Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՁՐԵՎԸ՝ ԹՇՆԱՄԻ

Հունիս 13,2002 00:00

ԱՆՁՐԵՎԸ՝ ԹՇՆԱՄԻ Եթե նախորդ երկու տարիներին Սիսիանի տարածաշրջանի հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները տուժեցին տեղումների սակավության պատճառով, ապա այս տարի օրերով շարունակվող առատ տեղումներն են անբարենպաստ պայմաններ ստեղծել գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար։ Սիսիանի տարածաշրջանում նախատեսված 4500 հա հացահատիկային մշակաբույսերից ցանք է իրականացվել միայն 1500 հա տարածության վրա։ Օրերս էլ տարածաշրջանի Սիսիան, Իշխանասար, Վաղատին, Աղիտու եւ Նորավան համայնքներում մոտ մեկ ժամ ընկույզի մեծությամբ տեղացած կարկուտը գետնին հավասարեցրեց հարյուրավոր հեկտար հատիկային մշակաբույսերի ցանքսեր։ Կարկտահարությունից տուժել են նշված համայնքների այգիներն ու բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքսերը։ Վնասվել են նաեւ դեռեւս նոր տնկված սածիլները։ Զգալի վնաս են կրել նաեւ մեղվաընտանիքները։ Նորավան գյուղի բնակիչ, մասնագիտությամբ գյուղատնտես Աշոտ Համբարձումյանի խոսքերով, հատիկային մշակաբույսերը գտնվում էին ցողունակալման փուլում, տեղացած կարկուտից կոտրվել են բույսերի ցողունները։ Ըստ մասնագետի, հացահատիկային մշակաբույսերից բերք ակնկալելը անիմաստ է։ Աշոտ Համբարձումյանի հավաստմամբ, կարկուտի հետեւանքով թափվել են ծառերի ծաղիկները եւ եթե համապատասխան միջոցառումներ չիրականացվեն կարկուտի հասցրած վերքերը վերացնելու ուղղությամբ, ապա հաջորդ տարի եւս բերք չի լինի։ Նորավանի համայնքապետ Լավրենտի Առաքելյանի տեղեկատվությամբ, կարկտահարությունից տուժել է այգիների եւ ցանքատարածությունների շուրջ 80 տոկոսը։ Մարզպետարանի կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից վնասի վերջնական չափերը ճշտվում են։ Ըստ համայնքներից ստացված ակտերի, գյուղատնտեսությանը հասցված վնասի նախնական չափը 1 միլիարդ դրամ է։ ԱՐՏՈՒՇ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել