Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին տպավորություն

Հունիս 14,2002 00:00

Առաջին տպավորություն «Հանուն խաչի ծպտվածները» վեպի մասին Մի քանի ամիս շարունակ «Առավոտի» շաբաթօրյա համարներում պարբերաբար տպագրվում էին Վահրամ Մարտիրոսյանի «Խաչի անվամբ ծպտվածները» վեպի հատվածները: Կարդալու գայթակղությունը մեծ էր, բայց կային նաեւ հակառակ զգացումներ. նախ մտածում էի, որ հատված-հատված կարդալով չեմ կարողանա ընկալել վեպն ամբողջությամբ եւ ապա՝ չէի պատկերացնում, թե հեղինակն ինչպես կարող էր «Սողանքից» հաջողությամբ «տեղափոխվել» միջնադար՝ հայոց պատմության տագնապներով, հերոսականությամբ ու հակասականությամբ լի տարիները: Այդպես էլ չկարդացի վեպի թերթային տարբերակը: Ինչեւէ, վեպը հրատարակվեց գրքով եւ նոր՝ խմբագրված վերնագրով՝ «Հանուն խաչի ծպտվածները»: Սկսեցի կարդալ ու տարվեցի, սուզվեցի «Բեհեսնի» ամրոցի կյանքի մեջ, սկսեցի ապրել գրքի հերոսների կյանքով, «ընկա» միջնադար՝ Ռուբինյան մեծ իշխանի ու իր մերձավորների, խաչակիր ասպետների, սելջուկ-ասպատակողների միջավայր: Ամբողջ պատմությունը շարադրվում է պատմիչ-ժամանակագիր քահանա Մատթեոս Ուռհայեցու անունից, որը նաեւ վեպի գլխավոր հերոսն է: Վեպի ոճն ապշեցուցիչ է՝ հավատում ես, որ կարդում ես հենց իր՝ քահանայի զգացածի ու տեսածի շարադրանքը: Գիրքն ընթերցելիս ոչ մի անգամ չի լքում այն զգացումը, որ սա անմիջապես ականատեսի, մասնակցի գրածն է: Այս տպավորությունն էլ ավելի է խորանում, երբ մեջբերվում են հատվածներ հենց իր՝ Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրությունից»: Դրանք այնպես են ձուլվում հեղինակային տեքստին, կարծես ամբողջն իսկապես մեկ մարդու գրած նյութ է: Ըստ երեւույթին, սա պատահական չէ. ստեղծագործելիս հեղինակն ինքն իրեն ուղղակի նույնացրել է պատմիչին ու վեպի հերոսին եւ աշխարհիկ անունով կնքել Վահրամ Մարտիրոսյան: Գիրքն ուղղակի հեղեղված է իրական անձերով ու իրադարձություններով: Հեղինակը նաեւ ներմուծում է կերպարներ, որոնք կարծես կարեւոր ու էական չեն շարադրանքի համար, բայց դրանք ընթերցողին վաղուց «ծանոթ» անձինք են, որոնց նույնիսկ հպանցիկ ներկայությունն ընթերցողի համար ստեղծում է դեպքերին մասնակից լինելու պատրանք: Այս նույն նպատակով հեղինակը հմտորեն է օգտագործում, օրինակ, «Գաղտնի պատմությունը»՝ այդ երկի մերօրյա ընթերցողներին ու Մատթեոս քահանային, որը դարեր առաջ է կարդացել երկը, ժամանակային իմաստով դնելով կողք կողքի: Պատմավեպ կարդալիս ակամա մտածում ես, որ հեղինակը պետք է մերօրյա դիտակետից քննարկի ու վերլուծի պատմական դեպքերը, իսկ այսօր-երեկ զուգահեռների միջոցով փորձի փնտրել այսօրյա խնդիրների լուծումները: Վահրամ Մարտիրոսյանն, ի զարմանս ինձ, իր առջեւ այս խնդիրը չի դրել եւ կամ այդ արել է այնքան հմտորեն, որ չես զգում իր միջամտությունը պատմական դեպքերին, այդ դեպքերի մասնակիցների զգացածին ու ապրածին: Սա միգուցե եւ լավ է, քանի որ այսօր էլ, հարյուրամյակներ անց, չկան հստակ եւ ճշգրիտ պատասխաններ ու գնահատականներ: Առավել եւս, որ դժվարությամբ ենք ընկալում ու գնահատում ներկա իրադարձությունները: Այսքանով հանդերձ, երեկ-այսօր զուգահեռներ գրքում շատ կան: Հենց թեկուզ Ռուբինյան իշխան եղբայրների՝ ազգի փրկության, պետականության ստեղծման միջոցների փնտրտուքը՝ բացարձակապես հակադիր ուղղություններով: Կամ՝ վեպի հերոսի տարակուսանքը, երբ մեծագործություններ են հռչակվում ընդամենն օտար կայսրությանը հայ ազնվատոհմիկների մատուցած ծառայությունները: Եվ կամ՝ եկեղեցական արարողությունը ոչ հայերենով կատարելու անթույլատրելիության մասին մեծ իշխանի դիտողությունը: «Հանուն խաչի ծպտվածները» վեպի մասին, կարծում եմ, կարելի է եւ հարկավոր է գրել լուրջ գրախոսականներ ու վերլուծականներ: Սա ընդամենն առաջին տպավորությունն է՝ գիրքը կարդալուց ու փակելուց հետո, երբ մեջդ գերիշխում է երկու զգացում՝ ափսոսանք, որ վեպն ավարտվեց եւ շնորհակալության առ Վահրամ Մարտիրոսյան: ԱՐԵԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ Տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել