Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՍՏՈՐԻԱՅԻ» ԴՈԿՏՈՐԱԿԱՆԸ

Հունիս 15,2002 00:00

«ԱՍՏՈՐԻԱՅԻ» ԴՈԿՏՈՐԱԿԱՆԸ ՆԳ եւ ԱԱ նախարարությունների հովանու ներքո ստեղծված եւ այժմ ՊՆ կրունկի տակ գոյատեւող (այս մասին գիտեն գրեթե բոլորը) «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի օբյեկտները, բնականաբար, ոչ թե մեկ կամ երկուսը պետք է լինեին, այլ՝ մի քանիսը։ Ա. Բաղդասարյան իրավագիտության դոկտորն այս ասպարեզում ունեցած իր «գիտելիքները» բացառապես կիրառել եւ կիրառում է թերեւս միայն մեկ դեպքում. այն օբյեկտները, որոնք իրականում պատկանում են իրեն, նա, համաձայն իր սողացող եւ ճարպիկ բնավորության, իրավաբանորեն դրանք ձեւակերպել է ոչ թե իր, այլ հոր եւ եղբոր անուններով։ Սա, իհարկե, նրա կողմից կիրառվող նոր գործելաոճ չէ։ Քաղաքականության մեջ դա նրա հիմնական սկզբունքն է, սակայն այս մասին քիչ անց։ Այսպիսով, դոկտոր պատգամավորին, ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ա. Բաղդասարյանին են պատկանում Զաքյան 8 հասցեում գտնվող «Աստորիա» բար-ռեստորանը, Ջրվեժում գտնվող «Էլինա» ռեստորան-հյուրանոցը, «Շեն» կոնցեռնը, «Կրիստալ» տաքսի ծառայությունը, Թումանյան փողոցի համակարգիչների կենտրոնը։ Սակայն, ինչպես նշեցինք, սրանցից ոչ մեկը ձեւակերպված չէ նրա անունով։ Վերոնշյալ օբյեկտներից 4-ը տնօրինում է Ա. Բաղդասարյանի եղբայրը, իսկ Ջրվեժի «Էլինա» ռեստորան-հյուրանոցը՝ նրա հայրը։ Ի դեպ, մեր տեղեկություններով, նշված ժամանցային կենտրոնները, որտեղ կան նաեւ սաունաներ, իրենց կարգուկանոնով այնքան էլ, մեղմ ասած, աչքի չեն ընկնում։ Իսկ մինչ նրա, այսպես ասած, քաղաքական «սկզբունքային» կենսագրությանն անդրադառնալը, բավական ուշագրավ դրվագներ կան իրավագիտության դոկտոր Ա. Բաղդասարյանի մասին, որոնք շրջանցել չենք կարող։ Երբ Բաղդասարյանը սկսեց իրավաբանական իր գիտելիքները ցուցաբերել՝ աջ ու ձախ քարկոծելով համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, վերջինս ստիպված եղավ նրա դիսերտացիայից մեջբերումներ անելով հիշեցնել, թե իրականում ով է եղել Ա. Բաղդասարյան ուսանողը։ Դրանից հետո, «Օրինաց երկրի» առաջնորդը դադարեց համալսարանի դեմ ելույթներ ունենալ եւ մեկնեց Մոսկվա՝ դոկտորական պաշտպանելու։ Սակայն դրանից հետո նա իր դոկտորական աշխատանքը չներկայացրեց Հայաստանում, որպեսզի իր դիպլոմը գործի եւ հաստատվի նաեւ այստեղ։ Ըստ այդմ, այժմ իրավագիտության դոկտոր Ա. Բաղդասարյանի դիպլոմը Հայաստանում, մեղմ ասած, չի անցնում եւ այստեղ, ցավոք, նա դոկտոր կոչվել չի կարող։ Ըստ հավաստի լուրերի, նա իր դոկտորական աշխատանքն այստեղ չի ներկայացրել՝ նախապես իմանալով, որ չի հաստատվելու այն պարզ պատճառով, որ «թխված» է իր դիսերտացիայից։ Իսկ ինչ վերաբերում է նրա քաղաքական «դիսերտացիային», որն այդպես էլ չի կարողանում ավարտել, ապա՝ շատ ավելի բեղուն է։ «Պիտի ազնվորեն մատնանշենք