Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՊԱՏԻՎ»-Ը ԴԱՐՁԱՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հունիս 14,2002 00:00

«ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՊԱՏԻՎ»-Ը ԴԱՐՁԱՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Դեռ 2000-ի աշնանը հասարակական հինգ կազմակերպություններ՝ «Սպայի պատիվ», «Փառապանծ մարտիկներ», «ՄՀՕՋ-ի վետերաններ» «Լույս» գունդ» նաեւ՝ «Պահեստի սպաներ» վետերանների միություն, միավորվել էին մեկ՝ «Հայրենիք եւ պատիվ», անվան ներքո ու Հայաստանի ներքաղաքական կյանքին ակտիվ մասնակցություն ունեին: Այդ կազմակերպությունների միավորումը հունիսի 7-ին իր ընդհանուր ժողովում որոշում է կայացրել հասարակական-քաղաքական կուսակցություն դառնալու մասին եւ շուտով գրանցման համար կդիմի արդարադատության նախարարությանը: Իսկ ընդհանուր ժողովում արդեն ընտրվել է նոր եւ ընդդիմադիր կուսակցության գործունեության ծրագիր, ղեկավար մարմիններ՝ 37 հոգուց բաղկացած վարչություն ու 11 հոգիանոց քաղաքական խորհուրդ: Որ «Հայրենիք եւ պատիվ» կազմակերպությունը մի օր դառնալու էր քաղաքական՝ ենթադրելի էր վերջին շրջանում նրա վարած ակտիվ քաղաքականությունից: Հիշեցնենք, որ այդ միավորումն իր նպաստն էր բերել նախ՝ Ազգային համաձայնության ճակատի, ապա նաեւ՝ «Սոցիալիստական Հայաստան» միավորման ձեւավորմանը: Դա «Հայրենիք եւ պատիվ» միավորման նախկին նախագահ, իսկ հիմա՝ արդեն կուսակցության քաղխորհրդի անդամ Գառնիկ Մարգարյանը հատուկ շեշտեց՝ ընդգծելու այն հանգամանքը, որ իրենց ստեղծած նոր կազմակերպությունը սկզբունքորեն քաղաքական դաշտի ոչ թե ջլատման, այլ միավորման կողմնակից է: Խոսելով կուսակցության նպատակների մասին՝ պրն Մարգարյանն ընդգծեց. «Լինելով ազգայնականներ, մենք նաեւ սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության կրողներ ենք: Նպատակ ունենք երկիրը դուրս հանել ստեղծված ճահճային վիճակից, հաստատել օրենքի գերակայություն, սոցիալական արդարություն՝ միաժամանակ դեմ չլինելով տնտեսության բազմակացութաձեւությանը: Միաժամանակ շեշտը դնում ենք Հայաստանի կրթական եւ գիտական ոլորտների զարգացման վրա»: Նա գիտակրթական ոլորտի զարգացմամբ պայմանավորեց Հայաստանի առաջընթացի հնարավորությունը: «Հայրենիք եւ պատիվ»-ը, որի կորիզը կազմող 3700 հոգին նախկին սպաներ եւ ուժային կառույցների ծառայողներ են, կողմնակից է, որ տնտեսական առանձին ոլորտներ՝ վառելիքի, ցորենի, սպիրտի ներկրում, ռազմավարական օբյեկտների կառավարում, ռազմական արդյունաբերություն, պետության վերահսկողության եւ կարգավորման ներքո լինեն: Արդյո՞ք այդ նոր ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունն էլ ավելի չի «ապակայունացնելու» մեր երկիրը, ինչով այդքան «մտահոգ» է երկրի նախագահը: «Ի՞նչ է նշանակում՝ կայունություն, երբ տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27» եւ այն դեռեւս չի բացահայտվել, երբ կա «Պապլավոկում» տեղի ունեցած սպանություն»,- վրդովվեց Գ.Մարգարյանը՝ հանուն արդարության նշելով, թե անցած 10 տարիների ընթացքում սպանությունների եւ անպատժելիության մթնոլորտն այդպես էլ չփոխվեց: «Քանի դեռ Հայաստանում նախագահը կամ վարչապետն օրենքից դուրս են՝ հատուկ կարգավիճակում, երկրում օրինականություն հաստատվել չի կարող, իսկ առկա բոլոր խնդիրները կարող են լուծվել միայն համակարգային փոփոխությունների դեպքում, ինչին մենք ձգտում ենք»,- հայտարարեց նա: Վերադառնալով ներքաղաքական դաշտում կուսակցության տեղին ու դերին, պրն Մարգարյանն ասաց, թե կուսակցությունը կայուն տեղ ունի ինչպես «Սոցիալիստական Հայաստան» միավորման՝ այնպես էլ 13 կուսակցությունների համագործակցության շրջանակներում. «Մենք հակված ենք, որ Հայաստանում տեղի ունենան արտահերթ նախագահական ընտրություններ եւ ոչ միայն դրա կողմնակիցն ենք, այլեւ մեր բոլոր կառույցներն ու ուժերն ուղղելու ենք այդ նպատակին»: Այն դիտարկմանը, թե արտահերթ որեւէ ընտրություն երկրում լրացուցիչ անկայունություն է ստեղծելու, Գ.Մարգարյանը չհամաձայնեց. «Դա պարզունակ դատողություն է: Երկիրն արդեն անկայուն վիճակում է: Երբ օրը ցերեկով նախագահի թիկնապահները հասարակական վայրում հայ մարդու ողնաշարի վրայով անցնում ու անպատիժ են մնում, դրան գնահատական չի տրվում՝ դա ինքնին արդեն ապակայուն վիճակի ապացույց է, ինչի մեղավորն իշխանություններն են»: Բայց նախագահական հերթական ընտրություններին քիչ ժամանակ է մնում: Ինչո՞ւ չսպասել դրան, եւ արդյո՞ք կուսակցությունն էլ գտնում է, որ եթե Քոչարյանը հերթական ընտրություններին հասնի, դարձյալ պետական մեքենան իր օգտին կաշխատեցնի: «Ոչ: Մենք կողմնակից ենք օր առաջ ազատվել գործող նախագահից: Եթե ինչ-ինչ պատճառներով բանը հասնի հերթական ընտրությունների, ապա՝ մենք պատրաստ ենք նաեւ այդ տարբերակի դեպքում ստեղծել այնպիսի մի համակարգ, որը կբացառի որեւէ կեղծիք: Գիտենք կեղծիքների պատրաստվող տեխնոլոգիաները եւ դրանք կանխելու համար բավարար ուժեր ու հնարավորություններ ունենք: Իշխանությունները թող մոռանան, թե այս անգամ կհաջողվի գործի դնել ուժայիններին եւ տեղական իշխանությունները: Դա չի լինելու»: Վերադառնալով 13 կուսակցությունների համագործակցությանն ու նախագահական ընտրություններում «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության մասնակցությանը՝ պրն Մարգարյանն ասաց, որ իրենք նախագահի թեկնածուի առաջադրման հարցում սկզբունքային մոտեցում ունեն եւ կողմնակից են միասնական թեկնածուի առաջադրմանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել