Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պլան՝ ի հաշիվ ընտանիքի փողոցում հայտնվելու

Հունիս 14,2002 00:00

Պլան՝ ի հաշիվ ընտանիքի փողոցում հայտնվելու «Փողոցում հայտնվելու վտանգն ահաբեկում է ինձ»,- արցունքները կոկորդում խեղդելով՝ կմկմաց խմբագրություն այցելած Ալավերդի քաղաքի բնակչուհի Ջուլիետա Ներսիսյանը։ Ի դեպ, տիկնոջն ահաբեկում էր ոչ թե իր, այլ իր 6 անչափահաս երեխաների փողոցում հայտնվելու վտանգը։ Մեծը՝ տղան, ծառայում է հայկական բանակում։ Բանն այն է, որ էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները ուշացնելու պատճառով, Ներսիսյանների ընտանիքը համալրում է այն հայկական ընտանիքների շարքը, որոնք այդ նույն պատճառով զրկված են «լույս ունենալու» հաճույքից։ Խնդիրը ստանում է մերօրյա լուծում՝ ընտանիքն օգտվում է ձախ լարանցումից, ինչի արդյունքում այսօր կանգնած է փողոցում հայտնվելու խնդրի առջեւ։ Ապօրինի լարանցման համար քաղաքային էլցանցում ակտ է կազմվում եւ Ներսիսյանները ծանուցվում են 135600 դրամ տուգանքի մասին, որը պետք է մարեն 5-օրյա ժամկետում։ Ժամկետը լրանալուց հետո, որի ընթացքում Ներսիսյանները պարտքը չեն կարողանում մարել, գործը հանձնվում է Լոռու մարզի ժողդատարան՝ հարցը դատական կարգով լուծելու համար։ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) Լոռու մարզի ծառայության աշխատակիցները բնակարանում «պիտանի իր» չգտնելով՝ բռնագրավում են բնակարանը։ Առաջին աճուրդը չի կայանում՝ գնորդի բացակայության պատճառով, 2-րդը կայանալու է օրերս։ Ի դեպ, յուրաքանչյուր կրկնաճուրդի ժամանակ բնակարանի գինն իջնում է 10%-ով։ Ներկայիս գինը՝ 1 մլն 162 հազար դրամ է։ Բնակարանը վաճառվելուց հետո էլցանցը կվերցնի իր հասանելիք 135.600 դրամը՝ «դեբիտորական ճեղքվածքի» չափը փոքրացնելով, իսկ որ վեց անչափահաս երեխաները փողոցում կհայտնվեն՝ ոչ մեկի հոգը չէ։ Որոշումներն, այո, օրինական են։ Տիկին Ջուլիետան իրենց մեղքը չի թաքցնում. «Բայց ինձ էլ ճիշտ հասկացեք, վեց դպրոցական երեխաները մթության մեջ ինչքա՞ն կարող են ապրել»։ Ի վերջո, լավ օրից չէ, որ մարդը «գողություն» է արել։ Եվ որքանով է օրինական կամ արդարացի, որ մասնագիտությամբ բուժքույր Ջ. Ներսիսյանը 16 ամիս չի ստացել իր հասանելիք, իր վաստակած ամսական 3600 դրամ աշխատավարձը։ Տիկինն անգամ «հատուկ գրությամբ» դիմել է առողջապահության նախարարություն՝ ներկայացնելով իրավիճակը՝ խնդրելով վճարել իր աշխատած գումարը՝ հոգսը թեթեւացնելու համար, բայց… Բայց մեր պետությունը ծանր վիճակում է, բյուջեում փող չկա։ Հարգարժան պետական այրերը թող ջիպերով ու մերսեդեսներով ման գան, թանկարժեք կոստյումներ հագնեն… Իսկ ժողովրդի խնդիրն է՝ անձնուրաց նվիրումով աշխատել, երկիր կառուցել, հայրենիք պահել, որպեսզի մի օր փողոցում հայտնվեն, քանզի բյուջեն ճեղքվածք ունի եւ չի վճարում բուժքրոջ աշխատավարձը։ Ի դեպ, ԴԱՀԿ-ում տիկին Ներսիսյանին պարզաբանել են, որ եթե էլցանցի տնօրենը գրավոր տեղեկանք ներկայացնի, որ ընտանիքը վճարունակ չէ եւ ինքն էլ բողոք չունի, ակտը չեղյալ կհայտարարվի, մինչդեռ հարգարժան տնօրենի խնդիրն է «դեբիտորական ճեղքվածքը» փակել։ Իսկ թե ընտանիքն ինչ ճակատագրի կարժանանա, ոչ միայն էլցանցի տնօրենին, այլ նաեւ «հարգարժան պետական այրերին» էլ չի հետաքրքրում, որոնց դիմել է Ջ. Ներսիսյանը։ Տիկնոջ միակ սփոփանքը՝ խնդիրը հրապարակայնացնելն էր. «Հետո էլ տարբեր ամբիոններից ճառեր են ասում, մայրերին «խրախուսում». ծնված երեխաներին ինչպե՞ս եք սատարում, որ ուզում եք նորերը ծնվեն։ Այսօր առավել, քան երբեւէ, ես մեր իշխանությունների օգնության կարիքն ունեմ, բայց…»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել