Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲՈՒՀԵՐԻ ԱԽՈՐԺԱԿԸ ԲԱՑՎԵԼ Է

Հունիս 14,2002 00:00

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲՈՒՀԵՐԻ ԱԽՈՐԺԱԿԸ ԲԱՑՎԵԼ Է Հավատարմագրված ոչ պետական բուհերի տերերը դարձյալ ոգեւորված իրենց «հաղթանակներով», այսօր արդեն փորձ են անում նորանոր պահանջներ ներկայացնել կառավարությանը, եւս մեկ անգամ հանրությանը ապացուցելու, որ իրենց բուհերը լիովին արժանի են ներկայացվող արտոնություններին։ Նախեւառաջ խոսքը վերաբերում է ասպիրանտուրա, մագիստրատուրա ունենալուն եւ սովորողների զինվորական ծառայության տարկետման իրավունքին։ Այս պահվածքի առիթը դեռ մինչեւ այժմ բարձրագույն կրթության մասնագիտությունների պետական չափորոշիչների բացակայությունն ու համապատասխան իրավական դաշտի անհստակությունն է։ Դեռ աշխարհում չի եղել մի դեպք, որ բուհը հավատարմագրվի առանց պետական չափորոշիչների, հայերիս համար ոչ միայն առանց չափորոշիչների, այլեւ՝ կեղծիքներով ու չարաշահումներով։ Եվ եթե իսկապես փորձ է արվում հանրապետությունում դադարեցնել կրթության հեղինակության անկումը, ապա պետք է հետեւել «Կրթության մասին» օրենքի հոդված 43-ի պահանջներին, որի 5-րդ կետում նաեւ նշված է, որ «Անընդմեջ երկու տարվա ընթացքում սովորողների 50%-ի կրկնակի բացասական ատեստավորման դեպքում տվյալ մասնագիտությունը զրկվում է պետական հավատարմագրից»։ Այդ բուհերի ուսման որակի ու առաջադիմության իրական պատկերը այդպես էլ մինչեւ այժմ մնում է որպես սեւ արկղ։ Դեռ ոչ մի մասնագիտական լուրջ հանձնաժողով ու հիմնավորված քննական հարցաշարեր մուտք չեն գործել այդ բուհերը։ Նախորդ բոլոր ստուգումներն ու այսպես կոչված պետական քննական հանձնաժողովների աշխատանքները տարվել են զուտ տնավարի ու միմյանց «չնեղացնելու» սկզբունքով։ Զարմանալին այն է, որ այս բուհերի տերերը հանուն իրենց բաղձալի եկամուտների, որպեսզի չկորցնեն թեկուզեւ մեկ դիմորդ, անտեսում են կամ էլ չեն կարեւորում դիմորդների անհրաժեշտ գիտելիքների առկայությունը եւ ամբողջովին անտեսվում են ապագա ուսանողների ունակություններն ու կարողությունները։ Այդ բուհեր ընդունվում են նախեւառաջ պետական բուհեր դիմելու համար մեկ- երկու տարի պարապած դիմորդների մի մասը, որոնք այլեւս հույս չունեն, որ կարող են ընդունվել որեւէ պետական բուհ, թեկուզեւ վճարովի հիմունքներով, դիմորդների մյուս հոսքը հիմնականում համալրում են նրանք, ովքեր դպրոցում ոչինչ չեն սովորել կամ չեն կարողացել սովորել եւ ամբողջովին անգրագետ են, բայց ունեն գումար եւ երազում են դառնալ իրավաբան, տնտեսագետ, օտար լեզուների փայլուն մասնագետ եւ այլն։ Տվյալ բուհում ուսման բարձր որակի ակնկալիքներ ունենալու համար անհրաժեշտ պայմանը խոր գիտելիքներով օժտված ապագա ուսանողների ընտրությունն է։ Եվ պատահական չէ, որ աշխարհի առաջադեմ բուհերի մշտական ուշադրության կենտրոնում է ուսանողների ընտրության նորանոր ձեւերի ու եղանակների որոնումը։ Օրինակ, Ճապոնիայում ուսանողների ընտրությունը կատարվում է երեք փուլով, առաջինը դպրոցական փուլն է, երկրորդը՝ քաղաքային փուլը եւ երրորդը՝ տարածքային։ Ամերիկայում բազմաթիվ բուհեր սահմանում են իրենց ընդունելության նվազագույն միավորների գումարը, որը եւ հատուկ մշակված թեստերի միջոցով պետք է հավաքի ապագա ուսանողը։ Բոլոր դեպքերում, նրանց կրթության մասնագետները համոզված են, որ դիմորդների ճիշտ ընտրությամբ է մեծապես պայմանավորված ապագա մասնագետների որակը։ Իսկ մեզ մոտ մասնավոր բուհերի տերերը գտնում են, որ բուհի մուտքը կարեւոր չէ եւ բավարարվում են միայն զուտ ձեւական մրցութային քննություններով կամ էլ պարզապես հարցազրույցներով (իհարկե, այլ ելք չունեն), բայց, փոխարենը՝ ուսման առաջադիմությունը դարձնում են մինչեւ 90-99 տոկոս, իսկ ըստ լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության նախորդ տարվա տվյալների, այդ բուհերի 1324 շրջանավարտների միջին առաջադիմությունը կազմել է 77 տոկոս։ Սա պարզապես կեղծիք է ու խաբեություն։ Գտնում եմ, որ ԿԳ նախարարությունը եւ լիցենզավորման ու հավատարմագրման գործակալությունը այժմ չպետք է թույլ տան, որ այս բուհերի կեղծ գովազդներն ու ուսման առաջադիմության սարքովի տոկոսները մոլորության մեջ գցեն ինչպես հասարակությանը, այնպես էլ՝ կրթության խնդիրներով զբաղվող բազմաթիվ մասնագետների, առավել եւս, որ պահանջում են պետական բուհերին համարժեք արտոնություններ։ Այս բուհերի արտոնությունների մասին կարելի է խոսել միայն ու միայն այն դեպքում, երբ նրանց դիմորդները կընդունվեն բուհ այնպես, ինչպես ընդունվում են պետական բուհեր, այսինքն՝ ընդունելության քննությունների կենտրոնացված համակարգով։ Կարծում եմ, որ այս բուհերում պետք է խիստ ուժեղացնել պետական հսկողությունը ուսման որակի նկատմամբ եւ թույլ չտալ, որ համալսարանի անվան տակ թաքնվեն բազմաթիվ անգրագետ սովորողներ։ ՌՈՄԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԿԳՆ ԿԲԿ-ի առաջատար մասնագետ Ինչ վերաբերում է հավատարմագրված մասնավոր բուհերի ուսանողների գիտելիքների ստուգմանը, ապա այս օրերին այդ բուհերի ավարտական քննություններն անցկացվում են ԿԳՆ-ի ներկայացուցիչների վերահսկողությամբ եւ արդյունքներն առանձնապես ոգեւորիչ չեն։ Հրապարակելով այս արձագանքը՝ ակնկալում ենք, որ այդ բուհերին մասնագիտական անդրադարձները լինեն ավելի կոնկրետ փաստերի ու իրողությունների վրա հիմնված։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել