Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԱՏԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԷԼ Է ՍՊԱՌՆՈՒՄ

Հունիս 14,2002 00:00

«ՏԱՏԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԷԼ Է ՍՊԱՌՆՈՒՄ Ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի բեմադրած («Մկան թակարդ կամ փորձում ենք Համլետ», «Քաջ Նազար», Արիստոֆանեսի «Ամպեր», Ժիրայր Անանյանի «Կեսգիշերին») ներկայացումներից հետո պտտվում են խոսակցություններ, որ վերջիններում քաղաքական ենթատեքստ կա։ Ռեժիսորի խոսքերով. «Ես հատուկ ոչինչ չեմ քաղաքականացնում, բայց ուրախ եմ, որ իմ բեմադրությունները էդպես են ստացվում։ Սա նշանակում է, որ ես ցավ ունեմ եւ գտնում եմ, որ հանդիսատեսը դահլիճից անհանգստացած պետք է դուրս գա։ Ընդհանրապես յուրաքանչյուր ստեղծագործություն, բեմադրություն պետք է ասելիք ունենա»։ Համակարծիք լինելով Հ. Ղազանչյանի հետ, ասենք, որ չի կարելի դժվարությունները թույլ ու աննշան ներկայացնել, քանի որ այդ դեպքում ասելիքը նույնպես՝ աննշան չափով կերեւա։ Վերջերս էլ նման խոսակցություններ սկսվեցին «Բեմական խաչմերուկ» մշակույթի կենտրոնում ռեժիսորի բեմադրած արգենտինացի դրամատուրգ Ռոբերտո Քոսայի «Տատը» տրագիկոմեդիայի պրեմիերայից հետո։ Այս առիթով Հ. Ղազանչյանը ասաց. «Հեղինակը չի գրել պիես հիվանդ տատիկի մասին։ Սա պիես է փլուզվող հասարակարգի, ինչ քաղաքական տերմին էլ ասենք՝ երկիր, կառավարություն… արդյունքում այն նույն եզրահանգմանը կգանք (իսկ քաղաքական կատեգորիան, որի անունը ինչ ուզենք կարող է լինել վերը նշվածից), որ վերջինս ներսից խժռվում է անկուշտ հրեշի կողմից, որը նույնիսկ տեսնելով հոգեվարքի մեջ գտնվող հարազատներին, շարունակում է խոսել համեղ ճաշատեսակների, համեղ պատառների մասին»։ Գլխավոր դերում հանդես եկող, Հարավային Ամերիկայի միակ հայկական թատերախմբի՝ Արգենտինայի Համազգայինի «Ժորժ Սարգիսեան» Աքսորի հայ թատերախմբի բեմադրիչ եւ դերասան Գալուստ Ջանսզյանը մեզ տեղեկացրեց հետեւյալը. «Այս տրագիկոմեդիան մեծ պահանջարկ ունի աշխարհում։ 1974 թվականին, Արգենտինայում տիրող զինվորական դիկտատուրայի ժամանակահատվածում գրված այս ստեղծագործությունը թարգմանված է 18 լեզվով։ Հայերեն թարգմանությունը կատարել եմ ինքս։ Այն, որ տատը հարյուր տարեկանում քանդում է ողջ ընտանիքը, այս դեպքում հեղինակի ասելիքը հեռանում է զուտ կենցաղային շրջանակներից եւ դառնում ասելիք՝ փլուզվող կարգերի ասեմ, թե հասարակարգի, միեւնույն է, վտանգ չտեսնող անկուշտ, ագահ հրեշի մասին։ Ըստ դրամատուրգի, տատի դերը խաղում է ուժեղ սեռի ներկայացուցիչ՝ տղամարդ, որպեսզի ասելիքը ավելի ուժեղ, ավելի վճռական, ավելի ազդու լինի, դաժանությունը ավելի շատ ընդգծվի։ Այս պիեսը բնորոշ է յուրաքանչյուր ազգի, ժողովրդի, քանի որ աշխարհում որ ազգն ուզում եք վերցրեք, անպայման կտեսնեք նրանում մոլեգնող կոռուպցիա, կաշառակերություն…»։ Այստեղ էլ համակարծիք ենք արգենտինահայ մեր արվեստագետի հետ։ Դիտելով ներկայացումը, պարզապես չենք կարող չխորհել, քանի որ «տատի» վարքագիծը լուրջ վտանգ է ներկայացնում նաեւ մեր հանրապետության համար։ Իսկ բեմադրող ռեժիսոր Հ. Ղազանչյանը հաստատակամ է իր խոսքում ու իրավացի. «Մեր հասարակարգում տեղի ունեցող բեւեռացումը, մի կողմից՝ սրընթաց ու վերընթաց միլիոններ կուտակողների, մյուս կողմից՝ չնչին աշխատավարձով գոյատեւող (հիմնականում՝ ինտելիգենցիայի) մի ստվար զանգվածի՝ այս իրավիճակը լավ բանի չի հանգեցնի։ Իհարկե, կարելի է աչք փակել, անտեսել, հոգնել ասելուց, բայց…»։ Ի վերջո, այնտեղ, ուր կա կյանք եւ առաջխաղացում՝ չեն կարող ուժերի բախումներ, պայքար, կոնֆլիկտ չլինել, իսկ այնտեղ, ուր կա պայքար՝ պետք է լինի հաղթող եւ պարտվող, ճիշտ եւ սխալ, առաջադեմ եւ հետադեմ, նոր եւ հին… ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Այս տարվա սկզբին Բուենոս-Այրեսում բեմադրվել է Ռիչարդ Կալինսկու «Գազան մը լուսնի վրա» պատմական երկը։ Սա եղեռնի ողջ պատմությունն է՝ հայերիս պատմության տխուր, աշխարհացունց էջը։ Գլխավոր դերակատար Մանուե Կաժաոն միջազգային փառատոնում արժանանալով գլխավոր մրցանակի, հայտարարել է, որ ինքն այդ մրցանակը նվիրում է 1,5 միլիոն հայ նահատակների հիշատակին։ Ըստ հավաստի տեղեկության, մոտ ժամանակներս Բուենոս-Այրես կհրավիրվի նաեւ ռեժիսոր Հ. Ղազանչյանը, տեղի հայ թատերախմբի հետ «Գազան մը լուսնի վրա» գործը բեմադրելու նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել