Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կապ չունեն «Ամրենց լանջերի» հետ

Հունիս 14,2002 00:00

Կապ չունեն «Ամրենց լանջերի» հետ Աշտարակ քաղաքի բնակչուհի Վարսիկ Աբրահամյանը «Առավոտ» էր եկել մի հաստափոր թղթապանակով, որն ուսումնասիրելը, անշուշտ, քրեաիրավական ժանրով ստեղծված վեպի հիմք կարող էր դառնալ։ «Դատախազությանը գրած իմ նամակներում նշել եմ, որ մեր՝ Ամիրյանների ընտանեկան գերեզմանները ոչ Նախիջեւանի, ոչ Չարդախլուի եւ ոչ էլ Շուշիի գերեզմաններն են, որոնք եղծվեցին վայրագ թուրքերի կողմից։ Այս պատմությունը նման է հանգուցյալներ Մինաս Ավետիսյանի եւ Ստեփան Զատիկյանի առեղծվածային սպանություններին։ Հատկապես իմ եւ իմ տղաների նկատմամբ ցանկանում են կիրառել նման քայլեր եւ ես համոզված եմ, որ թերթի միջոցով կկանխվեն նման վայրագությունները մեր նկատմամբ»։ Համաձայնեք, որ այս ամենը լսելուց հետո, ինչպիսի հետաքրքրասիրությամբ կարող էինք մոտենալ քաղաքացուն առնչվող պատմությանը… 1949թ. Ամիրյանների գերդաստանը (3 ընտանիքներից) համայնավարների կողմից բռնությամբ տեղահանվում է «Ամրենց լանջեր» («Ամիրյանների լանջեր») կոչվող տարածքից։ Այնտեղ մինչեւ օրս պահպանվում են նրանց հոր՝ Թորոս ամու եւ երեք տղաների կողմից կառուցած բնակելիների փլատակները, ընտանեկան գերեզմանները, ինչպես Վ. Աբրահամյանն է հավաստում՝ «հուշարձան քարերով եւ գրառումներով»։ Տեղահանման արդյունքում Ամիրյանները որեւէ կարգի փոխհատուցում չեն ստանում։ Սեփականաշնորհման ժամանակ (90-ից սկսած) գերդաստանի 50 անդամներ դիմում են Աշտարակի շրջխորհուրդ՝ իրենց տարածքը սեփականաշնորհելու խնդրանքով։ Տեղեկացնենք, որ տարածքն այդ ժամանակ անմշակ էր եւ ինչ էլ որ արվել է, արվել է նախկինում Ամիրյանների միջոցով։ Տարածքին (9000 մետր) ըստ Վ. Աբրահամյանի, հավակնում էին շատերը, նորահայտ ինչ-որ կոոպերատիվի 50 տարվա վարձակալությամբ բաժին ընկավ տարածքի մի մասը։ Հետեւաբար, վեճը հասավ դատարան, դատավոր Գոհար Խաչատրյանի մոտ, որն էլ ըստ աշտարակցիների, նախկին մարզպետի՝ Հրաչիկ Գրիգորյանի հարազատ մորաքրոջ դուստրն էր։ Հայցվորն ակամայից (դատական չնախատեսված քաշքշուկի արդյունքում) դարձել էր բարեխիղճ պետտուրք մուծող։ Ընդամենը։ Եվ պետբյուջեն եւս մի խաբվածի գրպանից օգտվեց։ Դատական տարբեր ատյաններում բանի տեղ չդրին իրենց իսկ կողմից պահանջված փաստաթղթերը, Աշտարակի անշարժ գույքի ծառայության, քաղաքապետարանի «ծխամատյաններից» հանված տեղեկանքներն ու… անգամ քարտեզները։ Պատասխանող կողմն ըստ էության պիտի լիներ քաղաքապետարանի ներկայացուցիչը, սակայն Վ. Աբրահամյանի համար էլ զարմանալիորեն պատասխանող է հանդես գալիս աշտարակցի Աշոտ Արամյանը, որին էլ… «սեփականաշնորհվել» էր, ըստ քաղաքացու, վիճարկվող տարածքը։ Սակայն ի՞նչ կապ ուներ այս ամենը «Ամրենց լանջերի» հետ։ Էջմիածնի դատարանում երկու անգամ լսվել է սույն գործը (դատավորներ Տ. Պետրոսյան, Հ. Սարգսյան)։ Լսեցին եւ չցանկացան սեփականատեր տեսնել Ամիրյաններին։ Թեեւ հակափաստարկներ էլ չգտնվեցին։ «ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից եւ գլխավոր դատախազությունից այնպիսի պատասխաններ եմ ստանում, որոնք միմիայն զայրույթ են առաջացնում»,- ասում է Վ. Աբրահամյանը։ Եվ ի՞նչ։ Քաղաքացին սպառնում է եվրոպական դատարան գնալ։ Աշտարակցու եւ իր գերդաստանի իրավունքները փրկելու համար։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել