Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒՐԵՄՆ ՏԱԿԸ ՄԻ ԲԱՆ ԿԱ»

Հունիս 15,2002 00:00

«ՈՒՐԵՄՆ ՏԱԿԸ ՄԻ ԲԱՆ ԿԱ» Այսպես կմտածի ժողովուրդը՝ ըստ Շ. Քոչարյանի Աշխարհի ոչ մի երկրում իմփիչմենթ չի եղել եւ չի էլ լինի։ Որոշ երկրներում նախագահները հրաժարական են տալիս իմփիչմենթի վտանգից, քննարկումների սարսափից եւ ոչ թե բուն պաշտոնանկության գործընթացի տրամաբանական ավարտի հետեւանքով։ Շավարշ Քոչարյանը գտնում է, որ պաշտոնանկության մասին սահմանադրական պահանջը մի բան է, որը գրված է, բայց գործող չի, կարող է գործել միայն բացառիկ դեպքում։ Իսկ բացառիկ դեպք կարող է լինել, երբ ամբողջ հանրապետությունը, քաղաքական բոլոր ուժերը, իշխանական կառույցները միավորված նույն բանն ուզեն՝ նախագահի հեռացումը։ Եթե այդպես լինի նաեւ Հայաստանում, էլ ի՞նչ իմփիչմենթի մասին է խոսքը. Ռոբերտ Քոչարյանը հրաժարական կգրի ու կգնա։ Սակայն ակնհայտ է, որ առայժմ այդպես չէ եւ եթե նույնիսկ վերը նշված ուժերից յուրաքանչյուրն ուզում էլ է, որ Քոչարյանը հեռանա, ապա դա մնում է ցանկության մակարդակում։ Նույնիսկ ընդդիմությունը՝ վերջին երկու օրերին խորհրդարանի մոտ հավաքվելով, չկարողացավ ժողովրդի հավաքական ամբողջությունը բերել ԱԺ դարպասների մոտ, մի քանի հարյուր մարդու պահանջով նույնիսկ ամենաթույլ նախագահը հրաժարական չի տա։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը թույլ նախագահ չէ։ ԱԺԿ ղեկավար Շավարշ Քոչարյանը, ՄԱԱ-ում խոսելով խորհրդարանական ընդդիմության անցած օրերի պահվածքի, հնարավոր զարգացումների եւ այն մասին՝ կների՞ Ռոբերտ Քոչարյանը այս ամենը, թե ոչ, արձանագրեց. «Այն օրերին, երբ պրոցեսը գնում էր, լուրեր էին տարածվում, որ այդ օրերին գործ հարուցվեց Մուշեղ Սաղաթելյանի հոր եւ որդու նկատմամբ, որոնք դատարանում հայհոյել են։ Բայց ինչո՞ւ այդ մասին հիշեցին հենց այդ օրը (եթե իրոք այդ օրերին է եղել)։ Այսինքն, սա խոսում է այն մասին, որ արդեն օգտագործում են կողմնակի լծակներ ոչ թե խորհրդարանի ներսում, այլ՝ դրսում, որը եւս բնորոշ է ավտորիտար երկրներին։ Խնդիրն այն չէ, թե Ռոբերտ Քոչարյանն ինչ կանի։ Ով էլ այնտեղ լինի՝ նույն բանը կանի»։ Շավարշ Քոչարյանի գնահատմամբ, վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանի թիմը սխալներ թույլ տվեց՝ կատարելով «շատ անգրագետ քայլ, որովհետեւ ժողովուրդը այսպես է մտածում՝ յա՜, իմփիչմենթի հարց է, ամեն կերպ խոչընդոտում են, ուրեմն տակը մի բան կա։ Այսինքն, ըստ էության, նրանք, ովքեր պաշտպանում էին իբր նախագահին, ընդհակառակը, նրան շատ հզոր հարված հասցրին»։ Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ՝ քաղաքականության մեջ հիմնական բարդությունը առաջացնում են ամբիցիաները. «Պարզ խոսենք, քաղաքականության մեջ բոլորն ունեն ամբիցիաներ եւ ամբիցիան զիջվում է այն դեպքում, եթե անձը նվիրված է որեւէ գաղափարի»։ Շավարշ Քոչարյանը վստահ է, որ ժողովուրդը սպասում է այլընտրանքի, եւ եթե այս երկրում նախագահը փոխվի ընտրությունների արդյունքում, դա հնարավոր կլինի միայն մի դեպքում՝ եթե ժողովուրդը տեսնի այլընտրանքը, հավատա նրան, ծրագրերին, նաեւ քաղաքական ուժերին։ Իսկ եթե քաղաքական ուժերն ի վիճակի չլինեն մեկ թեկնածուի շուրջ համախմբվել, արդեն բնական է, կանխորոշված է, թե ինչ կլինի։ Ընդդիմադիր 13 կուսակցությունների համար թերեւս լրջանալու պահը սկսվում է հենց որ խոսք է գնում միասնական թեկնածուի մասին։ Առայժմ հայտարարություն չի արվել թեկնածուի մասին, սակայն երեկ լրագրողները փորձում էին իմանալ. «ո՞վ է նա»։ Շավարշ Քոչարյանը խոստովանեց, որ իրենց կուսակցությունն այս հարցում ամբիցիաներ չունի, իրենց ամբիցիան այն է, որ ընդդիմադիր են համակարգին։ Իրականում ընդդիմադիր 13-ը ձեւավորվեց խորհրդանական կառավարման համակարգի օգտին համախմբված վեցնյակի շուրջ։ Ըստ էության ընդդիմադիրներից 12 կուսակցություն կողմ է կառավարման սահմանադրական համակարգին, դեմ է միայն ՀԺԿ-ն եւ Արշակ Սադոյանը. «Հիմա այդ խնդիրը կա։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ միասնական թեկնածուն լիներ ամենաազդեցիկ կուսակցության ներկայացուցիչը եւ ամենաազդեցիկ քաղաքական դեմքը։ Այդ տեսակետից, երբ որ դուք ասում եք՝ Արտաշես Գեղամյան, Ստեփան Դեմիրճյան, դա պատահական չէ։ Դա պատահական չէ, որովհետեւ կուսակցությամբ եւ անհատապես իրենք ազդեցիկ են։ Շատ ցանկալի կլիներ, որ միասնական թեկնածուն այսպիսի դեմքերից լիներ»։ Շավարշ Քոչարյանը չթաքցրեց, որ բանակցություններն ընթանում են շուրջ մեկ տարի, եւ եթե ընդդիմությունը միավորված լիներ, արդեն կունենար նաեւ իր միասնական ծրագիրը. «Ունենալով այդքան թվով կուսակցություններ, չունենալ այսօր թղթին տրված լրջագույն ծրագրեր, մոտեցումներ, նախագծեր, ա՛յ, սա եւս խոսում է այն մասին, որ մենք անընդհատ ենթարկվում ենք համակարգի տրամաբանությանը՝ կարեւորը աթոռն է, թող սա գնա, ես գամ, հետո լավ կլինի։ Դա 98 թվին տեսանք, տեսանք, չէ՞։ 98 թվին նույն պատմությունը եղավ»։ Ուրեմն ո՞րն է ելքը, ընդդիմադիր կուսակցություններից գրեթե բոլորը կողմ են խորհրդարանական կառավարման համակարգին, սակայն դրանք ազդեցիկ կուսակցություններ չեն։ Իսկ նա, ով ազդեցիկ է, նախագահական համակարգի պահպանման կողմնակիցն է։ Պատասխանելով այս դիտարկմանը, Շավարշ Քոչարյանը փորձեց հետեւյալ բաներն ասել. «Տեսեք, Արտաշես Գեղամյանը հայտարարել է եւ ձգտում է լինել թեկնածու եւ, իհարկե, իր համար ցանկալի է, նաեւ՝ միասնական։ Համենայնդեպս, ՀԺԿ-ն մինչեւ վերջերս ցույց էր տալիս, որ ինքն էլ այդ հավակնությունն ունի։ Այս վերջերս մի քիչ պասիվ է, դրա համար ես արդեն մի քիչ լավ չեմ հասկանում։ Վազգեն Մանուկյանը հայտարարել է, Արշակ Սադոյանը հայտարարել է, «Սոցիալիստական Հայաստանը», որը յոթ ուժերի միավորում է, ձգտում է իր թեկնածուն ունենալ, Հրանտ Խաչատրյանն ասել է, որ չի բացառում։ Հիմա տեսեք, էս վիճակում ո՞րն է այն պրագմատիկ քայլը, որը թույլ կտա զիջել։ Եթե հարցադրումը հետեւյալն է, որ պահպանվում է նույն համակարգը, ով էլ գա, նա շահում է ամեն ինչ, իսկ մնացածը կորցնում են ամեն ինչ։ Ես պետք է հիշեցնեմ, որ այսօրվա ընդդիմության շարքերում կան կուսակցություններ, որոնք մի անգամ հավատացել են, ժամանակին Ռոբերտ Քոչարյանին էին պաշտպանում եւ այսօր դարձել են ընդդիմություն։ Ուրեմն այդ փորձն էլ կա։ Նա, ով եկավ իշխանության, միշտ կարող է բոլոր պայմանավորվածությունները խախտել»։ Հասկանալի է, որ պրն Քոչարյանն այս երկար բացատրությունը հանգեցրեց համակարգի թերություններին եւ չհոգնեց կրկնել, որ ճիշտը խորհրդարանական համակարգի անցնելն է, նաեւ առաջարկեց կոմպրոմիսի տարբերակը՝ առավել ձայներ հավաքած կուսակցությունը գոնե հնարավորություն պիտի ունենա վարչապետի թեկնածությունն իրենով անել։ Եզրակացությունը մեկն է՝ ազդեցիկ կուսակցությունները ցանկացած թեկնածուի դեպքում պետք է կոնկրետ իմանան՝ ընտրությունների արդյունքում ի՞նչ են շահելու, որպեսզի չմնան կոտրած տաշտակի առաջ։ Քանի դեռ ընդդիմությունը միասնական թեկնածուի, միասնական ծրագրի եւ փոխադարձ ակնկալիքների շուրջ համաձայնության չի եկել, հաջողության չի կարող հասնել։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իշխանամետ կուսակցությունները մեղադրեցին ՀՀԿ-ին, իբր խորհրդարանում կատարվածի մեղավորը այդ կուսակցությունն է։ Լրագրողի խնդրանքով մեկնաբանելով սա, պրն Քոչարյանն ասաց. «Քանի որ այդ երեք կուսակցությունները (հարցում հնչել էին նաեւ ՀՅԴ-ի, «Օրինաց երկրի» անունները- Մ. Ե.) պաշտպանն են ներկա նախագահի, ամեն մեկն ուզում է ցույց տալ, որ ինքն ավելի լավ կարող է ծառայել. տվել եք հիմնական լծակը հանրապետականին, տեսեք՝ ինչ անգրագետ են, այ, որ մենք լինեինք, մենք ավելի գրագետ կպաշտպանեինք»։ Շ. Քոչարյանն այս ամենը որակեց որպես պալատական ինտրիգ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930