Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐԸ՝ ՀԱՆՑԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ

Հունիս 14,2002 00:00

ԴԱՏԱՎՈՐԸ՝ ՀԱՆՑԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ «Պարույր Սեւակ» հրատարակչությունը լույս ընծայեց ճանաչված իրավաբան-գրող, տարաբնույթ յոթ գրքերի հեղինակ Գրիգոր Մելիք- Սարգսյանի հերթական՝ «Հանցավոր աշխարհի ուրվապատկերը» աշխատությունը։ Գրքում ներկայացված են աստվածաշնչյան պատիժներն ու պատժամիջոցները ամենատարբեր հանցանքների՝ գողության, ավազակության, մարդասպանության, բարոյական ու կրոնական օրենքները խախտելու, այլազան չարագործությունների համար։ Անչափ ուսանելի են մարգարեությունների մեկնությունները, որոնք այնքան ժամանակահունչ են։ Գրքի երկրորդ բաժինը սկսվում է մեր ժողովրդի սկզբնավորման ակնարկով։ Այնուհետեւ համառոտակի անդրադառնում է մեր պատմության կարեւորագույն անցքերին՝ ուրվագծելով նրա հերոսական մաքառումները՝ մինչեւ մեր ժամանակները։ Գ. Մելիք-Սարգսյանը, պտտեցնելով «ժամանակի անիվը», գրքում ներկայացնում է հանցավորության ներկա վիճակն աշխարհում. «Ներկայումս աշխարհում տարեկան կատարվում է 450-500 մլն հանցագործություն, այսինքն՝ հանցագործություն է կատարում մոլորակի բնակչության 15 տոկոսը»։ Ըստ նրա ուսումնասիրությունների՝ այդ թիվը տարեցտարի աճում է։ Գրքում հանգամանորեն արծարծվում է մահապատժի խնդիրը, բերվում դրա իրականացման բազմաթիվ փաստեր տարբեր երկրներում։ Գալով մահապատժի «այո»-ին կամ «ոչ»-ին՝ հեղինակը գրում է. «Մի՞թե ճիշտ չեն վարվել հայ վրիժառուները՝ որ սատկացրել են ցեղասպան երիտթուրքերի պարագլուխներին… Մի՞թե սխալ էր միլիոնավոր մարդկանց կյանքից զրկած Մուսոլինիին, Բերիային, Եժովին, Յագոդային, Մուղդուսուն եւ նման մյուս չարագործներին կյանքից զրկելը…»։ Չթուլացող ուշադրությամբ են ընթերցվում «Օսվենցիմ անվամբ դժոխքը», «Ցեղասպանություն սեփական ժողովրդի հանդեպ», «Ճիվաղ Անդրեյ Չիկատիլոն», «XX դարի արյունարբու մարդասպանների ոչ լրիվ ցանկը» բաժինները։ ՀԱԿՈԲ ՍՐԱՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել