբանությունների հարթություն, եւ եզրակացրեց, որ այդ գործում «մեղավորն» օրենքի անկատարությունն է, որն, իբր, հստակ չի մեկնաբանել. մրցույթը վերաբերում է մի՞ քանի հաճախությունների, թե՞ մեկ հաճախության լիցենզիա ստանալուն: Իհարկե, Տ.Տեր-Եսայանը մի քանի անգամ պնդեց, որ «Մելտեքսը» բողոքում է ոչ օրենքի անկատարության, այլ դրա չկիրառման ու շրջանցման դեմ: Ի վերջո, նույնիսկ թույլ չտալով «Ա1+»-ի ներկայացուցչին շարունակել հիմնավորել իրենց ներկայացրած բողոքը, ընդհատեց նրան ու անցավ խորհրդակցական սենյակ: Վերադարձավ, ինչպես արդեն ասացինք, բողոքը մերժելու եւ տնտեսական դատարանի վճիռն անփոփոխ թողնելու հաստատ որոշմամբ: «Մելտեքս» ՍՊԸ նախագահ Մեսրոպ Մովսեսյանն ասաց, թե վճռաբեկի կայացրած որոշումը ոչ միայն անակնկալ չէր, այլեւ իրենք այդ լուծմանն անհամբերությամբ էին սպասում: «Հիմա արդեն հանգիստ շունչ քաշեցինք: Մենք պատրաստ էինք դրան եւ գիտենք մեր հետագա անելիքները՝ դիմելու ենք Եվրոպական դատարան եւ առաջիկա մեկ ամսվա ընթացքում»,- հայտարարեց պրն Մովսեսյանը: Մեր այն հարցին ի պատասխան, թե գո՞հ եք Ձեր փաստաբաններից, «Մելտեքսի» նախագահն ասաց. «Փաստաբաններն իրենց ստրատեգիան ունեն եւ դատարաններում առաջնորդվում էին դրանով՝ չբացելով բոլոր փակագծերը, որովհետեւ գիտեինք, որ գործը վճռաբեկով չի ավարտվելու»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930