նաեւ ՀՀՇ-ի կատարած բոլոր այն չարագործությունները, որոնց տեղյակ է հանրությունը»,- վերջերս հայտարարել է Ա. Բաղդասարյանը՝ մոռանալով, որ ժամանակին ինքն է եղել ակտիվ ՀՀՇ-ական ու 1995թ. ՀՀՇ -ի միջոցով դարձել պատգամավոր։ Թարմացնելու համար իրեն դոկտոր համարող Բաղդասարյանի չքմեղացած հիշողությունը, հանրությանը տեղեկացնենք, որ նա եւս եղել է ՀՀՇ-ական, ինչին ՀՀՇ-ից շատերը դեմ են եղել։ Սակայն նրա թախանձագին խնդրանք-աղաչանքներից հետո ի վերջո ՀՀՇ-ն որոշել է նրան ընդունել իր շարքերը։ Այնուհետեւ, 1993թ. նա ՀՀՇ պատգամավորների ձայներով դարձել է Շենգավիթի գործկոմի նախագահի տնտեսական գծով տեղակալ եւ այդ շրջանի կրպակատերերից, ըստ լուրերի, գումարներ էր կորզել, որպեսզի նրանց թույլատրի աշխատել։ Ի դեպ, այս կապակցությամբ այն ժամանակ մի շարք բողոքներ են եղել։ 1995թ. դեկտեմբերի 22-23-ը նա մասնակցել է ՀՀՇ 7-րդ համագումարին եւ ՀՀՇ վարչության կազմում ընդգրկվելու համար առաջադրել է իր թեկնածությունը։ Սակայն համագումարի 400 պատվիրակներից ընդամենը 39-ն են ձայն տվել նրա օգտին, եւ 67 թեկնածուներից իրենից թվով քիչ ձայն են հավաքել միայն 4 թեկնածու։ Ականատեսները վկայում են, որ այդ խայտառակ ձախողումից հետո Ա. Բաղդասարյանը գրեթե արտասվել է։ Ի դեպ, ՀՀՇ-ից տեղեկացանք, որ արխիվում պահպանվում են մի շարք ուշագրավ նյութեր ու տեսագրություններ ՀՀՇ-ական Բաղդասարյանի կյանքից եւ ցանկության դեպքում դրանք կարող են հրապարակվել։ Չնայած այս ամենին, Ա. Բաղդասարյանը զարմանալիորեն հերքում է այս փաստը, ասելով. «Ինչ վերաբերում է իմ կողմից ՀՀՇ վարչության անդամ առաջադրվելուն ու չընտրվելուն, ապա դա ուղղակի չի համապատասխանում իրականությանը, քանի որ նման բան չի եղել»։ Եվ այսքանից հետո գոնե լավ է, որ նա չի հրաժարվել շարքային ՀՀՇ-ական լինելու փաստից։ Ինչեւէ, թերեւս իրեն նկատի ունենալով է Ա. Բաղդասարյանն առաջարկել «ազնվորեն մատնանշել» ՀՀՇ «չարագործությունները», որոնց հանրությունը տեղյակ է։ Եվ հենց դա էլ մենք անում ենք՝ անդրադառնալով նրա շքեղ օբյեկտներին, որոնց դժվար թե նա տիրացել է «բարեգործություններով»։ Ի դեպ, նշենք, որ Ա. Բաղդասարյանին եւ նրա կուսակցությանը, բացի ուժային վերոնշյալ կառույցներից, աջակցում է նաեւ անձամբ ՆԳՆ 6-րդ վարչության պետ Արմեն Երիցյանը։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ Հ. Գ. 1996թ. նախագահական ընտրություններում հայտնի պոպուլիստ Ա. Բաղդասարյանը հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանել է ՀՀՇ թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, սակայն 1998-ին նույն ոգով ու ջանասիրությամբ պաշտպանել եւ մինչեւ օրս էլ պաշտպանում է Ռ. Քոչարյանին։ Հաջորդ նախագահը, ցանկության դեպքում, նույնպես կարող է օգտագործել Ա. Բաղդասարյանին ու նրա «Օրինաց երկիրը»։ Եթե, իհարկե, ցանկանա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930