Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՏԻՐԱՊԵՏԵԼ

Հունիս 14,2002 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՏԻՐԱՊԵՏԵԼ Այնպիսի տպավորություն է, թե բանկային համակարգի առնչությամբ իշխանության վերին օղակներում սպասողական կամ ինչ-որ գաղտնի նախաձեռնության նախապատրաստական վիճակ է։ Համենայնդեպս, դեռեւս կարճ ժամանակ առաջ, իրավասուներից կամ ղեկավարներից որեւէ մեկը չէր հրաժարվում բանկային ոլորտի զարգացումների մասին տեսակետ արտահայտելուց կամ մեկնաբանություն անելուց։ Անգամ հանրապետության նախագահը, որ երբեք չի խուսափել այս կամ այն քննադատվող ոլորտի վերաբերյալ արդարացնող հանգամանքներ նշելուց կամ քննադատությանը համաձայնելուց, բանկերի մասին լռում է։ Երեկ նույն կերպ վարվեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը։ «Առավոտը» տեղեկատվություն էր հրապարակել, որ գլխավոր դատախազությունը դիմել է ֆիննախի վերահսկողական վարչությանը՝ երկու բանկում ստուգումներ անցկացնելու մասին, սակայն ԿԲ-ի անհամաձայնությունից հետո խնդրել էր չեղյալ համարել գրությունը։ Ինչպես հայտնի է, այդ ստուգումները մինչեւ այժմ տեղի չեն ունեցել։ Ո՞վ է իրավասու դրանք անցկացնել կամ ե՞րբ են անցկացվելու։ «Առավոտի» այս հարցին ի պատասխան, փոխնախարարն ասաց. «Ես կարծում եմ, որ սա բավականաչափ կարեւոր հարց է կոմպետենտ պատասխանի համար, որը ես չեմ կարող տալ, քանի որ այդ հարցը, իրավասությունների բերումով, իմ աշխատանքային պարտականություններին չի վերաբերում»։ Այնինչ, փոխնախարարը միշտ աչքի է ընկել օրենսդրության գերազանց իմացությամբ եւ ոլորտին տիրապետելով։ Տիգրան Խաչատրյանը երեկ բրիֆինգի էր ներկայացել կառավարության նիստում հավանության արժանացած «Դրամարկղային գործառնությունների մասին» օրինագիծը ներկայացնելու համար։ Այս օրենքով կառավարությունը նպատակ ունի տիրապետել ձեռնարկությունների կանխիկ գործարքների շարժին։ Դրամական գործառնությունների կարգավորման հարցն այժմ թե՛ ԿԲ, թե՛ ընդհանրապես որեւէ այլ օղակի իրավասության դաշտից դուրս է եւ կարգավորված չէ։ Կարգավորման այս փորձով կառավարությունը նպատակ ունի ձեռնարկությունների կանխիկ գործառնությունները եւ իրավահարաբերությունները լեգալ դաշտ տեղափոխել։ Այժմ, կարելի է ասել, նույնիսկ հաշվարկված չէ կանխիկ, ոչ բանկերի միջոցով շրջանառվող գործարքների դրամական արժեքը. «Կա երկու հարց, որ պետք է տարանջատել՝ որքանով են տնտեսվարողները իրականացնում չհայտարարագրվող գործունեություն ու ինչքանով է այդ գործունեությունը սպասարկվում կանխիկ։ Բնականաբար, չհայտարարագրվող մասով սպասարկումը կատարվում է միայն կանխիկ եւ բանկային համակարգի հետ ոչ մի առնչություն ունենալ չի կարող։ Կանխիկ դրամաշրջանառություն կա նաեւ լեգալ դաշտում։ Այսինքն՝ հարկային նպատակներով հայտարարագրվող դաշտում»,- մեկնաբանում է փոխնախարարը։ Չնայած օրինագծով նախատեսված պատժատեսակներին, այնուամենայնիվ, ըստ Տ. Խաչատրյանի, «դժվար է ակնկալել, որ այս օրենքի ընդունմամբ միանգամից ոչ լեգալ կամ ստվերային գուրծունեությունը կհայտնվի հայտարարագրվող դաշտում»։ Այնուամենայնիվ, նա հավաստիացնում է, որ այսպիսի դրամաշրջանառությունը լեգալ դաշտ տեղափոխելը չի եղել օրինագծի ստեղծման գլխավոր նպատակը, «այլ, պարզապես, որպեսզի չխախտվի տնտեսվարողի բնականոն գործունեությունը»։ Իսկ պատժատեսակները, նայած թե որերորդ անգամն է կատարվում խախտումը, տուգանք են՝ նվազագույն աշխատավարձի 20- 500-ապատիկի չափով։ Օրինագծով նաեւ սահմանափակում է նախատեսված. ապրանքանյութային պաշարների ձեռքբերման մեկանգամյա գործարքների համար առավելագույն չափը 500.000 դրամն է՝ սկսած 2003 թվականից, տարեցտարի չափը կրճատվում է։ Այսինքն, նշված գումարի չափով ընդամենը մեկ անգամ կարելի է կանխիկ գործարք կատարել։ Տ. Խաչատրյանի մեկնաբանությամբ, հաշվեհամար չունեցող տնտեսվարողներին տրվում է 1 օր՝ գումարը դեպի բանկային հաշիվ ուղղելու համար, նույնքան ժամանակ՝ հակառակ ուղղությամբ գործառնություն կատարելու համար։ Երեկ կառավարությունը հավանություն է տվել նաեւ գույքահարկի մասին օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին։ Ըստ դրա, շքեղ բնակելի տների եւ թանկարժեք մեքենաների համար կկիրառվեն պրոգրեսիվ կարգով աճող լրացուցիչ գործակիցներ։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել