Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԸ ՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՎ ԿԿՎԻ ՁԵՆ ԱԾԵԼԸ

Հունիս 14,2002 00:00

ՀԱՐՑԸ ՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՎ ԿԿՎԻ ՁԵՆ ԱԾԵԼԸ «Էլ դուք ո՞ւմ եք պետք»,- հարցնում է Մյասնիկ Մալխասյանը ՀԿԿ խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանի բնորոշմամբ, խորհրդարանական անցած դժվարին եռօրյայում հաղթողներ եւ պարտվողներ չեղան, պարտվողն ընդհանրապես խորհրդարանն էր. «Իսկ այդ պարտությունը պայմանավորված է նրանով, որ խորհրդարանական այսօրվա մեծամասնությունն իր դերն ու նշանակությունը չի հասկանում, մասնավորապես՝ ճիշտ չի կառուցում իր փոխհարաբերությունները փոքրամասնության հետ»։ Գրեթե բոլոր խորհրդարանական ուժերը (բացառությամբ նույն մեծամասնության) երկրի օրենսդիր մարմնում կատարվածի մեջ մեղադրեցին մեծամասնությանը։ Մեծամասնությունն իր հերթին փորձում է ձեւ անել, թե ինքն ինչ-որ բանի հասել է։ Թեպետ ի՞նչ իմանաս, գուցե իսկապես հասել է, եւ իր ուզածը եւս նախագահի պաշտոնանկության հարցը մինչեւ սեպտեմբեր օդի մեջ կախված թողնելն էր, ու այն, ինչ կատարվեց խորհրդարանում, պարզապես ներկայացում էր նաեւ նույն մեծամասնության սցենարով։ Ինչեւէ, խումբ-խմբակցությունների գարնանային նստաշրջանի վերջին ճեպազրույցի ժամանակ խորհրդարանականները փորձեցին որոշ գնահատականներ տալ եւ որոշ մեկնաբանություններ անել։ Մինչ այդ արձանագրենք, որ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն կարծես սկսում են փոխադարձ անհանդուրժողականության նշաններ ցույց տալ։ Սա զարմանալի չի կարող լինել, քանզի իշխանությանը զբաղեցնող եւ իշխանությանը մասամբ զբաղեցնող որեւէ երկու կուսակցություն վաղ թե ուշ իրար դեմ են դուրս գալու։ Այս անգամ առիթն այն է, որ ՀՅԴ խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով ԱԺ ղեկավարությանը եւ հանրապետության նախագահին կոչ է արվում «իրենց լիազորությունների շրջանակում քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակի (խոսքը ԱԺ վերջին եռօրյայում կատարվածի մասին է- Մ. Ե.) պատճառները վերացնելու, երկրի հեղինակությունը անօրինական գործողություններից պաշտպանելու ուղղությամբ»։ «Միասնություն» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանն անմիջապես հայտարարեց, որ Դաշնակցության դիմումն ու կոչը հանրապետականների համար ընդունելի չէ. «Դրա անհրաժեշտությունը չկա։ Տրամաբանորեն այն մարդիկ, որոնք օրինազանցությամբ էին զբաղվել, դեռեւս չեն ընդունել, որ օրինազանցությամբ են զբաղվում։ Ավելի ճիշտ կլինի հանդուրժողականությունը եւ այդ ճանապարհով համաձայնեցված խնդիրների լուծումը»։ Ինչեւէ, վերադառնալով ՀՅԴ խմբակցության հայտարարությանը, նշենք, որ նրանում հնչել են մինչ այդ էլ հայտնի գնահատականներն այն մասին, թե նախագահի պաշտոնանկության հարցը չի բխում կանոնակարգից եւ որ «ստեղծված իրավիճակը խորհրդարանական ճգնաժամի տարրեր է պարունակում, ինչը քաղաքական ուժերին հարկադրում է պատճառների լուրջ վերլուծություն անել եւ իրավական լուծումներ գտնել»։ Նախագահ Քոչարյանը կոնյակի գործարանում հայտարարել էր, թե խորհրդարանական իրադարձություններին միջամտություն կլինի նաեւ այն դեպքում, եթե ներսի ուժերը դիմեն այդ միջամտության խնդրանքով։ Թերեւս ՀՅԴ-ն ուշադիր է լսել նախագահի խոսքը եւ արձագանքը չի ուշացել։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն ասաց, որ «միջամտությունը» ենթադրվում է միայն լիազորությունների շրջանակում. «Իհարկե, եթե անօրինաբար, հակաօրինական քայլերով պիտի փորձ արվի տապալել երկրի օրենսդիր մարմնի աշխատանքը, միշտ լուծումներ կգտնվեն»։ «Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը ճեպազրույցի ժամանակ կրկնեց, որ իր գլխավորած խումբը նախագահի պաշտոնանկության առաջարկի նախաձեռնողներից չէ։ Սակայն պրն Մալխասյանը միանշանակ վստահ է, որ կանոնակարգը տալիս է նման հնարավորություն. «Եվ կանոնակարգը գրողները թող չփորձեն իրենց մեղքը բարդել ուրիշի վրա։ Դա, ես չգիտեմ, մտածվա՞ծ ձեւով էր գրվել, թե անմտածված, բայց կանոնակարգը գրվել է, եւ կանոնակարգն այդ հնարավորությունը տալիս է։ ԱԺ նիստերի ժամանակ ԱԺ նախագահը թույլ է տվել կանոնակարգ-օրենքի կոպիտ խախտում, բազմաթիվ խախտումներ է թույլ տվել։ Եվ ԱԺ նիստ վարողները պիտի անպայման դրա համար պատասխան տան։ Եվ նրանք փորձում են տարբեր ատյաններում իրենց մեղքը բարդել տարբեր մարդկանց վրա, փորձում են արդարանալ, թե չէին կարողանում ամբիոնից հեռացնել, որովհետեւ «Հայաստան» խմբի անդամներն այնտեղ նստած էին։ Սիրելիներս, այսպես հա՞րց են կարգավորում։ «Հայաստան» խմբի անդամները միշտ էլ պահանջում են, որ երկրում օրինականություն տիրի, եւ գործեն օրենքները։ Ես իրենց ասացի, որ եթե նման արդարացումներ էիք անում, նախագահը ձեզ չհարցրե՞ց՝ բա էդ ձեր մեծամասնությունն ինչի՞ համար է։ Եթե 5-6 հոգին կարող են եղանակ փոխել, էլ դուք ո՞ւմ եք պետք»։ Մյասնիկ Մալխասյանը, ըստ էության, այսպիսով հերթական քարը գլորեց ՀՀԿ-ի, կամ ուղիղ բառով ասած՝ մեծամասնության դաշտ։ Պրն Մալխասյանը հայտարարեց, թե ինքը չի զգացել, որ դահլիճում կար մեծամասնություն, որը շահագրգռված էր երկրի վարկանիշով. «Իսկ չզգացի, որովհետեւ իրենք միայն կեղծ խոսում էին, բոլորը տակից փսփսում էին, բոլորը շահագրգռված էին, որ հարցը մտներ, միայն չէին ուզում, որ իրենց ձեռքով լիներ»։ Գալուստ Սահակյանն այս դիտարկումն ավելի ուշ որակեց՝ որպես Մյասնիկ Մալխասյանի սուբյեկտիվ կարծիք։ Իսկ իր գործընկերների պահանջը՝ օրենքը չխախտելու վերաբերյալ, Գալուստ Սահակյանը չվարանեց անվանել «սովորական օրինազանցություն»։ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը գտնում է, որ այնպես չի, թե 2-3 մարդ որոշել են սկսել նախագահի պաշտոնանկության գործընթացը. «Սա բավականին հստակ ծրագրավորված, քաղաքական որոշակի ուժերի կողմից իրականացվող գործունեություն է, որն ունենալու է իր շարունակությունը»։ Պրն Բաղդասարյանը եւս մեղադրանք հնչեցրեց խորհրդարանական մեծամասնության հասցեին, ասելով, որ խորհրդարանում ստեղծված իրավիճակում մեծամասնությունը չկարողացավ հանգուցալուծում գտնել, իսկ փոքրամասնությունն իր ուզածն էր պնդում. «Մենք ականատես եղանք խորհրդարանական ճգնաժամային իրավիճակի, բայց ոչ՝ խորը խորհրդարանական ճգնաժամի»։ Նախագահի պաշտոնանկության հարցի քննարկումների մասին հարցին պատասխանելով, պրն Բաղդասարյանն ասաց, թե այդ քննարկումները չէին կարող տեղի ունենալ, քանի որ «ԱԺ կանոնակարգը նման հնարավորություն չի տալիս»։ «Առավոտը» պարզապես ստիպված էր հիշեցնել, որ նախորդ ճեպազրույցի ժամանակ «ՕԵ» խմբակցության անդամ Սերգո Երիցյանը հայտարարել էր հակառակը, որ իրենք կողմ են քննարկումներին, նույնիսկ այս դիրքորոշումը պատճառաբանվել էր մութ կետեր չթողնելու, «27»-ի առնչությամբ հիմնական հարցերի պատասխանները ստանալու անհրաժեշտությամբ։ Պատասխանելով մեր դիտարկմանը, պրն Բաղդասարյանն ասաց, որ խմբակցությունը կողմ է այն քննարկմանը, որը տեղի է ունենում օրենքի շրջանակում, որ իբր հենց դա էլ ասել է Սերգո Երիցյանը. «Խնդիրը հետեւյալն է՝ այո, «ՕԵ»-ն կողմ է ցանկացած քննարկման, որովհետեւ մեր կարծիքով, կոծկելով որեւէ խնդիր, չենք կարող լուծել։ Բայց կոնկրետ դեպքում հարցի քննարկումը պետք է տեղի ունենա իրավական ընթացակարգի առկայության դեպքում»։ Պրն Բաղդասարյանը գտնում է, որ Հայաստանում քաղաքական կայունությունը կարող է փուլ գալ ամեն քայլափոխի, եւ դրա մեղավորը քաղաքական մեծամասնության, քաղաքական պատասխանատվության բացակայությունն է. «Նման ռազմավարական բնույթի փաստաթղթեր, ինչպիսին ԱԺ կանոնակարգն է կամ քաղաքական կուսակցությունների մասին օրենքը, կամ՝ «Ընտրական օրենսգիրքը» եւ այլ քաղաքական խնդիրներ, դրանց պատասխանատուն առաջին հերթին երկրի քաղաքական մեծամասնությունն է, որը պարտավոր էր այս գործընթացների նկատմամբ լինել ուշիմ եւ հետեւողական»։ «Ժողպատգամավոր» խմբի անդամ Հովհ. Հովհաննիսյանը նկատեց, որ «27»-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը լսելուց հետո որեւէ պատգամավոր կամ քաղաքական ուժ «որեւէ դիտողություն չի արել եզրակացության վերջին պարբերության մասին, եւ չի ասվել, թե ԱԺ-ն չի ընդունում այդ հաշվետվությունը։ Արդյունքում ստացանք անցած եռօրյայի իրավիճակը։ Սա կարելի է համարել տակտիկական քայլ, երբ ընդդիմությունն օգտվեց իշխանության կամ խորհրդարանական մեծամասնության անուշադրությունից կամ, ավելի շուտ՝ ինքնավստահությունից»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել