Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերնատնից» դժգոհ են

Հունիս 14,2002 00:00

«Վերնատնից» դժգոհ են «Գրողների «Վերնատուն» միության անդամ լինելը շատ հեշտ է. կարդում ես բանաստեղծություններդ, «քննարկում» են եւ, եթե նախագահը ձեռք է բարձրացնում ի նշան հավանության, մյուսներն էլ են ձեռք բարձրացնում»,- ասում է Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ Վլադիմիր Սարգսյանը։ Նա նաեւ համոզված է, որ «իր ջուրն ուրիշ ջրեն է, իսկ «Վերնատան» անդամներինը՝ կոմսոմոլի ջրեն», ինչի պատճառով էլ իբր իրեն չեն ուզում հասկանալ։ Ըստ նրա, հարաբերությունները հատկապես սրված են իր եւ «Վերնատան» վարչության նախագահ Գեւորգ Սնխչյանի միջեւ, որը «իր ուզած ձեւով» տպագրել է Վ. Սարգսյանի բանաստեղծությունները՝ դրանցում կատարելով բազմաթիվ փոփոխություններ։ Մինչդեռ հեղինակը գտնում է, որ այդքանից հետո ինքը ամենեւին չէր կամենա ստորագրել «գրաքննված» բանաստեղծությունների տակ։ Վ. Սարգսյանը պատմում է, որ նույն պրոբլեմն ունի նաեւ Վրաստանի հայատառ «Վրաստան» թերթի խմբագրի՝ Բենիկ Սեյրանյանի հետ։ Ըստ նրա, ցանկացած բանաստեղծություն տպագրելուց առաջ, վերջինս անպայման «խորհրդակցում» է «Վերնատուն» միության երեւելի անդամների հետ, իսկ արդյունքում շատ ստեղծագործություններ այդպես էլ չեն տպագրվում։ Որքան էլ տարօրինակ է, Վ. Սարգսյանը «Վերնատան» իր գրչակիցներին առաջարկել է ստորագրել մի երդման տակ, որի հիմնական կետերից են «առանց բանի էությանը ծանոթ լինելու չքննադատելը, մտավորականի պատիվը բարձր պահելը, հավաքներին այս կամ այն ելույթ ունեցողի խոսքը անհարկի չընդհատելը եւ այլն»։ Վրաստանցի բանաստեղծի երդումը շատ շատերի մեջ տարակուսանք է առաջացրել։ Վ. Սարգսյանի հավաստմամբ, բանաստեղծուհի Մետաքսեն էլ է զարմացել նրա «զինվորական» ոճի վրա (ինչի համար, բնականաբար, ուներ պատճառներ. չենք կարծում, թե ստեղծագործող մարդու ազատությունը կարելի է սահմանափակել ինչ-որ մեկի հեղինակած քարացած երդմամբ)։ Վ. Սարգսյանը, սակայն, երդման տեքստի առումով իր «արդարացումն» ունի. «Առաջարկել եմ անպայման նման երդում ունենալ, որովհետեւ «Վերնատան» մեր հավաքները հաճախ շուկա են հիշեցնում, իսկ շուկայի պայմաններում հեշտ չէ աշխատելը։ Չէ՞ որ գրողների հավաքատեղին գիտական լաբորատորիա պետք է լինի, որտեղ հարկ է շշուկով խոսել ու հանգիստ աշխատել»։ Մեր զրույցի ավարտին Վ. Սարգսյանը նորից պնդեց իր այն միտքը, թե բոլորն իրեն նայում են՝ «ինչպես թուրքը՝ խոզի մսին», մինչդեռ ոչնչով պաշտպանվել չի կարող։ Ըստ Վ. Սարգսյանի, իր բողոքները տարբեր ատյաններ դեռ շարունակվելու են մատնվել անուշադրության, ինչին, նրա կարծիքով, նպաստում են «Վերնատուն» միության նախագահ Գ. Սնխչյանի՝ Վրաստանի նախագահ Էդ. Շեւարդնաձեի խորհրդական լինելու հանգամանքը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Հունիսի 16-ին կբացվի գրողների «Հայաստան-Սփյուռք» համաժողովը, որին մասնակցելու է նաեւ Վրաստանի հայ գրողների պատվիրակությունը՝ այդ թվում «Վերնատուն» միության վարչության նախագահ Գեւորգ Սնխչյանը։ Խմբագրությունը պատրաստ է տպագրել նաեւ նրա պարզաբանումներն ու տեսակետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել