Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՒԺ ՔԵԶ ԱՍԵՄ՝ ԿՈՒԼԱ ԴՈՒ ԼՍԻՐ»

Հունիս 13,2002 00:00

«ԿՈՒԺ ՔԵԶ ԱՍԵՄ՝ ԿՈՒԼԱ ԴՈՒ ԼՍԻՐ» «Սահմանադրական իրավունքի միության» Լոռու մարզային կազմակերպության 20-րդ ժողովը (որը ԱԺ հերթական եռօրյայում ներկայացվեց որպես բնակչության հետ հանդիպում) մինչ այդ կայացածներից առանձնահատուկ էր նրանով, որ երկրի իշխող վարչախմբի, դատաիրավական համակարգի, ինչպես նաեւ իշխանական կառույցների հետ սերտաճած կլանային համակարգի դեմ հնչող քննադատությունն ասվում էր նույն իշխանության մաս կազմող Վանաձորի (Լոռու մարզի) իշխանությունների ներկայությամբ՝ նրանց անմիջական հովանու ներքո, քաղաքապետարանի դահլիճում։ Հարկ է նկատել, որ տեղական իշխանություններն իրենց գործելակերպով ավելի հաճախ ոչ միայն չեն տարբերվում իշխանական վերին կառույցներին բնորոշ գործելակերպից (ինչն այնքան մեծ ակտիվությամբ քննադատում են ՍԻՄ-ականները), այլեւ՝ տեղ-տեղ էլ առավել մեծ ստվեր են գցում իրենց գործելակերպով՝ վերին իշխանությունների վրա։ Հույս ունենք, ՍԻՄ-ականների ելույթներում քննադատությունն ասվում էր նաեւ «Կուժ քեզ ասեմ՝ կուլա դու լսիր» սկզբունքով։ Ի դեպ, ՍԻՄ-ականների ժողովն այս տարի ընթանում էր ավելի փառահեղ պայմաններում։ Նշենք, որ նախորդ տարի այն ընթանում էր տնակային պայմաններում գործող թիվ 2 երաժշտական դպրոցի դահլիճում։ Կարծում ենք, դահլիճը շատ ավելի մարդաշատ կլիներ, եթե ժողովը (որի կայացման առթիվ գրավոր ծանուցումներ էին արվել թռուցիկների տեսքով՝ իբրեւ քաղաքացիներին ուղղված հրավեր) կայանար տեղական իշխանություններից առավել հեռու վայրում։ Հենց այդ պատճառով շատ քաղաքացիներ խուսափեցին ներկա գտնվել ժողովին եւ զրկվեցին ԱԺ պատգամավորներին հարցեր ներկայացնելու հնարավորությունից։ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել